Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Փառանձեմ Մեյթիխանյան․ «Ես Բադալյանին շնորհակալ եմ․նրա հայտնվելով՝ ամուսինս մի քանի հարված պակաս է ստացել»



Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ավարտվեց Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործի քննության շրջանակներում տուժող ճանաչված Սանասար Բադալյանի հարցաքննությունը, որը սկսվել էր դեռևս նախորդ դատական նիստին։

Մինչ այդ Սանասար Բադալյանը հայտարարեց, որ նախորդ դատական նիստի ավարտից հետո տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը գնացել է դեպի իր ուղղությամբ, սակայն դահլիճում ներկա ոստիկանը նրան թույլ չի տվել մոտենալ իրեն։

Դատավարության կողմերը տևական ժամանակ փորձում էին հասկանալ, թե ի՞նչ նկատի ունի Բադալյանը, երբ ասում է, որ Մեյթիխանյանը եկել է իր ուղղությամբ, արդյոք վերջինս ագրեսի՞վ էր: Ի պատասխան` Սանասար Բադալյանը նշում էր, որ Մեյթիխանյանն արագ-արագ շարժվել է դեպի իր կողմը, իսկ թե ինչ նպատակով, ինքը ասել չի կարող, քանի որ ոստիկանը նրան թույլ չի տվել մոտենալ, ինքը Մեյթիխանյանի կողմից արված որևէ արտահայտություն չի լսել։

ՍանասարԲադալյանը հայտնեց նաև, որ Եղիշե  Խաչատրյանի սպանության դեպքից հետո ինքը մի քանի անգամ առնչվել է Փառանձեմ Մեյթիխանյանին։ Սկզբում, ըստ Սանասար Բադալյանի, Փառանձեմ Մեյթիխանյանն իրեն զանգել է՝ շնորհակալություն հայտնելու,  ապա հեռախոսազանգերից մեկի ժամանակ ասել. «Դու քո հալը դատարանում կտեսնես»։

«Զանգել, հաթաթա է տվել, ասել՝ դատարանում դու քո հալը կտեսնես»,- հայտարարեց Սանասար Բադալյանը։ Դատավարության կողմերը փորձեցին տուժողից ճշտել, թե ի՞նչ է նկատի ունեցել  Փառանձեմ Մեյթիխանյանը այդ խոսքերն ասելիս, ինքը դրանք ինչպե՞ս է ընկալել։

«Հաստատ ոչ որպես շնորհակալություն»,- ի պատասխան` նշեց Սանասար Բադալյանը։

«Ձեզ լավ զգացի՞ք այդ խոսքերից»,- տուժողին հարց ուղղեց ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Սանասար Բադալյանը հայտնեց, որ այդ խոսքերից իրեն լավ չի զգացել։

Ըստ Բադալյանի՝ Մեյթիխանյանը մեկ անգամ էլ գնացել է իրենց տուն, սակայն ինքը տանը չի եղել, մայրն է եղել։

Տուժողի խոսքից հետո Փառանձեմ Մեյթիխանյանը հանդես եկավ հայտարարությամբ և հաստատեց, որ Սանասար Բադալյանին զանհագարել է։

«Այո, ես զանգահարել եմ Սանասար Բադալյանին՝ շնորհակալություն հայտնելու համար։ Ես Բադալյանին շնորհակալ եմ․նրա այնտեղ հայտնվելով՝ ամուսինս մի քանի հարված պակաս է ստացել»,- ասաց Փառանձեմ Մեյթիխանյանը։

Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016թ. հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում է 5 անձ՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով (սպանություն մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):

Ըստ մեղադրանքի` սպանված Եղիշե Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծել, ապա դեպքի վայր են եկել Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և ինքնությունը չպարզված ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է: Ըստ գործի նյութերի՝  դեպքի ժամանակ Եղիշե Խաչատրյանի հետ մեքենայում է եղել նաև նրա մայրը՝ Էմմա Աբրահամյանը, և միջադեպը տեղի է ունեցել մոր աչքի առաջ:

Դատարանում հարցաքննված Սանասար Բադալյանը տաքսու վարորդ է։ Ըստ գործի նյութերի՝ Եղիշե Խաչատրյանի սպանության օրը մեքենայով անցնելիս է եղել դեպքի վայրով, մեքենայի ապակին իջեցրել ու միջադեպի մասնակիցներին նախատել է: Ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանն ու Արթուր Զաքարյանը ցավագին են ընդունել դա, հետապնդել են նրան, քաշքշել ու հայհոյանքներ հասցրել: Վերը նշված հանգամանքները նկատի ունենալով՝ քննություն իրականացնող մարմինը Բադալյանին տուժողի կարգավիճակ է տվել, մինչդեռ ինքը՝ Բադալյանն իրեն տուժող չի համարում։

Նախորդ դատական նիստի ընթացքում Բադալյանը ցուցմունք էր տվել, և մեղադրող դատախազը նրա նախաքննական և դատաքննական ցուցմունքներում մի շարք հակասություններ էր մատնանշել։

Մասնավորապես՝ Սանասար Բադալյանը դատարանին հայտնել էր, որ դեպքի օրն ինքը մեքենայով անցնելիս է եղել, երբ նկատել է միմյանց հետ վիճաբանող երեք տղամարդկանց, որոնց կողքին կանգնած են եղել մի տարեց կին ու մի աղջիկ: Դեպքի վայրում նկատել է մեկ մեքենա՝ «Ֆորդ», և կարծել է, թե վթար է եղել: Ըստ տուժողի՝ ինքը լսել է, որ տարեց կինը գոռում է, բայց թե ինչ է ասել, չգիտի:

Բադալյանի խոսքով` ինքը մեքենայի ապակին իջեցրել է, ասել` «թարգը տվե՛ք, արա, ամոթ ա», որից հետո վիճաբանության մասնակիցներից մեկը եկել է իր ուղղությամբ: Դրանից հետո ինքը մեքենան վարել ու գնացել է մոտակայքում գտնվող ավտոտեխսպասարկման կետ, որտեղ գտնվելիս է եղել իր տղան:

Ըստ Սանասար Բադալյանի՝ տղան ավտոտեխսպասարկման կետում է գտնվել, քանի որ գնացել է դրա տիրոջն օգնելու, ինքն էլ դեպքի օրը գնում էր տղային այնտեղից վերցնելու:

Երբ Բադալյանը տեսել է վիճաբանողներին, անմիջապես մտածել է, որ միջադեպը կարող է որդու հետ կապ ունենալ, ու թեև տեսել է, որ որդին վիճաբանողների մեջ չէ, այնուամենայնիվ, շտապել է ավտոտեխսպասարկան կետ՝ համոզվելու համար, որ որդու հետ ամեն ինչ կարգին է:

Երբ հասել է դեպքի վայր, նկատել է այն նույն տղային, ով դեպի իր մեքենան էր գալիս: Վերջինս, ըստ Սանասար Բադալյանի, ասել է` «էդ ո՞ւմ ասիր արա», շարժվել է իր ուղղությամբ, բայց մեկ այլ երիտասարդ՝ ծաղկավոր վերնաշապիկով, բռնել է այդ տղայի ձեռքը: Ըստ Բադալյանի՝ իր ետևից եկած տղան իրեն չի հարվածել:

Դեպի իրեն եկած երիտասարդը, վկայի հիշելով, եղել է ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանը, ինչ վերաբերում է ծաղկավոր վերնաշապիկով տղային, Սանասար Բադալյանի խոսքով՝ վերջինիս վիճաբանության ժամանակ չի նկատել:

Բադալյանը դեպքի վայրում ընկած տղամարդու չի տեսել: Նա նշեց նաև, թե չգիտի՝ դեպքից հետո միջադեպի մասնակիցներն ի՞նչ ուղղությամբ են գնացել: Դատարանին հայտնեց, որ դեպքի վայրում տեսել է միայն «Ֆորդ» մեքենան:

Մինչդեռ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներից մեկում Սանասար Բադալյանը հստակ նշել է, թե ինչ մեքենայով և որ ուղղությամբ են հեռացել միջադեպի մասնակիցները: Մասնավորապես, տղաները մուգ գույնի մեքենայով են գնացել` մեծ արագությամբ: Բադալյանը հայտնել է նաև, որ տղաները եղել են ոչ սթափ վիճակում, հնարավոր է՝  իրեն հարվածած լինեն:

Նախաքննական առաջին ցուցմունքում Բադալյանը հայտնել է, որ դեպքի վայրում տեսել է 3-4 տղայի, իսկ մեկ այլ ցուցմունքում գրել, որ դեպքի վայրում եղել է 4-5 տղա: Դատարանում էլ, փաստորեն, հայտնեց, որ տեսել է երեք տղամարդու: Մեղադրողին այդպես էլ չհաջողվեց հարցերի միջոցով պարզել, թե տուժողն ինչո՞ւ է դեպքի վայրում եղած անձանց թվի վերաբերյալ տարբեր տեղեկություններ տվել:

Թեև տուժողը դատարանում հայտնեց, որ տարեց կնոջ խոսքերից ոչինչ չի հասկացել, նախաքննական ցուցմունքում հստակ նշել է, որ տարեց կինը, ձեռքերը մեկնած, բղավել է. «Այլանդակներ, անասուններ»:

Ինչ վերաբերում է իրեն հետապնդելուն, Սանասար Բադալյանը հայտնել է, որ իրեն հետապնդողը եղել է ծաղկավոր հագուստով: Նկատենք, որ դատարանում վկան հայտնեց, թե ծաղկավոր հագուստով անձը բռնել է իրեն հետապնդող տղայի ձեռքը, իսկ նախաքննության ընթացքում, փաստորեն, հայտնում է, որ ծաղկավոր հագուստով տղան է իրեն հետապնդել:

«Այդ տղաները ագրեսիվ էին տրամադրված, հարբած էին և տարօրինակ վարքագիծ ունեին»,- ասել է Բադալյանը, ինչպես նաև նշել, որ ամենաագրեսիվը ծաղկավոր հագուստովն է եղել:

Այս հակասությունների վերաբերյալ Բադալյանը հստակ և հասկանալի պարզաբանումներ չտվեց։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Կ.Ս.21:53 - 12 մարտի, 2018
Գործը ընենց ա գնում որ կարծես այդ դժբախտ կնոջն են ուզում մեղավոր հանեն: Կամ էդ տաքսիստից ինչի են կպել, միթե դժվար է հասկանալ որ նրա վրա ազդել են, վախեցրել են, կաշառել են ...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ