HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ Թբիլիսի, այլ ոչ թե Երևան

Զբոսաշրջության պետական կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն` զբոսաշրջային այցելությունների թիվը ՀՀ-ում կազմել է 1․494․779, ինչը նշնականում է, որ նախորդ տարվա համեմատ այս թիվն աճել է 18․7%-ով: Աճն ակնհայտ է նույնիսկ անզեն աչքով: Կարելի է ասել՝ Կառավարության՝ զբոսաշրջության զարգացմանն ուղղված քաղաքականությունն աշխատում է:

Մինչդեռ հարևան Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվն անցնում է 3 միլիոնը: Այս թվում ներառված են նրանք, ովքեր Վրաստանում են մնացել մեկ օրից ավել: Պատկերացնու՞մ եք, 2017 թվականին Վրաստանի՝ միայն զբոսաշրջության ոլորտից ստացված եկամուտը կազմել է  2 մլրդ 700 մլն դոլար: Կարող ենք այս թվից հանել Թուրքիայից և Ադրբեջանից այցելած զբոսաշրջիկներին, որպեսզվի համեմատականը ավելի օբյեկտիվ ստացվի: Միևնույնն է՝ տարբերությունն ակնհայտ է:

Սակայն, տնտեսական ցուցանիշների մասին չէ, որ ցանկանում եմ խոսել: Երկրի մասին առաջին պատկերացումը զբոսաշրջիկները ստանում են մայրաքաղաքներից: Չէ՞ որ մեծամասնությունը ժամանում է մայրաքաղաքներին մոտ գտնվող գլխավոր օդանավակայանների միջոցով և ուղևորության մեծ մասն անցկացնում 2 երկրների մայրաքաղաքներում ՝ ենթակառուցվածքների և կյանքի որակի համեմատած բարձր որակի պատճառով:

Իմ կարծիքով, հենց մայրաքաղաքների գործոնն է, որ մեծ դեր է խաղում Հայաստանի և Վրաստանի զբոսաշրջիկների թվի այդքան մեծ տարբերության միջև: Չնայած ավիատոմսերի, հյուրանոցների գնային տարբերությանը, այնուամենայնիվ, տնտեսական ցուցանիշները չեն վճռորոշ դեր խաղում այս գործում:

Եկե՛ք համեմատենք Երևանից և Թբիլիսիից դուրս գտնվող պատմամշակութային վայրերը: Իմ կարծիքով, ոչ մի բանով չենք զիջում հարևան երկրին: Լինելով առաջին քրիստոնյա երկիրը՝ ունենք նույնիսկ 2000 տարվա վաղեմության հեթանոսական տաճար, ինչն իսկական նվեր է մշակութային վայրերով հետաքրքրված զբոսաշրջիկների համար:

Հիմա եկեք համեմատենք Թբիլիսին և Երևանը:

Թբիլիսին աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է, որի պատմությունը սկիզբ է առնում 5-րդ դարից: Զբոսաշրջիկներին հատկապես գրավում է «հին քաղաքը»՝ իր հին, նեղլիկ փողոցներով, գեղեցիկ ճարտարապետությամբ: Սակայն, առանձին շենքերը չէ, որ գրավում են զբոսաշրջիկներին, այլ քաղաքի կոլորիտը և աուրան: Այդ աուրան 1899թ. ստիպեց Թումանյանին հենց Թբիլիսիում հիմնել հայտնի Վերնատունը, այլ ոչ թե Երևանում: 1899թ. Երևանն արդեն վաղուց ցարական Ռուսաստանի կազմում էր: 1837 և 1856թթ. Երևանի կառուցապատման հատակագծերով քաղաքն արդեն լուրջ զարգացում էր ապրում և այլևս այն արևելյան ոճի գյուղաքաղաքը չէր, երբ Պարսկաստանի կազմում էր: Հենց այս ժամանակ են կառուցվում Աբովյան փողոցի՝ ներկայիս սահմանափակ թվով պահպանված Հին Երևանի շենքերը: Եվ Երևանի համատարած կառուցապատման նպատակ կար: Սակայն մեր մեծերը որոշեցին ստեղծագործական գործունեություն ծավալել Թիֆլիսում: Պատճառը, իմ կարծիքով, նույնն է. քաղաքի այնքան գրավիչ աուրան, որը ստեղծագործելու ներշնչանք էր պոետների համար: 19-րդ դարում Թբիլիսին վերածվել էր մի քաղաքի, որտեղ ռուսական հարուստ մշակույթը փոխհարաբերվում էր կովկասյանի հետ: Այստեղ տարբեր ժամանակաշրջաններում այցելել են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Պուշկինը, Մաքսիմ Գորկին, Լեվ Տոլստոյը, իսկ Գրիբոյեդովն իր վրացի կնոջ հետ նույնիսկ թաղված է Վրաստանում:

Եկեք նաև չմոռանանք վրացական ճիշտ աշխատաոճի մասին: Տեղական իշխանությունները անում են ամեն բան քաղաքը ճիշտ բրենդավորելու համար: Ամենուր կարելի է տեսնել իրենց ներկայացմամբ վրացական հնաոճ գորգեր և կարպետներ, ավանդական վրացական գինու լավագույն նմուշներ: Քարտեզի վրա առանձնացվել է հին քաղաքը՝ տալով նրան սիմվոլիկ վարչատարածքային միավորի կարգավիճակ: Սակայն, քչերը գիտեն, որ Թբիլիսիի Հին քաղաքը, որը հիմա ներկայացվում է զբոսաշրջիկներին՝ իր Նարիկալա ամրոցով, միայն 12-րդ դարում է կառուցվել, իսկ հին Թբիլիսին 5-րդ դարից սկսած ծավալվել է Քուրի հանդիպակաց ափին: Եվ միայն տուրիզմի ոլորտի մարքեթինգային քաղաքականությունն է պատճառը, որ այս տարածքը ներկայացվում է որպես քաղաքի ամենահին հատված: Չէ՞ որ զբոսաշրջիկներին հենց այս հին քաղաքի  գաղափարն ու կոլորիտն է գրավում:

Իսկ ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում Երևանում: Դժվար է պատասխանել այս հարցին: Մի պահ հիշեցի հայտնի ուկրաինական “Орел и Решка” հաղորդումը, երբ ներկայացնում էր Երևանը որպես խորհրդային մի քաղաք, որը փորձում է ժամանակակից արվեստի նմուշների ներդրման միջոցով վերափոխվել եվրոպականի:

Սակայն, զբոսաշրջիկներին այս ամենը չէ, որ գրավում է, այլ տուրիստական քաղաքի մթնոլորտը, իսկ դա հենց հին միջնադարյան քաղաքի իմիտացիան է, ինչը բացակայում է Երևանում: Մեր քաղաքում պահպանվել են 19-րդ և 20-րդ դարասկզբին կառուցված բազմաթիվ գեղեցիկ շինություններ, որոնք կովկասյան, ռուսական, արևտյան և նոր դասական ճարտարապետության համադրություններ են, սակայն ցիր ու ցան և քիչ լինելու պատճառով կարծես խեղդված լինեն քաղաքում տիրող «հյուսիսային պողոտային» մթնոլորտում:

Սակայն չպետք է մոռանալ Թամանյանի գծագրած գեղեցիկ Երևանի մասին: Նա փորձել է համադրել հայկական ավանդական ճարտարապետությունը ժամանակակիցի հետ և ստանալ նոր Երևան, որը կլիներ ժամանակակից մի քաղաք: Հատկապես կարելի է առանձնացնել Կառավարության  և Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքերը, որոնք իսկապես համարվում են ճարտարապետական գլուխգործոցներ: Մեկ խոսքով՝ Թամանյանի Երևանը գեղեցիկ է՝ իր լայն և հարմարավետ փողոցներով, սակայն ոչ այնքան գրավիչ զբոսաշրջիկների համար: Եթե հնարավոր լիներ թամանյանական Երևանի կողքին՝ վեր խոյացող բազմաթիվ բարձրահարկերի փոխարեն ունենալ «Հին Քաղաք», ապա դա իդեալական լուծում կլիներ տուրիզմի տեսանկյունից:

Փորձել ենք նաև ուսումնասիրել տուրօպերատորների կողմից ներկայացվող քաղաքային տուրերն ու համեմատել դրանք վրացականի հետ: Բովանդակային առումով դրանք այնքան էլ տարբեր չեն: Երկու քաղաքներում էլ ներկայացվում են քաղաքի տեսարժան վայրերը՝ հիմնականում քայլաշավների միջոցով, երկրի կարևոր թանգարանները, ազգային խոհանոցը ներկայացնող վայրեր և այլն: Այսինքն՝ այստեղ բացթողումները շատ չեն:

Սակայն միայն բացասական բաներից չէ, որ ցանկանում ենք խոսել: Երևանը չունի հնադարյան քաղաքի կոլորիտ, սակայն իր ջերմության շնորհիվ կարող է դառնալ զբոսաշրջային կենտրոն: Միշտ համեմատել եմ Երևանը Բեռլինի հետ: Չունենալով գեղեցիկ ճարտարապետություն, տուրիստական կոլորիտ` Բեռլինն այլ կերպ է ներկայանում զբոսաշրջիկներին՝  իր հետաքրքիր, գունեղ ապրելակերպի շնորհիվ:

Իսկ ահա միջնադարյան քաղաքի ներկայացման տեսանկյունից կարելի է աշխատել Գորիսի և Գյումրիի ուղղությամբ: Գտնվելով երկրի տարբեր մասերում՝ այս քաղաքներն ունեն լուրջ պոտենցիալ ճիշտ բրենդավորվելու դեպքում դառնալու տուրիստական կենտրոններ:

Վարդան Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter