HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ՍԱՊԾ-ն սխալ նորմատիվ փաստաթղթերով է փորձաքննել կաթի մանրէաբանական ցուցանիշները

Կաթի փորձաքննության վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումից հետո Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարություն տարածեց, որում տեղ էին գտել այնպիսի փաստեր, որոնք չէին համապատասխանում իրականությանը, և «Հետք»-ն անդրադարձել էր այդ հրապարակմանը։

Պատասխանի մեջ, մասնավորապես, նշել էինք, որ «... նմուշների մանրէաբանական ցուցանիշները, չգիտես ինչու, ստուգվել են «ՄՄ ՏԿ 021/2011 («Սննդամթերքի անվտանգության մասին») նորմատիվ փաստաթղթերի պահանջով, որը չի տարածվում կաթի և կաթնամթերքի վրա, ինչպես նաև` դրանք ստուգվել են ՄՈՒԿ 422578-10-ով, որը բացակայում է ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգում: Այն չկա նույնիսկ ՍԱՊԾ նշած ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգում:

Դրանից հետո՝ մարտի 9-ին, հայտարարությամբ էր հանդես եկել ՍԱՊԾ կաթի փորձաքննությունն իրականացրած «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը, որը մեր պատասխանը ներկայացրել էր իբրև ապատեղեկատվություն, որ «լրագրողը հրապարակել էր թյուր տեղեկություններ», որ ««Հետք» լրատվականը փորձում է ստվեր գցել Հայաստանում` իր մասնագետներով և տեխնիկական հնարավորություններով եզակի լաբորատորիայի վրա», որ «հարգարժան այս լրատվամիջոցն ակամայից դարձել է մանիպուլյացաների զոհ»՝ խորհուրդ տալով վերանայել իր աշխատաոճը՝ կապված սննդի անվտանգության ոլորտի հետ առհասարակ, քանի որ «ստացված թերի, իսկ երբեմն նաև կեղծ տեղեկությունները ոչ միայն կասկածի տակ են դնում լրատվամիջոցի կողմից կատարվող աշխատանքի անաչառությունը, այլև վտանգում են սննդի անվտանգության ամբողջ համակարգի գործունեության արդյունավետությունը»:

Իբրև ապացույց՝ հաղորդագրությանը կցված է Եվրասիական տնտեսական միության փորձարկման լաբորատորիաների ռեեստրներում «ՀԱԲԼԾԿ» գրանցված լինելը: 

Բնականաբար, այն պետք է լիներ այս ռեեստրում, ինչպես Հայաստանում գործող մի շարք այլ լաբորատորիաներ: Իսկ ե՞րբ էր «Հետք»-ը կասկածի տակ դրել այս հանգամանքը: Այլ հարց է, որ այս նկարի բուն իմաստը, գուցե, չտեղեկացված մարդկանց մոտ հավաստիության տպավորություն ստեղծելն է: 

«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մեզ հետ զրույցում հաստատեցին, որ կայքում եղած տվյալները թարմացված են և վստահելի:

Մենք ցույց տվեցինք արձանագրությունը և իրենց կայքից արված սքրինշոթը՝ խնդրելով մեկնաբանել՝ ինչպես է «ՀԱԲԼԾԿ»-ն մանրէաբանության համապատասխանության գնահատականն իրականացրել ՄՈՒԿ 4․2․2578-10-ով, որով հավատարմագրում չունի: Աշխատակիցները նախ նորից նայեցին կայքում, ապա հայտնեցին, որ հավատարմագրումը կա, պարզապես կայքի խնդիր է, դեռ չեն թարմացրել: Շուտով կթարմացնեն:

 

«ՀԱԲԼԾԿ»-ն իր պատասխանում գրել է. «Հարկ է նշել, որ այս կամ այն տեսակի սննդամթերքի փորձարկման և համապատասխանության գնահատման դեպքում, իհարկե, գերակա է տվյալ սննդամթերքի համար սահմանված տեխնիկական կանոնակարգը (կաթի և կաթնամթերքի դեպքում՝ ՄՄ ՏԿ 033/2013, մսի և մսամթերքի դեպքում՝ ՄՄ ՏԿ 034/2013 և այլն): Սակայն փորձարկման մեթոդը կամ ստանդարտը ընտրվում է ինչպես տվյալ արտադրատեսակի համար սահմանված տեխնիկական կանոնակարգի, այնպես էլ ՄՄ ՏԿ 021/2011-ի ստանդարտների ցանկից:

Այս հարցն իրենից ներկայացնում է ցանկացած փորձարկման լաբորատորիայի կամ համապատասխանության գնահատման մարմնի պրոֆեսիոնալ աշխատելաոճի մի մասը»:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության բաժնի պետ Գայանե Մարգարյանին խնդրեցինք պարզաբանել՝ արդյոք «ՀԱԲԼԾԿ» լաբորատորիան իրավունք ուներ կաթը փորձաքննել ՄՄ ՏԿ 021/2011 նորմատիվ փաստաթղթերով:

Գայանե Մարգարյանը մեզ հայտնեց, որ եթե կան պարենային արտադրանքի առանձնացված կանոնակարգեր, ապա, միանշանակ, դրանցով պետք է ստուգել:

Գ.Մ. - Եթե սննդատեսակն ունի իր նկատմամբ սահմանված տեխնիկական կանոնակարգ, ապա դա է գործում:

«Հետք» - Կաթի դեպքում ո՞ր տեխնիկական կանոնակարգով պետք է փորձաքննությունն իրականացվեր:

Գ.Մ. - Եթե արտադրանքի համար կա առանձնացված տեխնիկական կանոնակարգեր, կաթի համար դա ՄՄ ՏԿ 033/2013 է, ապա միայն ՄՄ ՏԿ 033/2013-ն է : Այն բավարարում է, եթե համապատասխան հղումներ չկան։

«Հետք» - Ամեն դեպքում, ՄՄ ՏԿ 021/2011-ով կարո՞ղ էին համապատասխանություն ստուգել, եթե կար ՄՄ ՏԿ 033/2013-ը:

Գ.Մ.- Արտադրանքի հավաստող սննդատեսակը՝ կաթը, նախ ներառված է 033-ի ցանկում, լրացուցիչ այլ նորմ չպետք է կիրառել:

«Հետք» - Եթե լաբորատորիան արձանագրության մեշ նշել է, որ ստուգում է ՄՄ ՏԿ 033/2013-ով, բայց մանրէաբանական ցուցանիշները ստուգել է ՄՈՒԿ 4.2.2578-10, որը չկա այդ նորմատիվ փաստաթղթում, միևնույն ժամանակ՝ եզրակացության մեջ նշված է, որ համապատասխանում է ՄՄ ՏԿ 033/2013-ին և ՄՄ ՏԿ 021/2011-ին, արդյոք այս արձանագրությունը կարելի է համարել թերի և սխալ:

Գ.Մ. - Այս դեպքում արձանագրությունը լրացնելու կարգն արդեն խախտումով է եղել, որովհետև վկայակոչվել է սխալ իրավական նորմ:

«Հետք» - Իսկ տվյալ պարագայում լաբորատորիան որևէ պատասխանատվության ենթարկվու՞մ է:

Գ.Մ. - Դուք դիմում եք գրում, տվյալ փաստաթուղթը փոխանցում եք «Հավատարմագրման ազգային մարմնին»: Այն իրականացնում է արտահերթ գնահատում: Արդյունքում իրենք եզրակացություն են ընդունում, որի հիման վրա կարող են տվյալ լաբորատորիայի աշխատանքները կասեցվել կամ դադարեցվել:

Հ.Գ. ՍԱՊԾ լաբորատոր փորձաքննության արձանագրությունները չենք տեղադրում, քանի որ դրանք ստացել ենք չհրապարակելու պայմանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter