HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաջարանում 60-65 տարեկան ծառեր են հատվել և արմատից հանվել. քաղաքապետարանը պարզաբանում է

Օրեր առաջ «Հետքի» էլեկտրոնային հասցեին նամակ էինք ստացել: Անանուն նամակագիրը հայտնում էր, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցում ծառեր են հատվում: Նա նաև ուղարկել էր «Քաջարանի հիմնը» տեսանյութը, որտեղ 1:15 րոպեից երևում են այն ծառերը, որոնք հիմա այլևս չկան, ըստ նրա:

Քաջարանի քաղաքապետարանի բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ Գարեգին Գաբրիելյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց լուրը:

Քաղաքապետարանի աշխատակցի փոխանցմամբ՝ մոտ երկու շաբաթ է, ինչ ծառահատումներ են սկսել: Հատվել են երկու բարդիներ, որոնք գտնվում էին քաղաքի հանգստյան գոտու հարևանությամբ ու, ըստ Գաբրիելյանի, լուրջ վտանգ էին ներկայացնում բնակչության համար: Հատվել են նաև բնակելի շենքերի մոտ գտնվող ծառեր, որոնց ճյուղերը քամիների ժամանակ հարվածում էին ապակիներին: Դրանք հատելու որոշումը, Գ. Գաբրիելյանի ասելով, կայացրել են բնակիչներից ստացած երկար բողոքներից հետո:

Իսկ Լեռնագործների փողոցի ճանապարհի երկայնքով ծառերը ոչ թե հատվել են, այլ արմատներից հանել են: Դրանք, ըստ Գարեգին Գաբրիելյանի, 60-65 տարվա ծառեր են, որոնց սաղարթը չորանում էր, և արդյունավետ չէին փոշու, գազերի կլանման համար: Այդ ծառերի փոխարեն տնկվելու են նորերը:

Քաղաքապետարանի աշխատակիցն ասում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 15.000 տնկի է նվիրելու քաղաքին: Դրանք պիտի տեղադրվեն Քաջարանում և դրա շրջակայքում:

«Այն ծառերը, որոնք հանվել են, հին են, ծառն էլ ապրելու ժամանակ ունի, իրենց ինչքան էլ էտում ես, փորձում ես երիտասարդացնել, չեն տալիս այն սաղարթը, որ պետք է իրենց նշանակությամբ լինեն: Ծառն էլ հենց այնպես չեն տնկում, չէ՞, ինչ-որ դեր պետք է կատարի՝ փոշի կլանելու, հովացման դեր և այլն: Այն ծառերը, որոնք այնտեղ կային, արդեն չէին կատարում իրենց դերը կամ կատարում էին անարդյունավետ, և հիմա դրանք պիտի փոխարինվեն նոր ծառերով: Հանվել են հին ծառերը, տեղը տնկվելու են նոր ծառեր»,- պարզաբանում է Գարեգին Գաբրիելյանը:

Նա նշում է, որ խումբ է ստեղծվել, որը երկար ժամանակ հետևելու է տնկիների աճին մինչև դրանց ծառ դառնալը:

Արմատներից հանված ծառերը հիմնականում ակացիաներ են: Բաժնի պետն ասում է, որ սա ներմուծված ծառատեսակ է, ու Հայաստանում հիմա դժվար թե գտնվեն նման տնկիներ: Ակացիաները փոխարինվելու են մեծ սաղարթ ունեցող տեղական ծառատեսակներով, որոնք փոշու, գազերի կլանումն ավելի լավ կկատարեն: Ծառատունկը, ըստ Գ. Գաբրիելյանի, հավանաբար, ապրիլի կեսերից կկազմակերպվի:

Իսկ հատված և արմատախիլ արված ծառերի փայտը տրամադրվելու է քաղաքի արվեստի դպրոցին և 4 գրադարաններին, որոնք մինչ օրս փայտի վառարաններ են օգտագործում, ինչպես նաև կարիքավոր ընտանքիներին, եթե դիմեն:

Լուսանկարը՝ Քաջարանի քաղաքապետարանի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter