HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում վիրավորված ազատամարտիկը բնակարանամուտ է նշել

Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում վիրավորված ազատամարտիկ Արարատ Ավանեսյանն այսօր բնակարանամուտ է նշել Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղում: Առանձնատունը գնվել և վերանորոգվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և Ազատուհի Զարուկյանի կողմից վերջերս հիմնադրված` Նյու Յորքի Սուրբ Լուսավորիչ Մայր եկեղեցու հովանու ներքո գործող Զարուկյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ: Այս մասին տեղեկացնում է Թուֆենկյան հիմնադրամը։

Առանձնատան բացմանը մասնակցել են Ասկերանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Պատարայի գյուղապետ Կարեն Արզումանյանը և Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:

Արարատ Ավանեսյանը ազատագրական շարժմանը միացած առաջին կամավորներից է: 22 տարեկան հասակում նա ծանր վնասվածք է ստացել մարտի դաշտում և այդ օրվանից բախվել մի շարք առողջական խնդիրների: 47 տարեկան Արարատն այժմ Պատարա գյուղում է բնակվում կնոջ և դպրոցական տարիքի 3 դստրերի հետ: Մինչև վերջերս, ընտանիքը չուներ սեփական կացարան և ստիպված էր ժամանակավոր բնակություն հաստատել բարեկամների տանը:

Սա Թուֆենկյան հիմնադրամի «Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած 9-րդ բնակարանամուտն է: Ծանր պայմաններում հայտնված զինվորների ընտանիքներին աջակցելու նպատակ ունեցող այս ծրագիրը մեկնարկել է 2016թ. ապրիլին` ի պատասխան Քառօրյա պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակին: Մինչ օրս, ծրագրի շրջանակներում 9 տներ են կառուցվել, վերանորոգվել կամ ձեռք բերվել Արցախի վիրավոր զինվորների համար:

«Արարատը մեկն է այն խիզախներից, ում արիության և զոհաբերության շնորհիվ մեր հայրենիքն այսօր ազատ է: Այս զինվորներին օգնելը մեզ համար կարևորագույն պարտավորություն է, որի միջոցով մեր հավերժական երախտագիտությունն ենք հայտնում Արցախի հերոս որդիներին»,- ընտանիքին շնորհավորելով՝ ասել է Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:

Չնայած ի սկզբանե ծրագիրը միտված էր աջակցելու Ապրիլյան պատերազմի մասնակից զինվորներին, հետագայում այն ընդլայնվեց, ընդգրկելով շտապ բնակարանային աջակցության կարիք ունեցող Արցախցի զինվորներին, անկախ նրանից, թե երբ են նրանք վիրավորվել: Արարատ Ավանեսյանը 90-ականների Արցախյան ազատամարտի մասնակից երրորդ զինվորն է, ով առանձնատուն է ստացել այս ծրագրի շրջանակներում:

Իրականացման երկու տարիների ընթացքում ընդլայնվել է նաև ծրագրի աշխարհագրությունը, ձգվելով Ստեփանակերտի և Հադրութի պես խոշոր քաղաքներից մինչև Արցախի հեռավոր սահմանամերձ գյուղերը:

Մինչ այժմ ծրագրում ներառված բոլոր 9 զինվորները գտնվում էին բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակում և բնակվում առողջության համար վնասակար կացարաններում: Ավելին` ծանր վնասվածքների հետևանքով նրանք ի վիճակի չէին վերանորոգումների միջոցով բարելավել իրենց պայմանները կամ աշխատել նոր տուն գնելու համար: Ինչպես այս զինվորներից շատերը, Արարատ Ավանեսյանի ընտանիքը նման դժվար կացության մեջ է ապրել երկար տարիներ, որոնց ընթացքում սեփական տուն ունենալը եղել է նրանց երազանքը:

Ընտանիքի նոր տունը ձեռք է բերվել նախորդ տարվա նոյեմբերին և հիմնարար վերանորոգման ենթարկվել` Արարատի ընտանիքի համար արժանապատիվ կեցություն ապահովելու համար: Ընդհանուր բարելավումներից և նորոգումներից բացի կառուցվել է նոր խոհանոց և սանհանգույց, ինչպես նաև հատուկ հարմարեցումներ են կատարվել առանձնատունը Արարատի տեղաշարժման կարիքներին (Արարատը քայլում է հենակների օգնությամբ) համապատասխանեցնելու համար:

Չնայած 2016 թվականի արտակարգ իրավիճակն անցյալում է, Արցախի զինվորների բնակարանային կարիքները դեռևս լուծված չեն: Հաշվի առնելով նմանատիպ օգնության կարիք ունեցող վիրավոր զինվորների թիվը, հիմնադրամի այս նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter