Կիրակի, 23 սեպտեմբերի

«Պոլիմետալ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը հայտարարություն է տարածել



«Պոլիմետալ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրենը հայտարարություն է տարածել, որն ամբողջությմաբ ներկայացնում ենք․

«Պոլիմետալ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն (այսուհետ՝ Ընկերություն) իր նկատառումներն է հայտնում օրենսդրության պահանջներին խստորեն համապատասխան իրականացվող տնտեսական նախաձեռնության դեմ սոցիալական ցանցերով և որոշ լրատվամիջոցներով ծավալված հակաքարոզչության և քաղաքացիական որոշ շրջանակներից հնչող ապակառուցողական կոչերի առնչությամբ:

Լինելով միջազգային ընդգրկմամբ խոշոր հանքարդյունաբերական խմբի մաս՝ Ընկերությունը բնականաբար պետք է ծրագրեր իրականացնի գործունեության տարածաշրջանում լեռնահանքային ոլորտի ներուժի և զարգացման հեռանկարների գնահատման ուղղությամբ: ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր) իրականացնելու իր մտադրության վերաբերյալ իրազեկումը Ընկերությունն իրականացրել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) և ՀՀ այլ իրավական ակտերի պահանջների լիարժեք պահպանմամբ:

Ծրագրի՝ Օրենքի շրջանակներում իրականացվող հանրային քննարկման գործընթացը տապալելու՝ որոշ շրջանակներից հնչող կոչերը ոչ միայն հակաիրավական են, այլ նաև ուղղակիորեն հակասում են հանրության շահերին: Հաշվի առնելով Լոռու և Տավուշի մարզերում արդեն տրամադրված մեկ տասնյակից ավելի ընդերքօգտագործման իրավունքների փաստը, որոնցից չորսը տրամադրվել են միայն 2017 թվականին, (այդ թվում Նոյեմբերյան համայնքի ընդգրկմամբ) և դրանց հիմնավորվածության վերաբերյալ քաղաքացիական ակտիվության նման ալիքի բացակայությունը՝ առավել քան անհիմն ու անբացատրելի է դառնում առաջադեմ միջազգային ներդրողի թափանցիկ նախաձեռնությունը տապալելուն ուղղված գործունեությունը:

Մեր համոզմամբ հենց հանրային լայն վերահսկողության պայմաններում ձևավորված ընդերքօգտագործման իրավունքն է արժևորվում ժամանակակից գործարար պայմաններում, ինչով էլ պայմանավորված է Ընկերության՝ հանրային լայն իրազեկմանն ուղղված նախաձեռնողականությունը: Մենք նաև այն համոզմանն ենք, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեությունն առաջնահերթ պետք է ուղղված լինի հենց իրավական պետության կայացմանը, օրենքի առջև հավասարության սկզբունքի ամրապնդմանը ու գործող օրենսդրության պահանջների անվերապահ կատարմանը: 

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն ավելի քան 5 ամիս դրված է Օրենքի փոփոխության նախագիծ, որը ենթադրում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացում առաջին հանրային քննարկման ինստիտուտի վերացում: Եվ հենց Ընկերությունն է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությանը և պետական լիազոր մարմիններին ներկայացված առաջարկներում պնդել, որ առաջին հանրային քննարկման ինստիտուտը պետք է պահպանվի, և հանրային վերահսկողության գործիքները պետք է ընդլայնվեն, ոչ թե սահմանափակվեն: Մենք նաև առաջարկել ենք և պնդում ենք, որ առնվազն հանրային իրազեկմանը վերաբերող դրույթներում Օրենքում Համայնք հասկացությունը փոխարինվի Բնակավայր հասկացությամբ: Դա արվել է քաղաքացիական հասարակության անունից Ծրագրի դեմ հանդես եկող անձանց՝ այդ ուղղությամբ դիտարկելի ակտիվության բացակայության պայմաններում:

Մենք պատրաստ ենք ականջալուր լինելու Ծրագրի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական ակտիվիստների և այլ շահագրգիռ կողմերի ցանկացած առաջարկության և շահագրգիռ ենք, որ Ծրագիրն իրականացվի համայնքների բնակչության և այլ շահագրգիռ կողմերի ակնկալիքներին առավելագույն չափով համահունչ ճանապարհով»: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (4)
1. ՀԲՃ13:15 - 14 մարտի, 2018
Գնացեք ձեր ռուսաստաններում ու փնտրեք ինչքան ուզում եք․․․
2. Անի13:57 - 14 մարտի, 2018
Ռադներդ քաշեք մեր երկրից
3. Սարգիս Ալեքսանյան20:19 - 14 մարտի, 2018
Ես, որպես այդ տարածաշրջանի բնակիչ և իմ հետ նաև բնակչության գերակշիռ մեծամասնությունը, խիստ բացասական վերաբերմունք ունենք ձեր գործունեությանը, ավելին, մենք կդիմենք ընդհուպ ծայրահեղ միջոցների կասեցնելու ձեր ավերիչ պլանները, խնդրում եմ' Ռադներդ քաշեք!
4. Կիրակոսյան Գեւորգ11:52 - 15 մարտի, 2018
Մեծ -մեծ քամիներ անելու փոխարեն նախ շուրջներդ նայեք, թե արդեն քանի տեղ են հանքագործներն ավերել, աղբի ու կեղտի վերածել միջավայրն ու կենսական տարածքը, եւ ի՜նչ է ստացել ժողովուրդը դրա դիմաց: ՀՀ - ում մի քառ.կմ - ի վրա 100 մարդ է ապրում, որը աշխարհի մասշտաբով գնահատվում է որպես խիտ բնակեցված: Հողի յուրաքանչյուր մետրը պիտի գնահատվի ու աչքի լույսի պես պահպանվի այս դեպքում, իսկ դուք անվերադարձ ոչնչացնում եք այն, «բաց եղանակով շահագործելով» ու ահավոր թույներ կիրառելով: Դուք ասում եք, ներդրումներ ենք բերում (կորզում) առաջավոր (այսինքն շահամոլ) երկրներից եւ արդարանում, թե «փող ենք բերում!» Այդ փողը թող ձեր գլխին կպնի, որովհետեւ այն իրականում քանդել-ավերելու վրա է աշխատում, եւ անդառնալի վնասներ պատճառում երկրին, ձեր հնարավոր օգուտների դիմաց: Ուշքի եկեք եւ դադարեցրեք այդ հանցագործությունը, որը թուրքի գենոցիդից սարսափելի է, քանի որ մարդկային ռեսուրսը վերականգնման ենթակա է իսկ ձեր ավերածը` ոչ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ