HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առևտուրը կենտրոնացված է Երևանում. մարզերը պասիվ վիճակում են

Երկու տարվա անկումային ցուցանիշներից հետո պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ Հայաստանում 2017 թվականին մանրածախ առևտրի շրջանառության ծավալներն աճել են։ Տեսակետ կա, որ ցուցանիշների աճը մասամբ պայմանավորված է ոլորտում ստվերի կրճատմամբ։ Միևնույն ժամանակ, առևտրի ոլորտում կենտրոնացվածությունը շարունակում է բարձր մնալ՝ այն կենտրոնացած է Երևանում և մեծ խանութների ձեռքերում։

2017 թվականի  ընթացքում Հայաստանում ընդհանուր առևտրի շրջանառությունը կազմել է  2.602 տրլն դրամ, մասնավորապես մանրածախ առևտուրը՝ մոտ 1.336 տրլն դրամ։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2016 թվականի համեմատ ընդհանուր առևտրաշրջանառությունը Հայաստանում աճել է  14%-ով։ Մանավորապես մանրածախ առևտրի ծավալներն ավելացել են 5.5%-ով։

Մեծածախ առևտուրն ավելի մեծ տեմպերով է ավելացել։ 2017-ին մեծածախ առևտրի ծավալները երկրում կազմել են շուրջ 1.153 տրլն դրամ, աճը՝ 25.8%: Նշենք, որ մեծածախ առևտուրն աճել էր նաև 2016-ին։

Որոշակի ծավալներ էլ ապահովում է ավտոմեքենաների առևտուրը, որը վիճծառայությունը ներկայացնում է առանձին տողով։ 2017թ.–ին այն կազմել է մոտ 114 մլրդ դրամ, որն աճել է 15%-ով։ Ի դեպ, այս ցուցանիշը ներառում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը:

Նշենք, որ առևտրի ծավալները ներկայացված են ընթացիկ գներով։

Այս տարվա հունվարի տվյալները ցույց են տալիս, որ առևտրաշրջանառության ծավալների աճը շարունակվել է։ Ընդհանուր առևտրի ծավալները կազմել են 157.4 մլրդ դրամ (աճը 2017-ի հունվարի համեմատ՝ 17.3%), որից 84 մլրդ դրամը մանրածախ առևտուրն է  (աճը՝ 7.8):

Տեսակետ կա, որ առևտրի շրջանառության ծավալների մեծացումը մասամբ պայմանավորված է ստվերային շրջանառության կրճատմամբ։  Այսինքն՝ որոշ տնտեսվարողներ ստվերից տեղափոխվել են սպիտակ դաշտ։ Տեսականորեն, առևտրաշրջանառության վրա կարող են դրական ազդեցություն ունենալ  բազմաթիվ գործոնների, օրինակ՝ արտերկրից Հայաստան փոխանցվող գումարների աճը, նույնիսկ բանկերից վերցվող վարկերի աճը և այլն։

Սակայն առևտրի պաշտոնական ցուցանիշներում  հակասական են մանրածախ և մեծածախ առևտրի աճի տեմպերը։ Առաջինի դեպքում այն ինչպես նշեցինք կազմել է 5.5%, երկրորդի դեպքում անհամեմատ ավելի մեծ՝ 25.8%։ Սա կարող է նշանակել, որ մանրածախ առևտրի ոլորտում ստվերն ավելի մեծ է։

Մյուս ուշագրավ կետը առևտրաշրջանառության ոլորտում  կենտրոնացվածությունն է։ Առևտուրը կենտրոնացված է մեծ խանութների ձեռքում և խիստ անհավասարաչափ է բաշխված ըստ Երևանի և մարզերի. գերկենտրոնացված է Երևանում։ Այս իրավիճակը, սակայն, նոր չէ։ Վերջին առնվազն հինգ տարիներին նման պատկեր է առևտրի ոլորտում։ Դա բխում է նրանից, որ ոչ միայն առևտուրը, այլև՝ տնտեսական գործընթացները կենտրոնացված են Երևանում։

Առևտրի մոտ 80%-ն ապահովում են խանութները

Ինչպես նշեցինք, 2017 թվականին Հայաստանում մանրածախ առևտրի ծավալներն, ըստ ԱՎԾ-ի, կազմել են մոտ 1.336 տրլն դրամ։ Խանութների մասնաբաժինն այստեղ կազմել է 79.7%, իսկ կրպակներին, օրինակ, բաժին է հասել ընդամենը 2.1%-ը։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների

Համեմատության համար նշենք, որ 2016-ին խանութներին բաժին է ընկնել մանրածախ առևտրի 77.5%-ը, տասը տարի առաջ՝ 50.9%-ը։

Ընդ որում՝ խանութների մասնաբաժնում էլ կենտրոնացվածություն կա. առավել մեծ ծավալ ապահում են համեմատաբար խոշորները։ Այսպես, 2017թ. –ին Հայաստանի խանութներում մանրածախ առևտուրը կազմել է ավելի քան 1 տրլն դրամ, որից մոտ 429 մլրդ դրամը կամ 40.3%-ը 50-249 աշխատակից ունեցող խանութներն են։ Տրամաբանական է, որ այստեղ խոսքն առավելապես սուպերմարկետների մասին է։ Վիճծառայությունն այդ խանութները ներկայացնում է որպես միջին ծավալի խանութներ։

Փոքր խանութներ են համարվում 10-49 աշխատակից ունեցող խանութները, որոնց բաժին է հասել խանութների առևտրի 27.3%-ը։ Այս պատկերում կարելի է դրական կետ նկատել։ Փոքր խանութների մասնաբաժինը որոշակիորեն ավելացել է. 2016-ին այն 21.6% էր։

Գերփոքր խանութներն էլ, որոնք ունեն մինչև 9 աշխատակից, ապահովել են խանութների ընդհանուր առևտրի 32.4%-ը։

Մանրածախ առևտրի 74.5%-ը կատարվել է Երևանում

2017 թվականին Հայաստանում մանրածախ առևտրի 74.5%-ը կատարվել է մայրաքաղաքում։  Ընդ որում, Երևանում այսօր գերիշխում են 50-249 աշխատակից ունեցող խանութները։ Խոսքը սուպերմարկետների մասին է։ Նման քանակի աշխատակից ունեցող խանութներ կան նաև Շիրակում, Լոռիում ու Արարատում, սակայն դրանց շրջանառությունն անհամեմատ ավելի փոքր է, քան մայրաքաղաքի նույն քանակի աշխատակիցներ ունեցող խանութների շրջանառությունն է։

Իսկ մարզերում պատկերն այլ է։ Նախ նշենք, որ մանրածախ առևտրի ծավալներով մարզերից համեմատաբար ակտիվ են Կոտայքը (հանրապետության խանութների մանրածախ առևտրի՝ 4.6%-ը) ու Շիրակը (4.1%)։  

Մարզերում մանրածախ առևտուրը կատարվում է հիմնականում գերփոքր խանութներում, որոնք ունեն մինչև 9 աշխատակից։ Օրինակ, Կոտայքում 2017 թվականին խանութներում մանրածախ առևտուրը կազմել է 34 մլրդ դրամ, որից 22 մլրդ դրամը գերփոքր խանութներն են ապահովել։

Իսկ երևանյան խանութներում մանրածախ առևտուրը կազմել է 882 մլրդ դրամ, որի գրեթե կեսը՝ 418 մլրդ դրամը, ապահովել են 50-249 աշխատակից ունեցող խանութները, գերփոքր խանութների շրջանառությունն էլ կազմել է 329 մլրդ դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter