HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Անգելա Մերկելը չորրորդ անգամ ընտրվեց Գերմանիայի դաշնային կանցլեր

Մարտի 14-ին Գերմանիայի խորհրդարանը չորրորդ անգամ անընդմեջ երկրի դաշնային կանցլերի պաշտոնում ընտրեց Անգելա Մերկելին: Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդի թեկնածությանը կողմ են քվեարկել Բունդեսթագի պատգամավորներից 364-ը, դեմ է քվեարկել 315 խորհրդարանական, ևս 9-ը ձեռնպահ են մնացել: Այս մասին հայտնում է «Դոյչե Վելլե»-ի ռուսական ծառայությունը: 63-ամյա Մերկելը կանցլերի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականի նոյեմբերի 22-ից:

Անգելա Մերկելի ընտրությամբ ավարտվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմության ընթացքում կառավարության ձևավորման ամենաերկարատև գործընթացը, որը շարունակվեց 171 օր: Կառավարություն կկազմեն Քրիսոտենա-դեմոկրատական միության (ՔԴՄ), Քրիստոնեա-սոցիալիստական միության (ՔՍՄ) և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) ներկայացուցիչները:

Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած ընտրություններում ՔԴՄ/ՔՍՄ-ն ստացավ ձայների 33%-ը, ՍԴԿ-ն՝ 20%, Ձախերը՝ 9,2%, «Միություն-90/Կանաչներ»-ը՝ 8,9%, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 10,7%, իսկ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 12,6%:

Քանի որ ներկայացված քաղաքական ուժերից և ոչ մեկը խորհրդարանական մեծամասնություն չէր կարողացել կազմել, ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը պետք է կոալիցիոն բանակցություններ սկսեր մյուս կուսակցությունների հետ: Ազատ դեմոկրատների և Կանաչների հետ մեկնարկած բանակցությունները նոյեմբեր ամսին ձախողվեցին՝ կապված Գերմանիայի միգրացիոն քաղաքականությանը վերաբերող հարցերի հետ: 

Սակայն արդեն փետրվարի 7-ին ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի և սոցիալ դեմոկրատների միջև կայացած կոալիցիոն բանակցությունները հաջողությամբ ավարտվեցին և մարտի 12-ին այս քաղաքական ուժերի միջև կնքվեց կոալիցիոն համաձայնագիր, ինչից հետո սկսվեց կառավարության ձևավորման գործընթացը:

Լուսանկարը՝ FELIPE TRUEBA/  Shutterstock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter