HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջերմուկում նոր հէկ կառուցելու գործընթաց է սկսվում

Բնապահպանության նախարարությունում մշակվում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում` Արփա գետի աջակողմյան անանուն վտակի վրա փոքր հէկ կառուցելու նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը:

«Ջինջ-Արփա Հիդրո» ՍՊԸ-ն է հայտ ներկայացրել «ՋերմուկՀիդրո» փոքր հէկը կառուցելու նպատակով: Ընկերությունը երկարամյա պատմություն չունի հէկերի բիզնեսում. հիմնադրվել է 2016 թվականի գարնանը` 31-ամյա Նարեկ Սերոբի Տոնոյանի կողմից:

Սակայն նույն անձը փոքր հէկեր շահագործող մեկ այլ` «Ջինջ-Արփա» ՍՊԸ-ի տնօրենն է: Վերջին ընկերությունը 2017-ից Արփա գետի Կենգեր վտակի վրա շահագործում է «Արփա-2» փհէկը, Արփա գետի վրա` «Արփա-3» փհէկը:

«Ջինջ-Արփա» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը` 20 %-ի սեփականատեր Նաղաշ Հակոբյանը, համաձայն իր ֆեյսբուքյան էջի տվյալների, աշխատում է Արտաքին գործերի նախարարությունում: «Ջինջ-Արփա» ՍՊԸ-ի մյուս բաժնետերը Էդուարդ Գագիկի Հարությունյանն է:

Ընկերությունների կապը պարզել չհաջողվեց: «Ես հարցազրույց չեմ տալիս»,- արձագանքեց Նաղաշ Հակոբյանը:

Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների` Արփա գետի վրա արդեն գործում է 4 փոքր հէկ: Եվս 2-ը կառուցման փուլում է: Տասնյակ փոքր հէկեր կառուցվել են Արփա գետի մյուս վտակների վրա: Աջակողմյան անանուն վտակի մասին տվյալներ ՀԾԿՀ-ի հէկերի բազայում չկա: Թե խոսքը որ վտակի մասին է, կերևա այն ժամանակ, երբ ընկերությունը ներկայացնի փոքր հէկի նախագիծը: Առայժմ միայն ջրթույլտվության նախագծի փուլն է մեկնարկել:

Լուսանկարը` Երանուհի Սողոյանի: Լուսանկարում` Ջերմուկ քաղաքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter