HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Սանկցիա «Սարի թաղի» գործով ամբաստանյալի նկատմամբ՝ փաստաբանի հետ խորհրդակցելու համար

Սարի թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Էդուարդ Զեյթունյանի և Անդրանիկ Քյոսեյանի փաստաբաններն այսօրվա դատական նիստին միջնորդեցին իրենց պաշտպանյալներին վերադարձնել նիստերի դահլիճ եւ վերացնել նրանց նկատմամբ սանկցիան։

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում ամիսիներով ձգվող դատական նիստի վերաբերյալ իրենց բողոքն արտահայտելու համար դատավոր Աննա Դանիբեկյանը ամբաստանյալներին հեռացրել էր նիստերի դահլիճից։

Դատարանը նշեց, որ սանկցիան ինքնանպատակ չի եղել, այլ դատական նիստի բնականոն կարգը պահպանելու համար է կիրառվել, սակայն որոշեց վերականգնել Հ. Թորոսյանի, Հ. Իսախանյանի, Է. Զեյթունյանի եւ Ա. Քյոսեյանի ներկայությունը՝ նախքան սանկցիայի ժամկետի լրանալը։

Նիստին դատարանի դահլիճ էր ներկայացել վկա Վահան Կարագյոզովը, սակայն մինչեւ հարցաքննությունը սկսելը պաշտպանները միջնորդեցին վկային հեռացնել դատակոչի ցուցակից, քանի որ նա ներկա է գտնվել նույն փաստական հանգամանքներով մեկ այլ դատական նիստի եւ լսել մյուս վկաների ցուցմունքները։ Դատախազ Գեւորգ Գեւորգյանը պնդեց, որ հարցաքննությունը պետք է թույլ տալ, քանի որ սույն գործով չի հարցաքննվել վկան։ Դատարանը մերժեց միջնորդությունը եւ սկսեց վկայի հարցաքննությունը։

Սակայն ամբաստանյալ Է. Զեյթունյանի խոսակցությունը լսելով՝ դատավոր Դանիբեկյանը նրա նկատմամբ նախազգուշացման սանկցիա կիրառեց` նիստի բնականոն կարգը խախտելու համար։ Ըստ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի՝ ամբաստանյալը որեւէ խոչընդոտող գործողություն չի կատարել. «Նա ցանկացել է խորհրդակցել իր պաշտպանի հետ»։ Սակայն, երբ Զեյթունյանը փորձեց հայտնել իր կարծիքը, դատարանը նրա նկատմաբ դատարանի դահլիճից հեռացնելու սանկցիա կիրառեց։ Զեյթունյանն էլ հայտարարեց, որ չի ցանկանում այլեւս ներկա գտնվել նիստերին։

«Դուք շահագրգռված եք սույն գործի ելքով ու անձնական հակակրանք ունեք»,- դատավորի գործողության վերաբերյալ կարծիք արտահայտեց Լիպարիտ Սիմոնյանը եւ դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։

«Դուք սկսում եք վկայի հարցաքննությունը՝ առանց նրա անձը ճշտելու, առանց անձը հաստատելու փաստաթուղթը ստուգելու։ Երբ իմ պաշտպանյալը փորձեց իր պաշտպանին տեղեկացնել այդ մասին, դուք որոշեցիք, որ Զեյթունյանը բնականոն կարգն է խանգարում, սանկցիա կիրառեցիք իմ պաշտպանյալի նկատմամբ»,- հայտարարեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։ Նույն դահլիճում մեկ այլ նիստ լինելու պատճառաբանությամբ նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 4-ին։  

Հիշեցնենք, որ ամբաստանյալները մեղադրվում են Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը կամ գործադրելու սպառնալիքը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter