Շաբաթ, 22 սեպտեմբերի

Գազալցակայաններում խախտումները համատարած բնույթ են կրում


Արման Ղարագուլյանը ավտոգազալցակայանների ոլորտում առկա խնդիրները, մեքենայությունները բացահայտելու նպատակով հավաքում է տվյալներ, կատարում վերլուծություններ: 

ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության եւ բարոյագիտության ամբիոնի դոցենտը ստիպված է գիտական գործունեությանը զուգահեռ ուսումնասիրել ԱԳԼՃԿ-ների ոլորտը։ Ղարագուլյանը ստեղծել է «ՀՀ գազալցակայաններ» ֆեյսբուքյան խումբը, որի միջոցով տարբեր ԱԳԼՃԿ-ներում սպասարկման եւ գների վերաբերյալ տվյալներ է ստանում վարորդներից: 

Սա հանրային վերահսկողության միասնական հարթակ է։ Տվյալները համադրվում են միասնական բազայում եւ համեմատվում, ներկվում համապատասխան գույներով, որպեսզի բազայից օգտվող վարորդների համար միանգամից տեսանելի լինի ԱԳԼՃԿ-ների ծառայությունների որակը: Ակամա ստեղծվում է ռեյտինգային աղյուսակ: Վատ ցուցանիշներով տվյալները ներկվում են կարմիր գույնով, կասկածելիները՝ դեղին, նորմայի մեջ տվյալները՝ սպիտակ, նորմայից բարձր կամ դրական ցուցանիշները՝ կապույտ:

Աշխատանքային խմբի կողմից նորմա համարվող ցուցանիշները վերցված են ռուսական աղբյուրներից, որոնք թույլ են տալիս տարբեր տվյալներ համեմատել միմյանց հետ։ Դրանք այսպես ասած իդեալականացրած հաշվարկներ են, ու քանի որ Հայաստանում վաճառվում է նույն գազը, սարքավորումներն ու լիցքավորման ալգորիթմներն էլ հիմնականում նույն են, ապա, ըստ Ղարագուլյանի, բոլոր հիմքերը կան տվյալները համեմատելու համար։

Աղյուսակում հունվար եւ փետրվար ամիսների տվյալներն են։

Տվյալների բազան տեղադրված է նաեւ Car2 բջջային հավելվածում:

«Ժամանակ առ ժամանակ վարորդների կողմից բարձրացվել են ԱԳԼՃԿ-ների հետ կապված հարցեր, ինքս վարորդ լինելով՝ բավականին դիտարկումներ ունեի, ինչ-որ հարցեր տանջում էին, եւ ընդհանրապես որեւէ մեկը վերջնականապես վստահ չէ՝ ինչ է տեղի ունենում այս շուկայում:

Հունվար ամսին տեղի ունեցած թանկացումները կարծես թե առիթ տվեցին, որպեսզի գազալցակայաններում ավելի մեծ մեքենայությունների դիմեին, ինչը վարորդների դժգոհությունն առաջ բերեց: Ստեղծեցինք «ՀՀ գազալցակայաններ» խումբը` նպատակ ունենալով վարորդների միջոցով տվյալների բազա հավաքել, համեմատել: Անգամ սկսեցինք գազային ֆիզիկա ուսումնասիրել, հասկանալ փորձելու համար, թե ինչ մեթոդաբանությամբ իրականացնենք ուսումնասիրությունը»,- խմբի ստեղծման նախապատմությունն է ներկայացնում Արման Ղարագուլյանը:

Աշխատանքային խումբը համեմատում է թե նույն գազաբալոնը տարբեր լցակայաններում, նույն ճնշման, նույն ջերմաստիճանի պարագայում քանի խորանարդով է լցվում, որքան ճնշում է ապահովվում, եւ ի վերջո՝ որքան է կազմում վճարը:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ անկախ նրանից, թե ինչ սակագնով է կատարվում լիցքավորումը՝ 190, 200, թե 210 դրամով, նույն գազաբալոնի՝ տարբեր ԱԳԼՃԿ-ներում լիցքավորման արդյունքում գումարը հաճախ նույնն է կազմում: Սա նշանակում է, որ այսպես ասած էժան ԱԳԼՃԿ-ներն ընդամենը PR քայլ են անում՝ ցույց տալով ցածր սակագին, բայց եւ ինչ-որ մեքենայությունների շնորհիվ գանձում են համեմատաբար թանկ սակագնով վաճառվող գազի արժեք:

Վարորդները երբեմն բարձրաձայնում են չափազանց մեծ ու տարօրինակ հակասությունների մասին:

Երբեմն էժանն ավելի թանկ է

«Լինում է, որ 190 դրամանոց գազալցակայանում 1 խմ գազը բալոնի մեջ ավելացնում է 8 ճնշում, իսկ 210 դրամանոց լցակայանում՝ 10 ճնշում, ինչը նշանակում է, որ այսպես ասած «էժան» ԱԳԼՃԿ-ում մի բան այն չէ: Դեպքեր ունենք, երբ ԱԳԼՃԿ-ն 170 դրամ սակագին է սահմանել, բայց դեռ լիցքավորումը չավարտված՝ գազի ծավալն ու դրա արժեքն այնպիսի թվի է հասել, որ վարորդը ստիպված խնդրել է լիցքավորումը չշարունակել: Եթե սովորաբար լցավորման առավելագույն գինը եղել է 5000 դրամ, ապա ընթացքում գինը հասել է 6090-ի, եւ, վարորդի պատմելով, եթե լիցքավորումը շարունակվեր, ապա կարող էր գինը մինչեւ 7000 դրամի հասնել:

Ես կարող եմ հայտարարել, որ շուկայում ունենք խարդախության դեպքեր, կամ առնվազն անազնիվ մրցակցություն»,- ասում է Արման Ղարագուլյանը:

Տվյալների բազայում հիմնականում Երեւանի լցակայաններն են: Աշխարհագրությունը պայմանավորված է վարորդների կողմից ներկայացրած ցուցանիշներով:

Թեյավճար կա

Պարզվում է՝ թեյավճարի կանոնը դեռ շատ ԱԳԼՃԿ-ներում է գործում: Ավելի շատ՝ Արմավիրի եւ Արարատի մարզերում: Թեյավճարով է աշխատում նաեւ Էրեբունիում գործող ԱԳԼՃԿ-ներից մեկը, որը, ըստ լրատվամիջոցների, պատկանում է Աժ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին։ Ընդ որում՝ լցակայանում ձեւականորեն ցուցանակ է փակցված, թե իբր այստեղ թեյավճար չի գանձվում:

«Լցակայաններ կան, որ շատ անհավասար տվյալներ ունեն: Մի օր նույն լցակայանից դրական տվյալ է գալիս, մի օր՝ վատ տվյալ: Փորձում ենք հասկանալ՝ ինչով են պայմանավորված այս տատանումները»,-ասում է Արման Ղարագուլյանը:

Առկա ցուցանիշներով՝ լավագույն ԱԳԼՃԿ-ներից մեկը Արզնու ճանապարհին գործող լցակայանն է՝ «Արզնի-գազը»: «Այս լցակայանի մասին առանձին եմ նշում, քանի որ այստեղի ցուցանիշները կայուն լավն են, եւ որեւէ բողոք դեռ չեմ ստացել»,- ասում է Ղարագուլյանը։ Նա նշում է, որ որոշ ԱԳԼՃԿ-ներում աշխատակիցներն ուղղակի կամ անուղղակի կերպով արգելում են վարորդներին լուսանկարել լիցքավորման ցուցանիշները։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ գազալցակայանների սեփականատերերը չեն ցանկանում խոշորացույցի տակ հայտնվել։ Ինչ-որ բան թաքցնում են։

Հանրային վերահսկողության օգուտները

«Շատ վարորդներ սկսել են վերլուծել այս տվյալները: Որոշներն արդեն իրենց անձնական տվյալներն են հավաքում, հետո փոխանցում մեզ: Մենք ակնկալում ենք, որ վարորդները կսկսեն խնդիրներ դնել պետության առաջ, որպեսզի վերահսկվի իրավիճակը: Մենք մեկնաբանություններ չենք անում: Ընդամենը տեղադրում ենք ցուցանիշներ, որպեսզի վարորդներն իրենք ընտրեն՝ որ ԱԳԼՃԿ-ից պետք է օգտվել, որ մեկից՝ ոչ: Հույս ունենք, որ այսպիսով կստիպենք գազալցակայանների սեփականատերերին գործել ազնիվ մրցակցության կանոններով»,- ասում է Ղարագուլյանը:

Նա հարցում է արել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, պարզելու համար, թե մարմինը պլանային ստուգումների ժամանակ կոնկրետ ի՞նչն է ստուգում, 2016-2017 թվականներին ո՞ր գազալցակայաններն են ստուգվել, հայտնաբերվե՞լ են արդյոք խախտումներ, թե ոչ:

Տեսչական մարմնի ղեկավարը Ղարագուլյանին ուղղորդել է դեպի պաշտոնական կայք, որտեղ ստուգումների մասին ամփոփող ֆայլ է: 2017 թվականին տեսչական մարմինը ստուգումներ է կատարել 24 ոլորտներում, եւ ԱԳԼՃԿ-ների ոլորտում հայտնաբերել խախտումների բարձր՝ 100 տոկոսանոց ցուցանիշ: Այսինքն՝ ստուգված բոլոր գազալցակայաններում խախտվել են այս կամ այն նորմերը: Եվ փաստորեն գազալցակայաններում խախտումները համատարած բնույթ են կրում:

Խախտումները գազի բարձր ճնշմամբ լիցքավորելու եւ խորանարդ մետրով վաճառելու հետ են կապված։

Արման Ղարագուլյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այսքան դժգոհություններով հանդերձ՝ Տեսչական մարմինը, ինչպես պարզվել է, ԱԳԼՃԿ-ներում խախտումների վերաբերյալ ահազանգեր՝ Տեսչական մարմինը չի ստանում: Մի քանի օր առաջ «ՀՀ գազալցակայաններ» խմբի անդամներից մեկն ահազանգել է Մհեր Սեդրակյանի գազալցակայանում թեյավճար գանձելու հարցով, սակայն իրավիճակը շարունակում է նույնը մնալ:

ԱԳԼՃԿ-ների կողմից մեքենայությունների խնդիրը երբ կլուծվի դժվար է ասել: Խոսքը մեծ բիզնեսի, համակարգված մեքենայությունների մասին է: Փոխարենը կառավարությունը հեշտությամբ խաղի կանոններ է թելադրում քաղաքացիների համար:

Փոփոխություններ կատարելով մի քանի օրենքներում, Արտակարգ իրավիճակների նախարարությունը կփորձի սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության երաշխիքներ ստեղծել: ԱԻՆ-ը մշակել է նախագիծ, որը ենթադրում է գազաբալոնները պարտադիր փորձաքննության ենթարկել, չգործածել հին բալոններ եւ այլն:

«Վերջին վեց տարիների ընթացքում տեղի ունեցած թվով 91 դժբախտ պատահարների գերակշռող մասի համար հիմք են ծառայել անորակ գազաբալոնները, գազաբալոնների կամ ոչ պատշաճ որակավորում ունեցող մասնագետների կողմից տեղադրված լինելու փաստը, ինչպես նաեւ գազաբալոնների՝ սահմանված չափաբաժնից ավել լիցքավորելը, որի արդյունքը եղել է մարդու կյանքին կամ առողջությանը պատճառված էական վնասը»,-նշված է ԱԻՆ նախագծում, որով առաջարկվում է պատասխանատվության ենթարկել չճնշափորձարկված գազաբալոններով ավտոտրանսպորտային միջոցների շահագործման համար: Խոսքը թե՛ ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների մասին է, թե՛ ֆիզիկական անձանց կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների մասին, եւ թե՛ ԱԳԼՃԿ-ների համար, եթե լցավորումը կիրականացվի չճնշափորձարկված գազաբալոններում:

Ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատվություն կկիրառվի օրենքն ուժի մեջ մտնելու պահից: Առաջարկվում է նաեւ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ժամանակ տվյալների էլեկտրոնային հսկողության շտեմարանի միջոցով ստուգել գազաբալոնների պարբերական վկայագրված լինելու հանգամանքը եւ դրա բացակայության դեպքում պահանջել պարբերական վկայագրում անցած լինելու վերաբերյալ հավաստում:


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. Արթուր10:54 - 16 մարտի, 2018
Հարգելիներս այս ոլորտը սպառողների համար թափանցիկ դարցնելու համար կարծում եմ միակ լուծումը այն կլինի որ բոլոր գազալցակայանները պարտավորված լինեն ցուցակ փակցնել գնորդի համար որտեղ հստակ կերևա թե որ ջերմաստիճանի դեպքում կախված գազաբալոնի տարողությունից ինչ քանակությամբ գազ են պատրաստվում վաճառել ու ըստ որի գինը կլինի ֆիկսված։ նման պայմաններում համոզված եմ կստեղծվի առողջ մրցակցություն ու գազալցակայանները ստիպված կլինեն հաճախորդներին պահելու և ավելացնելու համար վաճառել նույն քանակությամբ գազ որակի և գազի խտության հաշվին։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։