HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրությունը քննարկում է նոր քրեական օրենսգրքի նախագիծը

Մեկ ամսից Կառավարությանը կհանձնվի քրեական օրենսգրքի նոր նախագիծը: Այնուհետև, ԱԺ-ում ընդունվելուց հետո, ուժի մեջ կմտնի Հայաստանի թվով երկրորդ քրեական օրենսգիրքը (2003-ից գործում է առաջինը): Մինչև 2003-ը գործել է 1961թ.-ի Խորհրդային քրեական օրենսգիրքը:

Նախագիծը տեղադրված է e-draft.am կայքում, որտեղ ամիսներ շարունակ  քաղաքացիական հասարակությունը հնարավորություն է ունեցել առաջարկություններ ներկայացնել: Կայքում առկա է նաև առցանց քվեարկություն, որտեղ քվերակողների 20 տոկոսը կողմ է քվեարկել նախագծին, 80-ը՝ դեմ:

Այսօր քրեական օրենսգիրքը մշակող խումբը՝ պրոֆեսոր Արա Գաբուզյանի գլխավորությամբ, քննարկում էր հասարակական կազմակերպություններից, անհատներից ստացած բազմաթիվ առաջարկություններ, որոնց մի մասն ընդունվել է օրենսգիրքը մշակող խմբի կողմից: Առաջարկությունները վերաբերում էին նախագծի տարբեր հոդվածներին՝ խոշտանգումից մինչև մարդու առևանգում, սեռական բռնությունից մինչև զինծառայողների կողմից թմրամիջոցի օգտագործում:

Քրեական արդարադատության օրենսդրության նոր նախագծերը մշակվում են Եվրոպայի Խորհրդի ու Եվրոպայի Միության ջանքերով՝ «Դատաիրավական բարեփոխումների» քառամյա ծրագրի շրջանակներում: Այն նախատեսված էր ավարտել 2016-ին, սակայն ժամկետները երկարացվել են: Օրենսգրքեր մշակող խմբերի հետ տարիներ շարունակ աշխատում են նաև ԵԽ ու ԵՄ միջազգային փորձագետներ:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կարևորեց միջազգային փորձագետների հետ աշխատանքը, որպեսզի նոր օրենսգիրքը համապատասխանի ՄԻ եվրոպական կոնվենցիային ու ՄԻ եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին:

Շուտով նոր քրեական օրենսգիրքը կընդունվի, բայց ԱԺ-ում այսօր էլ պարբերաբար փոփոխություններ են կատարվում գործող քրեական օրենսգրքում: Այդպիսի փոփոխություններից մեկով առաջարկվում է քրեականացնել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հանցագործություն կատարելու հրապարակային կոչերը: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի մտահոգությանը, թե արդյոք այս հոդվածը կոնֆլիկտի մեջ չի մտնում կարծիքի արտահայտման ազատության իրավունքի հետ, արդյոք քաղաքացիները չեն հետապնդվի իրենց կարծիքի համար, Արա Գաբուզյանը նշեց, որ նոր քրեական օրենսգրքի ընդունումից հետո մինչ այդ եղած բոլոր փոփոխություններով հանդերձ նախկին քրեական օրենսգիրքը կդադարի գործել: Սակայն նմանատիպ կարգավորում կա նաև նոր նախագծով, որի ձևակերպումը մի փոքր այլ է. քրեական պատասխանատվություն կառաջանա այն դեպքում, երբ քարոզը զուգորդված լինի անձանց ահաբեկչության մղելով:   

Օրենսգիրքը մշակող խմբի ղեկավար Արա Գաբուզյանը, «Հետքի» հարցին ի պատասխան, ասաց՝ օրենսգիրքը ոչ թե պատժողական, այլ վերականգնողական արդարադատության քաղաքականության տրամաբանությամբ է մշակվել:

Իսկ ովքեր են լինելու քրեական օրենսգրքի «շահառուները»: Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, իշխանություն չունեցող քաղաքացիները: Ըստ նրա, լավ օրենսդրությունը դեռևս բավարար չէ լավ իրավակիրառման համար: «Կա ընտրովի արդարադատություն»,- ասում է իրավապաշտպանը:

ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի կարծքիով ևս՝ «գաղտնիք չէ, որ այսօր իրավակիրառ պրակտիկայում ունենք խնդիրներ»:

Օրինակ, պատժից պայմանական ազատման համակարգը, մշտապես փոփոխվել է, բայց այդպես էլ այն լիարժեք չի կիրառվում: Գրեթե նույն իրավական կարգավորումներով 2006 թ.-ին մի քանի անգամ ավելի շատ անձ էր կարողանում պայմանական վաղաժամկետ ազատվել, քան հիմա: Այդ թիվը տարեցտարի նվազել է, սակայն իրավական կարգավորումները գրեթե նույնն են մնացել: Հետևաբար, օրենսդրական լուծումներն ու մեխանիզմները հաճախ կյանքի չեն կոչվում իրավակիրառ պրակտիկայում:  

«Հայաստանի հելսինկյան կոմիտեի» նախագահի կարծիքով՝ խնդիրը իշխանության իներցիոն մտածելակերպի մեջ է: Քրեական քաղաքականության հիմնական ավանդույթները եկել են Խորհրդային միությունից, որը պատժողական քաղաքականության կրող էր: Սակայն նորանկախ Հայաստանում, ըստ Իշխանյանի, սկզբունքորեն հնարավոր էր փոխել խաղի կանոնները, օրինակ՝ դատաիրավական համակարգում հին կադրերի փոփոխությամբ. «ցավոտ կլիներ, բայց մի քանի տարի հետո կտար իր պտուղները: Բայց ՊԱԿ-ի նախկին քննիչները նշանակվեցին դատավորներ»:

Իշխանությունը, դատաիրավական համակարգի պաշտոնյան, ըստ Իշխանյանի, մարդուն դիտարկում է որպես պոտենցյալ հանցագործ: Նա գտնում է, որ Հայաստանի իշխանությունները վարում են հռչակագրային քաղաքականություն. հռչակում են, որ ցանկանում են բարեփոխումներ ու իրավական պետություն, «Եվրոպան գումարներ է տրամադրում, այդ գումարների շրջանակներում գրվում են օրենքներ, հաճախ նաև լավ օրենքներ: Բայց իրավակիրառ պրակտիկան լավ օրենքի արդյունավետությունը կարող է դարձնել զրոյական»:

Քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ քաղհասարակության առաջարկություններն ամբողջությամբ՝ այստեղ:

Քրեական օրենսգրքի նախագծն՝ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter