HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցի ստոմատոլոգներ. «Շիրակի մարզում համակարգն էդ տարբերակով չի ներդրվելու, մենք բացառում ենք»

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի եւ գյումրեցի ստոմատոլոգների հանդիպումը՝ նշանակված ժամը 13:30-ին, չկայացավ, թեպետ նախորդ օրը նման պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Այսօր նախարարն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր, սակայն ատամնաբույժների հետ հանդիպման եկան ՀՀ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը, «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Գեորգի Ասատրյանը եւ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Արթուր Թադեւոսյանը:

էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմանն ընդդիմացող Շիրակի մարզի ստոմատոլոգները մարտի 5-ին բողոքի ակցիա էին կազմակերպել մարզպետարանի դիմաց, իսկ իրենց մտահոգող հարցերը նամակի տեսքով ուղարկել կառավարություն: ՀՀ գլխավոր ատամնաբույժ Լազար Եսայանը նշեց, որ բարձրացված հարցերը տեղին են, սակայն արտահայտած մտահոգությունն անտեղյակությունից է: Պարզվեց ծրագիրը Լազար Եսայանի «սրտով» է, սակայն թե ինչ կլինի համակարգը ներդնելուց 3 ամիս անց, ինքն էլ է դժվարանում պատասխանել այդ հարցին:

Հավաքվածներին բանախոսը տեղեկացրեց, որ համակարգի ներդրման ծրագիրը երկարաձգվել է, եւ աշխատանքները կսկսվեն հունիսի 1-ից: Իսկ մինչ այդ կկազմակերպվեն դասընթացներ ծրագրի հետ ավելի մանրակրկիտ ծանոթանալու նպատակով: Ինչ վերաբերում է սպառնալիք-հեռախոսազանգերին, թե պայմանագիր չստորագրողները կզրկվեն լիցենզիայից, ապա առողջապության նախարարությունից հայտնել են, որ «Արմեդ»-ը նման լիազորություն չունի: Սակայն համակարգում գրանցվելը կառավարության որոշումն է, եւ Լազար Եսայանը հորդորեց ներկաներին անպայման գրանցվել: Առաջարկը հավաքված ստոմատոլոգները չընդունեցին՝ հանդես գալով հակընդդեմ առաջարկով՝ թող նախ կազմակերպեն դասընթացները, իրականում հասկանան ինչ է պահանջվում, լուծում տան իրենց բարձրացրած հարցերին, հետո նոր կորոշեն միանալ համակարգին, թե` ոչ:

«Եթե էս պայմաններով է մնալու, մենք համակարգին չենք միանա»,- նկատեց ստոմատոլոգներից Սերգեյ Սերոբյանը: «Ամեն դեպքում ներդրվող համակարգն առավել պիտանի է, քանի որ ապահովագրում է, թե պացիենտին, թե հիվանդին,- առարկեց Լազար Եսայանը,- գրանցելով այն ամենը, ինչ դուք եք անում, առաջին հերթին ապահովագրում է ձեզ: Ես ունեցել եմ նախարարությունից եկած բողոքներ, բժշկին հրավիրել էի, որ հասկանայի` ինչ է արվել, քանի որ պացիենտն այլ բան էր ասում բժիշկն՝ այլ: Ուզել եմ անկետա՝ չի եղել, ուզել եմ կտրոն՝ չի եղել, հետեւաբար չէի կարող ապացուցել, որ պացիենտը միգուցե սխալ է, գուցե եւ ճիշտ է: Իմ տեսակետով, ամեն դեպքում գրանցվելը ճիշտ է, եկեք գրանցվենք, հետեւենք էտապներին, տեսնենք` ինչ է լինելու: Ֆինանսական մասով խոսք են տվել, որ ստոմատոլոգների մասով կլինի այլ մոտեցում»:

Առողջապահության ներկայացուցչի` Արթուր Թադեւոսյանի ելույթից առաջ արված հայտարարությունները, որ ինքը կիսով չափ գյումրեցի է, առաջին մասնագիտությամբ էլ ստոմատոլոգ, այդպես էլ չմեղմացրեց ներկաների դժգոհությունը եւ հիմնական վիճաբանությունը ծավալվեց հենց այս պաշտոնյայի ելույթի ժամանակ: «Ես ձեզ խնդրում եմ ինձ չդիտարկել, որպես առողջապահության աշխատակից, որ եկել է բաներ պարզաբանելու, ինչ-որ բաներ պարտադրելու: Չէ՛, մենք եկել ենք, հաշվեք ինձ ձեզ մոտ բարեկամ, միասին քննարկենք, միասին լսենք ձեր մտահոգությունները»,- շեշտեց Արթուր Թադեւոսյանը: Վերջինս խոսեց առողջապահության ոլորտում առկա ինֆորմացիայի ցանցային կառավարման արդյունավետությունից:

«Համակարգը նոր չի մտածվել, ամիսների հարց չի, մոտավորապես 10 տարի առաջ այս հայեցակարգը դրվել է շրջանառության մեջ, ինչպես նաեւ նույն դեղերի մասով էս վերջին փոփոխությունները դեղատոմսերի հետ կապված: Նմանատիպ ծրագրերը բավական երկար ճանապարհ են անցնում, ուղղակի հիմա եկել է էն պահը, որ կոնկրետ ներդրման հետ կապված քայլեր պետք է արվեն: Ուղղակի էսօր, մեր առողջապահության նախարարը կամք է դրսեւորել գնալ համակարգի ներդրմանը»,-հայտարարեց Արթուր Թադեւոսյանը:

Երկու ժամ տեւած քննարկումը չտվեց այն արդյունքը, որ ակնկալում էին գյումրեցի ստոմատոլոգները: Նրանցից Էմիլ Ասլանյանը բորբոքված նկատեց, որ, ճիշտն ասած, իրենք սպասում էին առողջապահության նախարարին. «Եթե մեր բոլոր հարցերին պիտի պատասխանեիք, թե կոմպետենտ չենք, ուրեմն կոմպետենտ մարդու ուղարկեիք»:  Պատասխանները, որոնք հնչեցին քննարկման ժամանակ, ըստ դահլիճում ներկա ստոմատոլոգների, բավարար չէին, շատ դեպքերում էլ շրջանցող: Նրանցից մեկն էլ նկատեց, որ համակարգի ներդրմամբ «գոլ»՝ էն էլ խոշոր հաշվով, խփում է միայն «Արմեդ»-ը, որին նախարարությունը հանձնել է համակարգի կոնսերցիոն կառավարումը:

Բժիշկներից մեկն էլ հետաքրքրվեց, թե ինչու է Հայաստանն անցնում նման համակարգի այն դեպքում, երբ դա կիրառվում է աշխարհում երկու երկրում՝ Իռլանդիայում եւ Էստոնիայում: «Եթե ասում եք, որ զարգացած երկրներում կիրառվում է, ապա ինչու՞ Ֆրանսիան ու Ամերիկան նման համակարգի չեն անցնում: Փաստորեն հանճարները երեք տեղից են՝ երրորդը մենք ենք լինելու»,- նկատեց ստոմատոլոգ Էմիլ Ասլանյան: Ստոմատոլոգները պահանջեցին, որ կառավարության կողմից ներդրվող ծրագիրը թող կառավարության կողմից էլ ֆինանսավորվի:

Քննարկումը, ինչպես որ ակնկալում էին երկու կողմերն էլ, իր նպատակին չծառայեց: Մայրաքաղաքից եկածներին այդպես էլ չհաջողվեց համոզել գյումրեցիներին, որ ներդրվող համակարգը միմիայն դրական կերպով է ազդելու իրենց գործունեության վրա: Ա. Թադեւոսյանի հայտարարությանը, թե համակարգն այսպես, թե այնպես ներդրվելու է, հանդիպեց ներկաների բուռն ընդվզմանը. «Շիրակի մարզում չի ներդրվելու, ավելի ճիշտ՝ էդ տարբերակով չի ներդրվելու, մենք բացառում ենք: Եթե էդ համոզմամբ եք եկել, վերադարձեք Երեւան»,- հայտարարեցին գյումրեցիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter