HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկավարժները մարտնչում էին, գյուղապետը՝ անխռով սուրճը վայելում

ՀՀ կրթության տեսչության  հանձնաժողովը տեսչության պետի տեղակալ Աշոտ Արշակյանի, գլխավոր մասնագետ Աշոտ Թումանյանի, մասնագիտական կրթության բաժնի պետ Սամսոն Սահակյանի եւ Լոռու մարզպետարանի կրթության եւ գիտության վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանի մասնակցությամբ երեկ Աքորի գյուղի միջնակարգ դպրոցում ուսումնասիրեց դեկտեմբերի 20-ին կայացած դպրոցի գործադիր տնօրենի ընտրության օրինականությունը:   

Հանձնաժողովը հանդիպեց դպրոցի կառավարման խորհրդի անդամներին, ծանոթացավ գործադիր տնօրենի թեկնածուների փաստաթղթերին, զրուցեց նաեւ մանկավարժների հետ: Խորհրդի նիստին մասնակցում էր նաեւ խորհրդի նախագահ, գյուղապետ Կամո Սիմոնյանը:  

Վերջինս դպրոցի տնօրենի ընդունարան էր բերել տարեմուտյան բարիքներ` բանան,  մրգեր, տարատեսակ կոնֆետներ, սուրճ, հյութեր եւ այլն: Կամո Սիմոնյանը   կրթության տեսչության հանձնաժողովի անդամների հետ չներկայացավ իր ղեկավարած համայնքի դպրոցի արդեն 9 օր լարվածության մեջ գտնվող մանկավարժների հետ հանդիպմանը: Այդ ընթացքում նա ոտքը ոտքին գցած  խորհրդի անդամների` իր կնոջ, տեղակալի եւ մանկապարտեզի տնտեսվարի հետ դպրոցի տնօրենի ընդունարանում անվրդով վայելում էր «Կոկա-կոլան», քաղցրահամ բանանը եւ սուրճ էր խմում, իսկ ուսուցիչները մարտնչում էին դպրոցի գործադիր տնօրենի արդար ընտրության համար:  

Հետաքրքիրն այն է, որ Կամո Սիմոնյանի տարեմուտյան բարիքներից գյուղապետի հետ օգտվում էին միայն վերջինիս կինը, տեղակալը եւ մանկապարտեզի տնտեսվարը: Այսինքն՝ նրանք, ովքեր գյուղապետի ցուցումով ընտրել էին տնօրենի թեկնածու Անահիտ Մուսայելյանին: Մանկավարժական կոլեկտիվի անդամները, փաստորեն, չեն սխալվում՝ հայտարարելով, որ կառավարման խորհրդում  գյուղապետն ունի ընդամենը 4 ձայն, եւ Անահիտ Մուսայելյանի 5-րդ քվեն կեղծվել է: 

Տնօրենի թեկնածուների 4:4՝ հավասար ձայներ ունենալու եւ մեկ քվեաթերթիկ Կամո Սիմոնյանի կողմից կեղծված լինելու հարցի կապակցությամբ տեսչության աշխատակիցների ուշադրությունը համառորեն հրավիրում էին դպրոցի փոխտնօրեն  Սեդա Խլոպուզյանը եւ մյուս ուսուցիչները:  

Հանձնաժողովի անդամները ընտրության անօրինականությայն մասին  մանկավարժների բերած փաստարկներին հակադարձում էին, թե Կամո Սիմոնյանի կատարած քայլերը չի արգելվում ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 4-ի N 319-Ն   որոշմամբ: 

Ըստ N 319-Ն որոշմանը՝ ՀՀ պետական հանրակրթական ուսումնական  հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ մարզպետարանը, ըստ ենթակայության, նշանակում են հաստատության տնօրենի պաշտոնակատար: Որոշման 3-րդ կետը սահմանում է, որ դպրոցի կառավարման խորհուրդը  առավելագույնը եռամսյա ժամկետում (հաշվելով տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից), կազմակերպում եւ անցկացնում է տնօրենի պաշտոնի  թափուր տեղի մրցույթ:  

Աքորիի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Ասյա Թոմոյանը 2010 թ. դեկտեմբերի 30-ին կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է գործադիր տնօրենի պարտականություններից: Կառավարման խորհրդի նախագահ Կամո Սիմոնյանը երեքամսյա ժամկետում չի կատարել օրենքի պահանջը: Այս կապակցությամբ նա տնօրենի թեկնածու Արմեն Նիազյանին հայտնել է, թե տնօրենի թափուր տեղի  մրցույթ չի հայտարարել, որովհետեւ վերեւներից ցուցում չի ունեցել:  

Կրթության տեսչության պետի տեղակալ Ա. Արշակյանը Կամո Սիմոնյանին  արդարացնում էր՝ նշելով, որ տնօրենի թափուր տեղի համար երեքամսյա ժամկետում մրցույթ չհրավիրելը պայմանավորված է այդ ժամանակ շրջանառության մեջ մտած հանրակրթության օրենքով, որով սահմանված է, որ դպրոցի տնօրեն կարող է աշխատել այն մարդը, ով ունի հավաստագիր: Մինչդեռ մոտ մեկ տարի տնօրենի պաշտոնակատար աշխատող Կիմիկ Պետրոսյանն առ այսօր չունի հավաստագիր: 

Հանձնաժողովը գտնում է, որ այն ժամանակ տնօրենի մրցույթ չհայտարարվելն այսօր չի ազդում տնօրենի ընտրությունների օրինականության վրա: Կրթության տեսչության աշխատակիցները մանկավարժներին ասում էին նաեւ, թե օրենքը չի արգելում, որ գյուղապետ Կամո Սիմոնյանը, նրա տեղակալն ու կինը՝ Գրետա Մկրտչյանը, միաժամանակ լինեն կառավարման խորհրդի անդամ:  

Հանձնաժողովի կարծիքով՝ գյուղապետ Կամո Սիմոնյանն իրավունք ուներ քվեարկված 8 քվաթերիկներն իր գրպանում տնօրենի ընտրությունից հետո խորհրդից դուրս բերել: Գյուղապետն էլ կրթության տեսչության հանձնաժողովին բացատրեց,  որ քվեաթերթիկներն իր հետ տարել է, որպեսզի խորհրդի մյուս անդամների կողմից  քվեաթերթիկների հետ կապված կեղծիքներ չկատարվեն:  

«Հիմա, եթե մենք կրթության եւ գիտության նախարարին ներկայացնենք այնպես, ինչպես եղել ա, բայց դա Ձեզ չբավարարի, դա նշանակում է, որ մենք անարդարացի ենք վարվել: Մեր եզրակացությունը լինելու է օրենսդրության շրջանականերում»,- ուսուցիչներին հայտնեց հանձնաժողովի անդամ Ա. Արշակյանը:    

Ընտրության գործընթացների նկատմամբ կրթության տեսչության աշխատողների այլ մեկնաբանություններ եւս մանկավարժների համար մնացին անընդունելի: 

«Դուք ձեր գործն արեք, մենք էլ մեր գործը կանենք»,- ասացին ուսուցիչները: Մանկավարժները հայտարարեցին, որ անկախ հանձնաժողովի այս կամ այն գնահատականներից՝  հունվարի 9-ից բողոքի ակցիան շարունակելու են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter