HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես

Մարտի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:

Նա հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Այնուհետեւ Կոնգրեսում կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին:

Սահակյանը կարեւորել է Միացյալ Նահանգների օրենսդիր բարձրագույն մարմնում կազմակերպված հանդիպումները, նշելով, որ դրանք նաեւ մեծացնում են մեր պատասխանատվության աստիճանը՝ համառ ու քրտնաջան աշխատանք իրականացնելու, երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու ու զարգացնելու գործում:

«Ես լավատես եմ՝ հենց այդպես էլ կլինի, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մենք դիտարկում ենք որպես բարեկամ երկիր, պետություն, որը միլիոնավոր հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք: Լավատես եմ, որովհետեւ մենք այստեղ ունենք հավատարիմ, ազնիվ եւ անշահախնդիր բարեկամներ, ովքեր արդեն երկար տարիներ մշտապես Արցախի հետ են, աջակցում են մեր ժողովրդին, աշխարհին ճշմարիտ տեղեկություններ ներկայացնում մեր երկրի մասին: Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական կապերը՝ դրանք համարելով մեծ հարստություն»,- ասել է Սահակյանը:

Բակո Սահակյանը նշել է, որ ԼՂՀ-ում կարեւորում են ամերիկացիների սատարումն Արցախին, եւ այստեղ իրենց ուրույն տեղն ունեն ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ու Սենատը, կոնգրեսականներն ու սենատորները:

Սահակյանն արժեւորել է Վաշինգտոնի շոշափելի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման գործում:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը եղել է, կա եւ կմնա մեր արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

Սահակյանն Արցախի Հանրապետության պետական պարգեւներ է հանձնել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների եւ սենատորների՝ Արցախին սատարելու եւ Արցախ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում շոշափելի ներդրում ունենալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter