HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Օդերեւութաբանները միանում են կարգավարներին. «Զվարթնոց» օդանավակայանի սակագինն իջեցվել է

Կառավարությունն այսօր որոշել է միավորել «Հայաէրոնավիգացիա» եւ ««Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոն» ընկերությունները, իսկ ավելի ճիշտ՝ երկրորդը միացնել առաջինին: Երկուսն էլ 100 տոկոսով պետական ենթակայության ՓԲԸ-ներ են:   

«Հայաէրոնավիգացիան» գործում է քաղավիացիայի գլխավոր վարչության ենթակայությամբ, իսկ ավիաօդերեւութաբանական կենտրոնը ենթարկվում է բնապահպանության նախարարությանը: Երկուսն էլ ծառայություններ են մատուցում ավիացիայի ոլորտում: Առաջինն իրականացնում է օդային երթեւեկության կազմակերպում, կապ, նավիգացիա, դիտարկում, աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն, իսկ կենտրոնը՝ օդերեւութաբանական սպասարկում:

Որոշման նախագիծը կազմել է ՔԱԳՎ-ն: Վերջինիս պետ Սերգեյ Ավետիսյանը հիմնավորման մեջ, մասնավորապես, նշել է. «Ներկայումս օդային երթեւեկության սպասարկման եւ օդերեւութաբանական պայմանների մասին տվյալների տրամադրման ծառայություններն ավիաընկերություններին մատուցվում են երկու առանձին եւ ինքնուրույն իրավաբանական անձանց կողմից, ինչն, ըստ էության, արհեստականորեն երկարացնում եւ ծանրաբեռնում է ավիաընկերություններին մատուցվող ծառայություների շղթան»:

Խնդիրն այն է, որ եղանակի տեսությունը չնայած կազմվում է «Զվարթնոց» կենտրոնի աշխատակիցների կողմից, օդանավերի անձնակազմերն այդ ինֆորմացիան մնացած տեղեկատվության հետ անմիջականորեն ստանում են «Հայաէրոնավիգացիայի» աշխատակից կարգավարների միջոցով: Այդ պատճառով էլ, ըստ ՔԱԳՎ-ի, «Հայաէրոնավիգացիան» ավիաընկերությունների կողմից ճանաչվում է որպես աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող եւ դրա համար պատասխանատու կողմ:

«Սակայն իրավաբանական տեսանկյունից ավիաընկերություններն աերոնավիգացիոն սպասարկումներ ստանալու եւ դրանց դիմաց համապատասխան վճարներ կատարելու համար պայմանագրեր են կնքում երկու տարբեր իրավաբանական անձանց հետ, որոնք միաժամանակ հանդիսանում են 100 % պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններ: Նման փոխհարաբերությունների ձեւաչափն ավիաընկերությունների մոտ տարաբնույթ հարցեր եւ տարաձայնություններ են առաջացնում, ինչը խոչընդոտում է դրական եւ կառուցողական փոխհարաբերությունների ձեւավորմանը: Մեկ մարմնի կողմից նշված ծառայությունների մատուցումը հնարավորություն կտա կիրառելու «մեկ պատուհանի» սկզբունքը, ինչը կձեւավորի դրական եւ կառուցողական փոխհարաբերություններ ավիաընկերությունների հետ»,- ասվում է որոշման հիմնավորման մեջ:

Հետաքրքիր է ՔԱԳՎ-ի առաջարկած լուծումը ֆինանսական տեսանկյունից. «Օդերեւութաբանական ծառայությունների սակագինը կներառվի աերոնավիգացիոն ծառայությունների գործող սակագնի մեջ՝ պահպանելով «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության կողմից ներկայումս սահմանված սակագինը, ինչն իր հերթին կնպաստի օդային փոխադրումների սակագների նվազեցմանը, ինչպես նաեւ ՀՀ փոքր ավիացիայի շրջանակներում ներքին օդային փոխադրումների զարգացման նախադրյալների ստեղծմանը»: Այսինքն՝ ստացվում է, որ օդերեւութաբանական ծառայության սակագինը զրոյական տեսքով է մտցվում ընդհանուր սակագնի մեջ, կամ էլ ավելի ճիշտ է ասել, որ աերոնավիգացիոն ծառայությունների մասնաբաժինն է նվազեցվում ընդհանուրի մեջ:

Եվ ահա, թե ինչու է այդպես: Բանն այն է, որ կառավարությունն իր 5-ամյա ծրագրում (2017-2022 թթ.) հայտնել է, որ մեր երկրում փոքր ավիացիայի զարգացման նպատակով նախատեսում է, մասնավորապես, մինչեւ 2018 թ. ավարտն ապահովել փոքր ավիացիայի գործարկման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը:

ՔԱԳՎ աշխատակազմի ղեկավար Արսեն Մանուկյանը «Հետքին» հայտնել է, որ այդ նպատակով իրականացվել են որոշակի աշխատանքներ: Դրանցից մեկը հետեւյալն է. «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում նվազեցվել են թռիչք-վայրէջքների աերոնավիգացիոն սպասարկման սակագները (այսինքն՝ «Հայաէրոնագացիայի» ծառայությունների գները), երկրորդ՝ իջեցվել է «Զվարթնոց» օդանավակայանի թռիչք-վայրէջքների աերոդրոմային սակագինը (այս գումարը գանձում է հենց օդանավակայանը, ավելի կոնկրետ՝ դրա կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն):

Նշենք, որ «Հայաէրոնավիգացիան» քաղաքացիական ավիացիայի ոլորտում աերոնավիգացիոն ծառայություններ մատուցող միակ մարմինն է Հայաստանի ամբողջ տարածքում: Այս ընկերությունն է, մասնավորապես, սպասարկում Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանները: Բնականաբար, նույնը վերաբերելու է նաեւ առաջիկայում շարք մտնող Կապանի «Սյունիք» օդանավակայանին:

Հիշեցնենք, որ հատկապես բյուջետային ավիաընկերությունների մուտքը Գյումրու օդանավակայան խթանելու նպատակով 2014-ի դեկտեմբերի 31-ից այստեղ հանվեց 10.000 դրամ «օդի տուրքը», 2017-ի հունվարից «Շիրակում» 50 տոկոսով զեղչվեց «Հայաէրոնավիգացիայի» աերոնավիգացիոն ծառայության գինը, իսկ նույն տարվա փետրվարից ավիաօդերեւութաբանական ծառայությունը մատուցվում է անվճար:

Լուսանկարում՝ «Հայաէրոնավիգացիայի» կարգավարական աշտարակը՝ «Զվարթնոց» օդանավակայանում (armats.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter