Դատավորը զգուշացրեց, որ եթե Իշխան Բարսեղյանը չներկայանա նիստին, նրան նիստերի դահլիճից կհեռացնի
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործը կարծես փակուղի է մտել: Փետրվարի 1-ից առ այսօր նշանակված բոլոր դատական նիստերը հետաձգվում են, քանի որ «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող Իշխան Բարսեղյանը չի ներկայանում դատարան: Վերջինս առողջական մի շարք խնդիրներ ունի: Արդեն մի քանի դատական նիստ է՝ դատարան գրություններ է ուղարկում ու հայտնում, որ ի վիճակի չէ ներկայանալ: Բարսեղյանը գրություններում հատուկ շեշտում է, որ ոչ թե ինքը չի ցանկանում ներկայանալ, այլ չի կարողանում: Հայտնում է նաև, որ ավարտական փուլում գտնվող իր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող միջնորդություններ պիտի ներկայացնի, ուստի խնդրում է հետաձգել դատական նիստը:
Այս նիստերը տեղի են ունենում շաբաթական մեկ անգամ, սակայն Բարսեղյանը միջնորդում է ոչ թե մեկ, այլ մի քանի շաբաթով հետաձգել դրանք:
Բարսեղյանի դիմում-միջնորդություններին կից դատարան է ուղարկվում նաև քրեակատարողական հիմնարկի գրություններն այն մասին, որ Բարսեղյանն առողջական խնդիրներ ունի, սակայն ինքնուրույն տեղարժվում և հոգում է կարիքները, ի վիճակի է տեղափոխվել դատարան: Սակայն գրություն այն մասին, որ առողջական ներկա խնդիրներով Բարսեղյանն ի վիճակի է մասնակցել դատական նիստին, առ այսօր ՔԿՀ-ից դատարան չի ներկայացվել:
ՔԿՀ-ից այսօր հերթական նույնաբովանդակ գրությունը և Բարսեղյանի հերթական դիմումն էր ուղարկվել: Դատարան հրավիրվեց ուղեկցող գումարտակի ոստիկանը, ում հանձնարարված էր Բարսեղյանին դատարան ներկայացնել, և հայտնեց, որ վերջինիս անձամբ չի տեսել, ՔԿՀ-ից հայտնել են, որ առողջական խնդիրներ ունի, ապա տվել այն գրությունները, որոնք ինքը դատարան է ներկայացրել:
Դատավոր Վաչե Մարգարյանն արձանագրեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից ստացված գրությունների համաձայն, փաստորեն, Իշխան Բարսեղյանն առնվազն դատարան ներկայանալ ի վիճակի է, սակայն չի ներկայանում, և այս հիմքով նրա նկատմամբ նկատողության տեսքով սանկցիա կիրառեց՝ նշելով, որ այն գրավոր տեսքով կուղարկվի Բարսեղյանին:
Դատավորը հայտարարեց նաև, որ եթե Իշխան Բարսեղյանը շարունակի չներկայանալ, ապա նրա նկատմամբ ավելի խիստ սանկցիա կկիրառի: Այսինքն՝ ստացվում է, որ Իշխան Բարսեղյանը, նիստերի դահլիճում չգտնվելով, կհեռացվի նիստերի դահլիճից:
Դատական պրակտիկայում, երբ ամբաստանյալներին դահլիճից հեռացնում են, պաշտպանների մի մասը դիրքորոշում է հայտնում, որ առանց պաշտպանյալի ներկայության չի կարող իրականացնել նրա պաշտպանությունը, քանի որ իր պաշտպանյալի կողմից լիազորված չէ այդպիսի գործողություն կատարել: Նման պայմաններում փաստաբանները լքում են նիստերի դահլիճը:
Դատավոր Վաչե Մարգարյանը պատկերացրեց նաև այս իրավիճակը՝ հայտարարելով, որ եթե նման բան լինի, և Բարսեղյանի պաշտպանները նրա բացակայությամբ չիրականացնեն պաշտպանություն, ապա գործում հանրային պաշտպաններ կներգրավի:
Նշենք նաև, որ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ էլ դատավորը հայտարարել էր, թե առայժմ ձեռնպահ է մնում ամբաստանյալին բռնի ուժով դատարան բերելու գործընթացից:
Թե ի վերջո որ տարբերակով է Վաչե Մարգարյանն ապահովելու Իշխան Բարսեղյանի ներկայությունը նիստերին կամ առհասարակ կարողանալու է ապահովել, թե ոչ, առայժմ պարզ չէ:
Դատական նիստն այսօր ավարտվեց և հաջորդը նշանակվեց մարտի 22-ին:
Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ: Վերջինս ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերի 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ ենթադրյալ կաշառք ստանալու պահին: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Բարսեղյանը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, քաղաքացի Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էլզա Զաքարյանին: Վերջինս, ըստ մեղադրանքի, կաշառքի միջնորդություն է կատարել:
Բարսեղյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, ինչը նշանակում է, որ այս պահի դրությամբ Բարսեղյանը շարունակում է համարվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, վերջինիս աշխատավարձը շարունակում է փոխանցվել: Ավելին, վերջերս Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, որտեղ աշխատում էր Իշխան Բարսեղյանը, դարձել է քրեական գործերով դատարան: Ուստի Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ՝ Շենգավիթի քաղաքացիական գործերով դատավոր Իշխան Բարսեղյանը տեղափոխվել է Քանաքեռի քաղաքացիական դատարան:
Մեկնաբանել