HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Թերակշռման համար՝ կալանք, պետական վարկերը մսխելու համար՝ ոչ մի պատիժ

Արդարադատության նախարարությունը Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծով է հանդես եկել, որի մեխը Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածը չեղարկելու վերաբերյալ առաջարկն է: Իսկ այս հոդվածի չեղարկելով՝ պետական եւ միջազգային վարկերի ոչ նպատակային օգտագործումը կդադարի համարվել քրեական հանցագործություն:

Գործող Քրեական օրենսգրքի Հոդված 191-ի համաձայն՝ պետության կամ միջազգային կազմակերպության կամ միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրի կողմից տրամադրվող նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել անձանց, կազմակերպություններին կամ պետությանը՝ պատժվում է 300-500 հազար դրամի չափով, կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը` ֆիզիկական անձանց վնաս պատճառելու դեպքում, նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող գումարը` կազմակերպություններին կամ պետությանը վնաս պատճառելու դեպքում:

Օրենսդրական փոփոխությունների ընդունումից եւ ուժի մեջ մտնելուց հետո պետական վարկերը ոչ նպատակային օգտագործելու համար պատիժ չի սահմանվի։

Նախագիծն ավելի քան մեկ ամիս առաջ տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, սակայն վրիպել է բազմաթիվ իրավաբանների, քաղաքական գործիչների եւ տնտեսագետների ուշադրությունից:

Փոխարենը կայքում նախագծի վերաբերյալ կարծիքներ ու առաջարկություններ կան քաղաքացիներից: Կարծիքներից մեկում անթույլատրելի է համարվում Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի ապաքրեականացումը, քանի որ խոսքը ոչ միայն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելու մասին է, այլեւ պետության, ի դեմս՝ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների կամ այլ պետությունների տրամադրած վարկերի օգտագործման: Կարծիքի հեղինակը նշում է, որ օրենսդրությունը պետք է միտված լինի նման վարկերի օգտագործման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը:

Արդարադատության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել քաղաքացու առաջարկին՝ նշելով, որ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածով 2012-2017 թվականների ընթացքում քննվել է ընդամենը 2 գործ: Գերատեսչությունը նկատի ունի, որ դա շատ փոքր թիվ է, ասել է թե՝ հոդվածը պրակտիկայում չի էլ կիրառվում, դրա կարիքը չկա:

«Դրա քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտության բացակայության մասին է վկայում նաեւ միջազգային համապատասխան փորձը։ Վարկը ոչ նպատակային օգտագործելը նախատեսված չէ մի շարք երկրներում, օրինակ՝ Էստոնիայի, Գերմանիայի եւ Կանադայի քրեական օրենսգրքերով»,- նշված է նախարարության եզրակացության մեջ:

«Վարկային ծրագրերում ավելի շատ դեմագոգիա է»

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, որը ժամանակին հանդես է եկել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցողական դրույթների մասին առաջարկությամբ, «Հետք»-ի հետ զրույցում մեկնաբանելով պետական կամ միջազգային վարկերը ոչ նպատակային օգտագործելու արարքն ապաքրեականացնելու նախագիծը՝ ասում է, որ նման քայլով կառավարությունը պարտավոր է օրինակ ծառայել, թե ինչպես պետք է վարվել պետական կամ վարկային միջոցների հետ: Բանն այն է, որ այդ միջոցների օգտագործման համար կառավարությունը կրում է կոլեկտիվ պատասխանատվություն, քանի որ գումարները նախ մտնում են պետական բյուջե, այնուհետեւ՝ կատարող գերատեսչություններ կամ ՊՈԱԿ-ներ:

«Այլեւս տարբեր ոլորտների զարգացման փողերը ոչ թե տրվում են առանձին պաշտոնյաների, այլ նախ գալիս են կառավարություն՝ պետական բյուջե, հետո ցրվում ծրագրերի կատարման համար, ինչը նշանակում է, որ կառավարությունը կոլեկտիվ պատասխանատվություն է կրում գումարներն արդյունավետ ծախսելու համար: Իսկ կառավարությունն ինքն իրեն չի դատելու: Կառավարությանը ենթարկել պատասխանատվության ի՞նչ կնշանակի. վարչապետի՞ն, նախարարների՞ն, թե՞ այլ պաշտոնյաների տույժի ենթարկել»,-նշում է մեր զրուցակիցը:

Գագիկ Մակարյանն ասում է, որ, ցավոք, գործող Սահմանադրության մեջ բացակայում է պետական պաշտոնյաների պատասխանատվության ինստիտուտը: Եվ ընդհանրապես, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը կարծում է, որ վարկեր ստանալու գործընթացներն ի սկզբանե անհաջող են, ոչ արդյունավետ:

«Մեր վարկերը կամ դրամաշնորհները իրենց էֆեկտիվության աստիճանով շատ բարձր չեն: Դրանք երբեք չեն եղել հարյուրտոկոսանոց արդյունավետ ռեֆորմներ, որովհետեւ տեղացի պետական պաշտոնյաները տեխնիկական առաջադրանքները ոչ արդյունավետ են մշակում: Նրանք չունեն առաջարկները պետական շահի համար մշակելու մոտիվացիա: Երբեմն էլ նպատակը ոչ թե ռեֆորմն է լինում, այլ՝ փողը, փող ստանալը: Եվ հաճախ միջազգային դոնորները պարզապես ասում են՝ եթե այսինչ բանը կանեք, փող կտանք, եթե ոչ՝ ոչ: Հայաստանն այս առումով ունիկալ երկիր է: Երբեմն գրվում են ռեֆորմներ, որոնց մեր երկիրը դեռ պատրաստ չէ, դրանք ավելի շատ ապագայի համար են, բայց քանի որ փողը կա, գրվում են: Հիմնականում ծրագրերում դեմագոգիա է: Եթե ինչ-որ բան վատ է արվել, դա կոծկվել է, ներկայացվել որպես լավ կատարված, կամ խոստացվել է, որ կանեն: Եվ դոնորները աչք են փակել: Վերջին հաշվով, ստացվում է, որ նաեւ փող տվողը պետք է պահանջի, թե ինչ է արվում: Իսկ միջազգային խոշոր դոնորները, վարկ տալով, մտածում են՝ ինչպես էլ ծախսեն, մեկ է, մեր վարկերը վերադարձնելու են»,-ասում է Գագիկ Մակարյանը:

Կալանք՝ թերակշռման համար

Վերոնշյալ նախագծով արդարադատության նախարարությունը Քրեական օրենսգրքով պատասխանատվություն ենթադրող որոշ արարքներ տեղափոխում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք: Օրինակ՝ նախագծով մեղմացվում է ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու համար սահմանված պատիժը։ Գործող Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածը սահմանում է, որ ապրանքային նշանը, սպասարկման նշանը, ֆիրմային անվանումն ապօրինի օգտագործելը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով՝ 500 հազար դրամից մինչեւ 1 մլն դրամ, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:

Իսկ ինչպես հայտնի է, հայկական շուկայում ապրանքային նշանի կեղծման դեպքերի պակաս չկա:

Փոխարենը Քրեական օրենսգրքում պատիժ կսահմանվի թերակշռման եւ թերաչափման դեպքերի համար։ Թերաչափելը, թերակշռելը, թերահաշվելը, ապրանքի կամ ծառայության սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելը կամ այլ ձեւով խաբելը՝ ապրանքներ իրացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպություններում, անհատ ձեռնարկատիրոջ կողմից առեւտրի (ծառայությունների) ոլորտում, որը կատարվել է 30-50 հազար դրամի չափով՝ կպատժվի 100-500 հազար դրամ տուգանքով:

Նույն արարքը խոշոր չափերով (ավելի քան 50 հազար դրամ), մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կպատժվի 300-500 հազար դրամի տուգանքով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչեւ 3 տարի զրկելով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով:

Եթե խախտումն իրականացվել է կազմակերպված խմբի կողմից, ապա սահմանված է ավելի խիստ պատիժ՝ մինչեւ 2 տարվա ազատազրկում: Ազատազրկումը կարող է լինել 2-5 տարի, եթե արարքը մարդու մահվան է հանգեցրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter