Կիրակի, 23 սեպտեմբերի

Ինչ կառավարման համակարգ է ձևավորվում Հայաստանում. մաս III



սկիզբը

«Ընդդիմության» և «իշխանության» բովանդակային նույնականությունը

 «Միայն սեփականությունում է անձը բանական»

Գեորգ Հեգել

Հայաստանում ընթացող հանրային քննարկումների հիմնական հարցերից մեկն այն է, թե ինչո՞ւ ընդդիմադիր կուսակցություններին հանրությունը չի վստահում: Պարզ է, որ առանց հանրային աջակցության քաղաքական համակարգը չի կարող կայանալ:

Այս հարցի պատասխանը որոշիչ է հետագա քաղաքական զարգացումների համար: 

Տարածված տեսակետ կա` քանի որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, կուսակցությունները չեն կարող կայանալ: Սակայն ո՞րն է հիմնական պատճառը, որ հազարավոր մարդիկ ներգրավվում են հանրային վստահություն չվայելող նման ընտրությունների գործընթացում, և ի՞նչ պետք է փոխվի, որ լիարժեք և վստահելի ընտրությունների անցկացումը հնարավոր դառնա: 

Սկսած 1990 թվականից, երբ ՀՀՇ-ն եկավ իշխանության, մինչ մեր օրերը քաղաքական պայքարն ընթացել է նույն տրամաբանությամբ. դրա բովանդակային իմաստն եղել է կառավարման լծակներին տիրանալը և որպես հետևանք` հանրային ու պետական ունեցվածքին տիրապետելը, ինչի համար առաջանում էին ընդդիմադիր դաշինքներ` հիմնականում բաղկացած հանրային ունեցվածքի վերաբաշխման, տնտեսական մոնոպոլիաների ստեղծման գործընթաներից դուրս մնացած, նախկինում իշխանությունների անդամներից ու դրան մասնակցելու հայտ ներկայացրած նոր հավակնորդներից:

Հաջողության դեպքում ենթադրվում էր, որ «նախկինների» ունեցվածքը պետք է վերաբաշխվի «նորերի» միջևը: Որպես կանոն` «իշխանություններին» պարտված կազմակերպությունները որոշ ժամանականց, որպես կրտսեր գործընկերներ, իշխող խմբի կողմից ներգրավվում են հանրային ունեցվածքի վերաբաշխման գործընթացում:

Հանրությունն իր հերթին շարունակում է  նույն մտավոր տեղապտույտի մեջ մնալ` պահանջելով իշխանությունն անձնավորող անձին զրկել իշխանությունից, որից հետո պետք է «ինչ-որ» բան փոխվի: Վերաբաշխված սեփականության երաշխավոր հանդիսացող «նոր» անձը կարճ ժամանակ անց արժանանում է նույն վերաբերմունքին։  Քաղաքական սթափ գիտակցություն և կազմակերպչական ձևեր չունեցող զանգվածը հերթական անգամ մնում է ձեռնունայն, և հանրային դիսկուրսի հիմնական նպատակը նորից դառնում է հերթական «հրեշից» ազատվելը:Ժողովրդին «նոր» պայքարի համար մոբիլիզացնում են նախկին «հրեշները», որոնց իրական նպատակը սեփականության նոր վերաբաշխումն է: Այս պարզունակ սխեման յուրաքանչյուր ընտրական փուլում կրկնվում է, սակայն` որակական նոր դրսևորումներով:

Այդ տրամաբանությունը դիտարկենք փաստերով:

  • 1991-ի փուլ

1990-ին ՀՀՇ-ի հաղթանակը հասարակությունը ոգևորությամբ էր ընդունել` հույս ունենալով ազատվել կոմունիստական կոռումպացված համակարգից՝ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ։

1991-ին հրաժարական տվեց 1990-191թթ. վարչապետ Վազգեն Մանուկյանը: Հիմնական պատճառը նրա կադրային քաղաքականությունն էր: Մանուկյանը կառավարության աշխատանքներին ներգրավում էր նախկին` խորհրդային կադրերին` չբավարարելով իշխող ՀՀՇ-ի անդամների հավակնությունները: Դա «սեփականաշնորհման» ամենաեռուն շրջանն էր, երբ նախկին «ժողովրդական» ունեցվածքի հիման վրա նոր սեփականատերերի դաս էր ձևավորվում: 

  • 1996 փուլ

Նախագահի հիմնական թեկնածուներն էին Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա նախկին թիմակից Վազգեն Մանուկյանը, որի շուրջը համախմբվել էին շարունակվող սեփականաշնորհման և շուկայական տնտեսության բարիքներից զրկված Դաշնակցությունը, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, ՍԻՄ-ը և մի շարք այլ կուսակցություններ: Այդ ժամանակ արդեն դրվում է առաջին մոնոպոլիաներիհիմքը: Մանուկյանի կողմնակիցները քննադատում էին այդ ժամանակվա իշխանություններին «թալանի» և կոռուպցիայի համար: 1996-ից հետո, ըստ Վանո Սիրադեղյանի, իշխանության եկավ «ռազմական թևը»: 1997-ից, երբ Քոչարյանը դարձավ վարչապետ, սկսվեց սեփականության վերաբաշխման գործընթացը: ՀՀՇ նախկին ֆունկցիոներները, որոնք դուրս էին մնացել «ռազմական թևից», սկսեցին մեկուսացվել իշխանությունից: 

  • 1998 փուլ

1998-ին Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, և երկրում ստեղծվեց երկիշխանություն, որն ավարտվեց «Հոկտեմբերի 27-ի» ողբերգությամբ: Հատկանշական է, որ իշխանությունում ընդգրկվեցին և´ ԱԺՄ-ն, և´ Դաշնակցությունը, և´ մյուս նախկին ընդդիմադիր կուսակցությունները։

Խորհրդանշական է, որ իշխանությանը թալանի մեջ մեղադրող ԱԺՄ-ի կադրերը համալրեցին այդ ժամանակ ստեղծված Սեփականաշնորհման նախարարությունը, որի մասին այն ժամանակվա մամուլը լի էր բազմաթիվ հետաքրքիր փաստերով։ Այդ տարիներին, ըստ Պետական գույքի կառավարման վարչության տվյալների՝ «մասնավորեցվել է շուրջ 10 հազար «փոքր» օբյեկտ, 2 հազար  միջին և խոշոր ձեռնարկություն և 100-ից ավելի անավարտ շինարարության օբյեկտ»։ 

1995-ին նախագահի մեծ լիազորությունների համար Սահմանադրությունը խստորեն քննադատող ԱԺՄ-ի նույն անդամները ակտիվորեն մասնակցեցին 2015-ի Սահմանադրության ստեղծմանը։ Եթե 1996-ին հաղթեր Վազգեն Մանուկյանը, ապա, ամենայն հավանականությամբ, վարչապետի պաշտոնը կստանձներ Տիգրան Սարգսյանը։ Տիգրան Սարգսյանը 2008-ին դարձավ վարչապետ, որին շատերը քննադատում են կոռուպցիայի, ինչպես նաև` աննախադեպ չափերի հասնող արտաքին վարկեր փոխառելու համար։ Նույնը կարելի է ասել Դաշնակցության և մյուս` ավելի փոքր կուսակցությունների մասին, որոնք ընդգրկվեցին իշխանության մեջ։ Նախկին իշխանության անդամներից շատերը, որոնց մի մասին հանրությունը ճանաչում էր որպես կոռուպցիոներներ, համալրեցին ընդդիմության շարքերը և 2008-ին մոտ էին ռեւանշին։ 

Հետաքրքրական է, որ հանրության մեջ մեծ հեղինակություն ուներ և նախագահի հիմնական թեկնածուն էր Կարեն Դեմիրճյանը, որին տարիներ առաջ համարում էին Խորհրդային Հայաստանի կոռուպցիայի մարմնավորողը, իսկ մի քանի տարի անց նա արդեն արդարության մարմնացումն էր։ 

  • 2008-փուլ

2008-ին Տեր-Պետրոսյանն ընդդիմության հիմնական թեկնածուն էր եւ իշխանությանն անվանում էր «ավազակապետություն», «թաթար-մոնղոլներ», սակայն իր թիմում ընդգրկված էին բազմաթիվ մարդիկ, որոնց ժամանակին հանրությունը մեղադրում էր կոռուպցիայի մեջ։ Ավելին, նա հայտնի օլիգարխներին ու իշխանության կարկառուն դեմքերին Ազատության հրապարակից կոչ էր անում միանալ իրեն, և Մարտի 1-ից առաջ գործող իշխանությունն, իրոք, փլուզման եզրին էր։ Հետագայում Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված բազմաթիվ անձինք համալրեցին իշխանության շարքերը, և «ավազակապետության» կազմում տարբեր պետական պաշտոններ ստացան։ 

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի հիմնական խնդիրը հանրության կողմից ոչ լեգիտիմ ճանաչվող սեփականությունն է, և ցանկացած իշխանափոխություն հղի է սեփականության վերաբաշխմամբ, իսկ ընդդիմադիր կոալիցիաների հիմնական նպատակը, որոշ բացառություններով, եղել է սեփականության նոր վերաբաշխմանը մասնակցելը։ Իր հերթին իշխող շերտը ցանկացած եղանակով պաշտպանել է տնտեսության ոլորտում իր ունեցած ստատուս քվոն։ 

Ընդդիմադիր համարվող ուժերը երբեք չեն առաջադրել սեփականության լեգիտիմության, նախկին տնտեսական չարաշահումների համար հանրությանը փոխհատուցելու ու դրանից բխող տնտեսական ռեֆորմների խնդիրը։ Հանրությունը, անկախ ընտրությունների արդյունքներից, ցանկացած պարագյում հուսալքության  մեջ է հայտնվում։ 

Հայաստանի ընտրական գործընթացներում ներգրավվում են հազարավոր մարդիկ` գործարարներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, դատավորներ, դատախազներ, իրավապահ մարմինների վերին օղակների ներկայացուցիչներ: Նրանք բոլորը պաշտպանում են իրենց սեփականությունը, որը հանրությունը համարում է անօրինական: 

Առանց սեփականության լեգիտիմության խնդիրըլուծելու, նաև հանրությանը փոխհատուցելու հիմնահարցի առաջադրման, հնարավոր չէ որևէ արդյունավետ քաղաքական, այդ թվում` նաև ընտրական գործընթացներ, որոնք կվայելեն հանրության վստահությունը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ