Լարված մթնոլորտ դատարանում. Շամիրամի սգո սրահում տեղի ունեցած սպանության գործով ամբաստանյալին հեռացրին դահլիճից
Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի սգո սրահում տեղի ունեցած սպանության գործով երկրորդ դատական նիստն անցնում է ավելի լարված, քան առաջինը:
Դատական նիստի մեկնարկին՝ այն ժամանակ, երբ ամբաստանյալները ներս բերվեցին, տուժողները, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն ու վերջիններիս հարազատները մեծ աղմուկ բարձրացրին և եզդիերեն ինչ-որ արտահայտություններ հնչեցրին նրանց հասցեին: Ամբաստանյալ Թելման Քալաշյանը, որը նախորդ դատական նիստին չէր արձագանքել տուժող կողմին, այս անգամ բարձր բղավելով, դարձյալ եզդիերենով ինչ-որ բան ասաց, և տուժող կողմն էլ ավելի բուռն արձագանքեց: Դատարանում իրավիճակն այն աստիճան լարվեց, որ դատական կարգադրիչները պատ կազմեցին՝ դահլիճում ներկաների հնարավոր տեղաշարժը թույլ չտալու համար, իսկ ամբաստանյալներ Թելման Քալաշյանն ու Քյարամ Քալաշյանն արագ հեռացվեցին դահլիճից:
Դատական նիստերի դահլիճ եկած դատավոր Սուրեն Մնոյանը կողմերին զգուշացրեց, որ նմանատիպ պահվածք դրսևորելու դեպքում դահլիճում ներկաները կհեռացվեն, որից հետո միայն կարգադրեց ամբաստանյալներին վերադարձնել դահլիճ: Դատական նիստը որոշ ժամանակ շարունակվեց համեմատաբար հանգիստ մթնոլորտում, ապա իրավիճակը դարձյալ լարվեց: Ներկաներից մեկը սպանության մեջ մեղադրվող Թելման Քալաշյանին ավազակ անվանեց:
«Ավազակի փողը ո՞նց եք տալու»,- տեղից արձագանքեց Թելման Քալաշյանը, և տուժող կողմում իրավիճակը կրկին լարվեց: Դատարանը Թելման Քալաշյանին մեկ ժամով հեռացրեց նիստերի դահլիճից: Նմանատիպ սանկցիա կիրառեց նաև տուժողների իրավահաջորդներից և հարազատներից մեկի նկատմամբ:
Հիշեցնենք, որ 2017թ. օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղի գերեզմանատան մոտ տեղակայված սգո սրահում տեղի էր ունեցել առանձնապես ծանր հանցագործության դեպք: Սգո սրահում կրակոցներ էին հնչել, որի հետևանքով 4 անձ մահացել, իսկ 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ազգությամբ եզդի Թելման Քալաշյանին: Քննչական կոմիտեի կողմից տրված տեղեկության համաձայն՝ 2012-2013 թվականներին Քալաշյանը տոկոսով 75.000 ԱՄՆ դոլար գումար է տվել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Խուդոյան եղբայրներին, որոնք նույնպես ազգությամբ եզդի են: Պայմանավորվածության համաձայն՝ եղբայրները երկու տարվա ընթացքում Թելման Քալաշյանին մաս-մաս տվել են ընդհանուր 45.000 ԱՄՆ դոլար, սակայն հետագայում իրենց ձեռնարկած առևտրային գործունեության ձախողման պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները և վերադարձնել հիմնական գումարը, ինչի մասին տեղեկացրել են Թելման Քալաշյանին:
Չընդունելով բերված պատճառաբանությունները՝ Թելման Քալաշյանն, ըստ նախաքննական մարմնի, պարբերաբար դիմել է հինգ եղբայրների բարեկամներին և ընկերներին, այդ թվում՝ Գերման Քյարամյանին՝ ակնկալելով իր գումարը և տոկոսադրույքները ստանալու հարցում նրանց միջամտությունը: Հերթական անգամ՝ 2017թ. օգոստոսի 1-ի առավոտյան, Թելման Քալաշյանը գումարային պահանջով հեռախոսազրույց է ունեցել Գերման Քյարամյանի հետ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ։
Տեղեկանալով, որ Գերման Քյարամյանը, ինչպես նաև Խուդոյան հինգ եղբայրների բարեկամները և ընկերները գտնվում են Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատան մոտ տեղակայված սգո սրահում և մասնակցում են եզդիների «Խեր» ազգային ծիսակատարությանը, Թելման Քյարամյանն, ըստ քննություն իրականացնող մարմնի, իր մեքենայով գնացել է Շամիրամ համայնք և հասնելով նշված վայր՝ հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ՝ միաժամանակ փորձելով ամբոխի մեջ գտնել Գերման Քյարամյանին:
Արձակված կրակոցների հետևանքով 4 անձ մահացել է, ևս 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշենք, որ վնասվածք ստացած և մահացած անձանց մեջ Գերման Քյարամյանը չկա:
Գործի քննության արդյունքում, ըստ նախաքննությունն իրականացնող մարմնի, պարզվել է, որ դեպքի ժամանակ Քալաշյանին փախուստի դիմելու հարցում օգնել է հորեղբայրը: Վերջինս ևս այս գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել՝ հանցագործությունը պարտակելու մեղադրանքով:
Ըստ քննություն իրականացնող մարմնի՝ Թելման Քալաշյանը քննության ընթացքում նաև սուտ մատնություն է կատարել՝ հայտնելով, թե իրեն դեպքի նախորդ օրը ծեծել են:
Վերը նշված հանգամանքների շրջանակներում Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ համապատասխանաբար շատերի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով երկու և ավելի անձանց սպանությունը, վաշխառությունը, ապօրինի զենք կրելը և սուտ մատնություն կատարելը:
Թելման Քալաշյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի պնդմամբ՝ դեպքի օրն իր պաշտպանյալը հոգեկան խիստ հուզված վիճակում է գտնվել: Պաշտպանական կողմը պնդում է, որ Քալաշյանը Խուդոյան եղբայրներին պարտքով 100 000 դոլար գումար է տվել, սակայն վերջիններս 25 000 դոլարը վճարելուց հետո հրաժարվել են գումարի մնացած մասը վերադարձնելուց: Քալաշյանի դուստրը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, և Խուդոյան եղբայրների հարազատների միջոցով նա պարբերաբար պահանջել է գումարը, որպեսզի կարողանա հոգալ դստեր բուժման ծախսերը: Ըստ պաշտպանական կողմի՝ դեպքի նախորդ օրը Խուդոյանների ազգական Գերման Քյարամյանը ծեծել է Թելման Քալաշյանին, ստորացրել, իսկ դեպքի օրը հեռախոսազրույցի ժամանակ հայհոյանքներ հնչեցրել Թելման Քալաշյանի կնոջ և մոր հասցեին: Թելման Քալաշանն, ըստ պաշտպանական կողմի, բացի Գերման Քյարամյանից սգո սրահում գտնվող որևէ այլ անձի դեմ որևէ բան չի ունեցել:
Ինչ վերաբերում է Թելման Քալաշյանի հորեղբորն առաջադրված մեղադրանքին, ապա վերջինս ևս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, հայտնում է, որ դեպքից հետո երեք մեքենայով Թելմանին հետապնդել են, որ սպանեն, և ինքը պարզապես նրան այնտեղից փախցրել է:
Նշենք, որ դեպքի ժամանակ սպանված և վիրավորված անձինք բոլորն ազգությամբ եզդի են:
Մեկնաբանել