HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավստրալիայում մեկնարկել են Արայիկ Հարությունյանի աշխատանքային հանդիպումները

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 15-ին այցելել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարան:

Պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը
հայտնում է, որ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի
անդամներին և խումբը նախագահող, խորհրդարանի անդամ Ջոնաթան Օ՛Դեային:
Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Նոր Հարավային Ուելսի խորհրդարանին
Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու և ինքնորոշման իրավունքը հարգելու համար:
Իր հերթին Ջոնաթան Օ՛ Դեան ողջունել է Ա. Հարությունյանի այցը Ավստրալիա և, հատկապես,
Նոր Հարավային Ուելս՝ նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա երկկողմ կապերի ամրապնդման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության հետագա զարգացման հետ կապված
մի շարք հարցեր:
Այցի ընթացքում Ա. Հարությունյանը Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանի հարակից Խաղաղության այգում գտնվող հուշաքարի մոտ իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև պետական նախարարը հանդիպում է ունեցել ավստրալահայ մի խումբ գործարարների հետ, որի ընթացքում ներկայացրել է «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության իրականացրած ծրագրերի առանձնահատկություններն ու հաջողությունները Արցախի վերաբնակեցված շրջաններում: Նա շեշտադրել է անցած ինը տարիների ընթացքում այդ ծրագրերի նշանակությունն Արցախի տնտեսական ակտիվության և բնակչության կյանքի որակի բարելավման համար:

Սփյուռքահայ գործարարները Ա. Հարությունյանին են հղել ներկայացված ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Հանդիպման վերջում որոշ գործարարներ հայտնել են ԱՐԻ-ի բաժնետեր դառնալու իրենց ցանկության մասին:

Ա. Հարությունյանը այնուհետև մասնակցել է Ավստրալիայում ԱՀ մշտական ներկայացուցչության կողմից՝ ի պատիվ պետական նախարարի այցելության կազմակերպված պաշտոնական ճաշկերույթին, որին ներկա էին ավստրալահայ համայնքի գրեթե բոլոր քաղաքական և մշակութային կազմակերպություններից ավելի քան 120 պատվիրակներ:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի ներկայացուցիչներին հայրենիքից հեռու հայկականությունը վառ պահելու և հայրենիքին մշտապես սատար կանգնելու համար: Նա ընդգծել է, որ դեռևս 90-ական թվականներից ավստրալահայերն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Արցախի ինչպես հումանիտար խնդիրների լուծման, այնպես էլ ներդրումային ծրագրերի իրականացման գործում: Ա. Հարությունյանը, ի նշան երախտագիտության, Արցախյան շարժման 30-ամյակի հուշամեդալներով է պարգևատրել Ստեփանակերտի «Նաիրի» հյուրանոցի հիմնադիր-համասեփականատերեր ավստրալահայեր՝ Հակոբ Ապօլաքեանին, Փօլ Մենծյակոբեանին, Միհրան Ապօլաքեանին, Կարօ Սեթեանին և Վարուժան Իսկանդարեանին:

Օրվա վերջում Ա. Հարությունյանն այցելել է Նոր Հարավային Ուելսի հայ Ավետարանչական ընկերակցություն, որտեղ հանդիպել է պատվելի Գրիգոր Եմուշակյանին և համայնքի ներկայացուցիչներին: Հոգևոր համայնքում Ա. Հարությունյանը ներկա է գտնվել նաև արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությանը:

Նշենք, որ պետական նախարարի քաղաքական հանդիպումները կազմակերպվում են ՀՅԴ Ավստրալիայի կենտրոնական կոմիտեի և Հայ Դատի տեղի հանձնախմբի գործուն աջակցությամբ:

Հանդիպումների ընթացքում Ա. Հարությունյանին ուղեկցում է Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը:

Պետական նախարարի աշխատանքային հանդիպումներն Ավստրալիայում շարունակվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter