HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Նախարարությունը հրաժարվել է «Պանտեռայի» ծառայություններից

Ընդամենը կես տարվա համագործակցությունից հետո Բնապահպանության նախարարությունը հրաժարվել է մասնավոր պահնորդություն իրականացնող «Պանտեռա Սեքյուրիթի» ընկերության ծառայությունից:

Հիշեցնենք, որ «Պանտեռան» նախորդ տարվա սեպտեմբերից պայմանագիր էր կնքել Բնապահպանության նախարարության հետ՝ պարտավորվելով հսկել «Դիլիջան» ազգային պարկի հինգ տեղամասերից երեքը: Սա փորձնական ծրագիր էր, որից նախարարությունում մեծ ակնկալիքներ ունեին:

Նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը «Հետք»-ի հետ զրույցում ներկայացրեց մասնավոր պահնորդական ընկերության ծառայությունից հրաժարվելու պատճառները: Նախարարությունը «Պանտեռային» ներկայացրել է ծառայությունների իրականացման ամբողջական պատասխանատվության պահանջ, այսինքն, խաղի նոր կանոնների համաձայն, ընկերությունը պետք է շահագործեր սեփական տեխնիկան, ավտոմեքենաները, այլ ոչ՝ Ազգային պարկինը: «Պանտեռա Սեքյուրիթիի» առաջ հարց է դրվել նաեւ ավելի որակյալ պահնորդներ ներգրավելու վերաբերյալ: Ընկերությունը դրա դիմաց պահանջել է 82 մլն 800 հազար դրամ ամսական գումար: Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Պանտեռան» 6 ամսվա համար առաջարկել էր 55 մլն 500 հազար դրամ:

«82 մլն-ը բավականին մեծ գումար է, եւ մենք չկարողացանք այդ պահանջը բավարարել»,-ասում է Հովհաննես Հովհաննիսյանը: Հարցին, թե հիմա ի՞նչ է լինելու, նախարարության աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Ապրիլի 1-ից նոր պիլոտային ծրագիր ենք իրականացնելու Ազգային պարկի երկու տեղամասում, որից մեկը՝ ռիսկային: Անցնում ենք 24-ժամյա ռեժիմի: Ծառայությունն իրականացվելու է հերթափոխերով: Ամեն հերթափոխ 1 օր աշխատելու է, 3 օր՝ ոչ: Եվ այսպես՝ չորս հերթափոխով: Պարգեւատրման համակարգ ենք մտցրել, որը կբերի նաեւ աշխատավարձերի բարձրացման: Նորմալ աշխատելու պարագայում մարդիկ կխրախուսվեն պարգեւատրման տեսքով: Ուժեղացվել է նաեւ հատուկ ջոկատը: Ավելացվել է մարդկանց թիվը»:

Մասնավոր պահնորդական ընկերության կողմից Ազգային պարկի վերահսկման արդյունավետության վերաբերյալ պաշտոնյան ասաց. «Չստացանք էն, ինչ ակնկալում էինք, բայց դրական բաներ կային: Նախ՝ Ազգային պարկի աշխատողներն էլ զգաստացան»:

Այս ամենը լրացուցիչ ծախսեր ենթադրում է, բայց Հովհաննիսյանն ասում է, որ Դիլիջան ազգային պարկն ունի ֆինանսավորման երեք աղբյուր՝ պետական բյուջե, սեփական միջոցներ՝ հավաքագրվող ձեռնարկատիրական գործունեությունից, եւ Կովկասի Բնության Հիմնադրամի (CNF) դրամաշնորհները:

Նախատեսվում է ժամանակակից տեխնիկական լուծումներով հասնել Ազգային պարկի առավել արդյունավետ պահպանության:

Մեկնաբանություններ (1)

ճճ
Բա հիմա «բեսպիլոտնիկներն» ով ա քշելու ծառերի գլխին? Մի ձեւ կա, եթե էտ փայտ գողացողներին ամիսը 8 մլոն դրամ տան (82 -ի փոխարեն) իրենք հաստատ կթարգեն էդ ծանր գործը: Մի ձեւ էլ կա՝ անտառը լրիվ դնում են հանքի տակ, ծառերը հնձում ու միլիարդների եկամուտ ստանում միանգամից, հետագայում էլ լրիվ ազատվում անտառ պահելու հոգսից! Չհաշված հանքատերերի շաբաշը!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter