Կիրակի, 23 սեպտեմբերի

Դատարաններում տեղադրված «Դատալեքս» տեղեկատվական կրպակներն իրենց նպատակին չեն ծառայում



Շուրջ մեկ ամիս պահանջվեց, մինչև Դատական դեպարտամենտից կարողացան պատասխանել, թե դատարանների շենքում «Դատալեքս» հանրային տեղեկատվական քանի կրպակ է տեղադրված, ինչու դրանք չեն գործում, և սպասարկման համար որքան գումար է հատկացված: Դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը մեր գրությունը մեկ օր անց հասցեագրել էր Արդարադատության նախարարության դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Տաթևիկ Դավթյանին` պատճառաբանելով, թե «Դատալեքս» հանրային տեղեկատվական կրպակները հաշվառված են նախարարության ԾԻԳ-ում:

ԾԻԳ-ի ղեկավարն էլ իր հերթին գրություն էր ուղարկել Կարեն Փոլադյանին, թե հարցվող տեղեկատվությունը վերաբերում է դատարաններում փաստացի գտնվող «Դատալեքս» տեղեկատվական պորտալների առկա վիճակին: Դրանց վերաբերյալ տեղեկատվությունը տնօրինում է Դատական դեպարտամենտը: Հենց Դեպարտամենտն է իրավասու պատասխանել այդ հարցերին:

«Հակառակ դեպքում Դատաիրավական ԾԻԳ-ը պետք է դիմի Դատական դեպարտամենտ՝ այդ տեղեկատվությունը ստանալու, ապա դիմումատուին փոխանցելու համար, ինչը նպատակահարմար չէ և չի բխում օրենքի դրույթներից»,- նշել էր ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատարը:

Ուշագրավ է, որ Դատական դեպարտամենտը, անտեսելով օրենքի պահանջը, հարցումներ չի ընդունում էլեկտրոնային տարբերակով: Դրանք կամ պետք է առձեռն տարվեն գրասենյակ, կամ ուղարկվեն փոստով:

Գրությունների` մեկ ամիս տևած «փոխանակումից» հետո Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ Հայաստանում գործող բոլոր դատարաններում, այդ թվում՝ նստավայրերում տեղադրված է մեկական տեղեկատվական կրպակ: Մեկ կրպակ էլ տեղադրված է դատարանների արխիվում: Ընդհանուր առմամբ, տեղադրված է 49 «Դատալեքս» հանրային տեղեկատվական կրպակ, որոնք ներկայումս տեխնիկական կամ ծրագրային պատճառներով չեն գործում և չեն սպասարկվում: Նրա փոխանցմամբ՝ տեղեկատվական կրպակների սպասարկման համար Դեպարտամենտին պետական բյուջեով երբևէ գումարներ չեն հատկացվել:

Նշենք, որ «Դատալեքս» տեղեկատվական ապարատները տարիներ շարունակ դատարանների շենքում ծառայում են որպես ցուցանակներ: Դրանց վրա փակցնում են գրություններ՝ «Չաղմկել», «Չծխել», երբեմն էլ փակցրած սլաքներով ցույց են տալիս նիստերի դահլիճի, գրասենյակի տեղը և այլն:

Դատաիրավական ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատարը նշեց, որ «Դատալեքս» տեղեկատվական կրպակների ծրագիրն իրականացվել է Նիդերլանդների Թագավորության տրամադրած ֆինանսական աջակցության հաշվին: Հայաստանի պետական բյուջեի միջոցներից այդ կրպակների ձեռքբերման կամ շահագործման համար միջոցներ չեն օգտագործվել:

«Դատալեքս տեղեկատվական կրպակների նվիրաբերող ծրագրին առնչվող փաստաթղթերի ամբողջական փաթեթը ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ԾԻԳ»-ի արխիվում չի պահպանվել, քանի որ հիշյալ ծրագիրը մեկնարկել է դեռևս 2008 թվականին»,- նշում է Տաթևիկ Դավթյանը` հավելելով, որ չի կարող պատասխանել մեր այն հարցին, թե որքան գումար է ծախսվել կրպակները ձեռք բերելու համար: Համապատասխան տեղեկատվությունը բացակայում է:

ԾԻԳ-ի ղեկավարը փոխանցում է, որ այդ կրպակները տեղադրվել են դատարաններում և այլ հաստատություններում` հանրությանը տեղեկատվություն տրամադրելու նպատակով, այդ թվում՝ դատական գործերի վարույթի և շարժի վերաբերյալ, դատական համակարգում սպասարկվող «CAST» դատական գործերի կառավարման և վարչարարության կիրառական ծրագրից:

Բացի այդ,  դրանց միջոցով պետք է հանրությանը տրամադրվեր իրական ռեժիմով տեղեկատվություն՝ պետական կառավարման մարմինների պաշտոնական ինտերնետային կայքերից և արդարադատության նախարարության «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող Հայաստանի օրենսդրության «ԱՐԼԻՍ» տեղեկատվական շտեմարաններից: Ինչպես նաև` հնարավորություն տրվեր քաղաքացիներին իրականացնել վճարումների հետ կապված գործառույթներ, այդ թվում՝ դատական գործերով պետական տուրքի վճարումը, այլ տեսակի պետական տուրքերի վճարումը, կրպակի վրա արտացոլված տեղեկատվության տպագրումը և այլն:

ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատարը նշում է, որ 2008թ.` «Դատալեքս» տեղեկատվական պորտալներին վերաբերող ծրագրի մեկնարկի ժամանակ, դեռևս ստեղծված չէր www.datalex.am տեղեկատվական կայքը: Կրպակների ձեռքբերման և շահագործման նպատակներն առավել արդիական և հրատապ էին հենց այդ ժամանակ: Տաթևիկ Դավթյանի փոխանցմամբ՝ ներկայումս www.datalex.am տեղեկատվական կայքը մեծամասամբ ծառայում է այն նպատակներին, որոնց համար տարիներ առաջ ձեռք են բերվել տեղեկատվական կրպակները:

Նա փաստում է, որ այդ տեղեկատվական կրպակներն արդեն բավականին հնացած են և ամբողջությամբ արդիականացման ու թարմացման կարիք ունեն: Արդարադատության նախարարությունը ներկայումս ուսումնասիրում է կրպակների հետագա արդիականացման և դրանք հանրային տեղեկատվության մատչելիության ապահովմանն ուղղված այլ նպատակներով կամ էլեկտրոնային արդարադատության ծրագրերի շրջանակներում օգտագործելու համար համապատասխան լուծումներ, այդ թվում՝ ֆինանսական միջոցներ գտնելու հարցը:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում 2010թ. հոլանդական դրամաշնորհային ծրագրով արդարադատության նախարարությանը մոտ 435 մլն 484 հազ. դրամ էր հատկացվել: Նշված միջոցները հիմնականում ուղղվել են դատաիրավական համակարգում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու և հանրային իրազեկումը բարձրացնելու նպատակով իրականացվող ծրագրերի ֆինանսավորմանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ