HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Վկան պնդում էր՝ Սարի թաղում ոստիկանները չեն կրակել

Սարի թաղում 2016-ի հուլիսի 19-ին ոստիկանների նկատմամբ բռնություններ գործադրելու մեջ մեղադրվող 10 սարիթաղցիներից է նաեւ Սարգիս Գրիգորյանը: Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի ասելով` դեպքի օրը Սարգիսն աշխատանքից վերադառնալիս է եղել, որտեղ էլ հանդիպել է քաղաքացիների եւ ակամա դարձել իրադարձության մասնակիցը։

Առանձնացված այս գործով շարունակվում է վկաների հարցաքննությունը։ Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նիստին, հարցաքննվեց վկա, ոստիկանության աշխատակից Ազարյա Գեւորգյանը։ Նա նշեց, որ ծառայության ընթացքում փակել են Խորենացի փողոցը, կանխել քաղաքացիների մուտքը ՊՊԾ գնդի տարածք, իսկ քաղաքացիները փորձել են այն բացել, որի արդյունքում առաջացել է բախում։ «Փորձում էին ճանապարհը բացել, հետո սկսվեցին բախումները։ Հետ ուղարկեցինք, սկսեցին քարերով հարվածներ հասցնել»,- հայտնեց վկան։ Ազարյան բախման հետեւանքով որեւէ վնասվածք չի ստացել, նրա հագուստն անգամ չի կեղտոտվել։ Ըստ նրա՝ հավաքված քաղաքացիները մոտ քսան հոգի են եղել, 30-45 տարեկան տղամարդիկ, որոնցից 6-7-ը քարեր են շպրտել։ Բախումը տեւել է 5-10 րոպե։

Վկան հայտնեց, որ կրել է  AK 74 ինքնաձիգ, սակայն կրակոց չի արձակել, չի լսել նաեւ այլ ոստիկանի կողմից հնչեցված կրակոցի ձայն։ Սարգիս Գրիգորյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ տուժողներից մեկը դատարանում պնդել է, որ ինքը կրակոց է արձակել, իսկ վկան հակառակն է պնդում: Ազարյա Գեւորգյանն ասաց, որ չի հիշում։

Նա նշեց նաեւ, որ քաղաքացիները դրսեւորել են ագրեսիվ վարքագիծ, բացի քարերից` այլ առարկաներ չի տեսել։ Իսկ ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանին չի հիշում։

Դատախազ Գեւորգ Գեւորգյանը, հակասություններ տեսնելով դատարանի դահլիճում եւ նախաքննության ընթացքում վկա Ազարյա Գեւորգյանի տված ցուցմունքների միջեւ, միջնորդեց  հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները։

Նախաքննության ընթացքում վկան նշել էր, որ սարիթաղցիները փորձել են ճանապարհը բացել կանանց ու երեխաների համար։ Նշել էր նաեւ, որ ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ քաշքշուկ է եղել, հավաքված քաղաքացիները քարերից բացի այլ առարկաներ են նետել։

Իսկ դատարանում վկան պնդել էր, թե կին չի տեսել, սակայն քննիչի մոտ տված ցուցմունքում նշել էր, որ տեսել է նկարահանող մի աղջկա։

Վկան նկարագրել էր քաղաքացիներից երկուսին. «Հիշում եմ, որ ագրեսիվ էր մի դեղին մայկայով տղա, նաեւ` մի սեւ գլխարկով տղա, չեմ տեսել, թե նրանք ինչ-որ մեկին հարվածում են, թե ոչ, բայց անընդհատ առաջ էին գալիս եւ հայհոյում»։

Տեսանյութը նայելուց հետո վկան նշել էր, որ «սեւ գլխարկով անձը հայտարարություն է արել, որ պագրիշկաները կվառեն, կնետեն»։

Այս գործով հաջորդ նիստը կլինի ապրիլի 5-ին։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter