HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Սպառողական վարկերի ծավալը մեկ տարում 23%-ով աճել է. վարկավորման վերջին ցուցանիշները

Հայաստանի առևտրային բանկերի տրամադրած վարկերի կազմում ամենամեծ կշիռն ունեն սպառողական վարկերը, որոնց ծավալը մեկ տարում զգալի աճել է։ Ավելացել է նաև ընդհանուր վարկերի ծավալը։ Հոդվածում ամենաթարմ ցուցանիշներն են՝ որ ոլորտներն են վարկավորում բանկերը, և որ բանկերն  են ամենաշատը վարկ տրամադրում։ 

Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հրապարակած վերջին տվյալներով`  Հայաստանի  առևտրային բանկերի` ռեզիդենտներին տրամադրած վարկերի ծավալն  այս տարվա հունվարի վերջի դրությամբ կազմել է 2 տրլն 374.7 մլրդ դրամ (չհաշված ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտին տրամադրած վարկերը): Հիշեցնենք, որ Հայաստանում գործում է 17 առևտրային բանկ, ներկայացվածը նրանց տրամադրած վարկերի ընդհանուր ծավալն է այս տարվա հունվարի վերջի դրությամբ։ 

2017-ի հունվարի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 329 մլրդ դրամով կամ 16%-ով։ Սա, իհարկե, չի նշանակում, որ 2017 թվականի ընթացքում ուղիղ 329 մլրդ դրամի վարկ է տրվել։ Բանն այն է, որ վարկային պորտֆելն անընդհատ փոփոխվում է՝ տրվում են նոր վարկեր, մարվում հին վարկերը։ Մենք պարզապես համեմատում ենք երկու տարիների հունվարի վերջին առկա ցուցանիշները։ Եվ չենք կարող կոնկրետ ասել, թե տարվա ընթացքում որքան վարկ է տրվել, որքան վարկ է մարվել։ 

Դինամիկան ցույց է տալիս, որ վերջին մեկ տարում բանկերում թե՛ տոկոսային առումով, թե՛ բացարձակ թվով դրամային վարկերն ավելի շատ են աճել, քան արտարժույթով վարկերը։ Այնուամենայնիվ, վարկային պորտֆելում շարունակում են գերակշռել արտարժույթով վարկերը։ Խոսքը հիմնականում դոլարային վարկերի մասին է։ Հունվարի վերջի դրությամբ վարկային պորտֆելի 61.5%-ն արտարժույթով վարկերն են, 38.5%-ը՝ դրամայինները։ 

2018-ի հունվարի դրությամբ, 2017-ի նույն ամսվա ցուցանիշների  համեմատ, դրամային վարկերի ծավալն աճել է 215.6 մլրդ դրամով կամ 30.9%-ով, իսկ արտարժույթով վարկերը՝ 113.6 մլրդ դրամով կամ 8.4%-ով։ Նշենք, որ արտարժույթով վարկերի ծավալը ԿԲ-ն ներկայացնում է` վերածելով դրամի։

Ներառված չեն ֆինանսական և ապահովագրական գործունեությանը տրամադրված վարկերը։

Առաջին ինֆոգրաֆիկայում կնկատեք, որ 2014-ի հունվարի համեմատ 2015-ի նույն ամսում վարկային պորտֆելի զգալի անկում է գրանցվել։ Հիշեցնենք, որ դա հիմնականում պայմանավորված էր 2014-ի վերջերին դրամի կտրուկ արժեզրկմամբ, որը ֆինանսական շուկայում իսկական իրարանցում առաջացրեց։

Այսօր բանկերի վարկերի կազմում ամենամեծ բաժինն ունեն սպառողական վարկերը։ Այս տարվա հունվարի վերջի դրությամբ առևտրային բանկերում սպառողական վարկերի ընդհանուր  ծավալը կազմել է 523.3 մլրդ դրամ։ Մեկ տարում այս ցուցանիշն աճել է ավելի քան 98 մլրդ դրամով կամ 22.7%-ով։ Ընդհանուր առմամբ, սպառողական վարկերը կազմել են վարկերի ընդհանուր ծավալի 22.4%-ը։  Սպառողական վարկերը ներառում են ավտովարկերը, քարտային, կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման, ոկսու գրավով և այլ վարկերը։ Սպառողական վարկերի ընդհանուր աճը պայմանավորված է հիմնականում հենց այս վերջին տողով՝ այլ վարկերով։ Այդ վարկերի ծավալը մեկ տարում աճել է մոտ 70 մլրդ դրամով և կազմել մոտ 172 մլրդ դրամ։ Քարտային վարկերի ծավալն էլ մեկ տարում ավելացել է մոտ 16 մլրդ դրամով՝ հունվարի վերջին կազմելով 169.7 մլրդ դրամ։  Իսկ, օրինակ, կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկերի առումով փոփոխությունը փոքր է։ Նույնն էլ` ավտովարկերի ու ոսկու գրավով վարկերի։ Սա կարող է նշանակել, որ ոչ թե բնակչության գնողունակությունն է աճել, որ մարդիկ կարողանային իրենց թույլ տալ թեկուզ վարկերի միջոցով տեխնիկա գնել, այլ որ մարդիկ վարկեր են վերցրել ընթացիկ կարիքների համար կամ ունեցած հին վարկերը մարելու։ 

Ծավալով սպառողական վարկերին հաջորդում են արդյունաբերության և առևտրի ոլորտներին տրված վարկերը։ 2017-ի հունվարի վերջի համեմատ այս տարվա հունվարին  արդյունաբերության ոլորտին տրված վարկերն աճել են 6.8%-ով, իսկ առևտրի ոլորտի վարկերը՝ 19.2%-ով (վարկերի ծավալն ըստ ոլորտների տե՛ս վերևի ինֆոգրաֆիկայում)։ 

Մնացած ոլորտները համեմատաբար քիչ են վարկավորվում։ Տրանսպորտի և կապի ոլորտի վարկային պորտֆելը մեկ տարում գրեթե չի փոփոխվել։ Սա ամենաքիչ վարկավորվող ոլորտն է։ Գյուղատնտեսության առումով ևս փոփոխությունն էական չէ։ 

Շինարարության ոլորտին տրամադրված վարկերի ծավալը 2017-ի հունվարի համեմատ աճել է 32 մլրդ դրամով կամ 31.7%-ով, սպասարկման ոլորտինը՝ 23.6 մլրդ դրամով կամ 12.2%-ով, հիպոթեքային վարկերը՝ 24.4 մլրդ դրամով կամ  13.3%-ով։ Մնացած ոլորտների վարկերը միասին ավելացել են ավելի քան 60 մլրդ դրամով կամ 40.4%-ով։ 

Վարկային պորտֆելով առաջին տեղում Ամերիաբանկն է, վերջին տեղում ՝ Մելլաթ բանկը

Բանկերն իրենց ֆինանսական հաշվետվություններում եռամսյակը մեկ ներկայացնում են նաև տրամադրված վարկերի ծավալը։ Վերջինը 2017 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետվություններն են, որոնցում կարելի է  գտնել տվյալներ, թե 2017-ի դեկտեմբերի վերջի դրությամբ որքան է կազմել տվյալ բանկի վարկային պորտֆելը։ Ինչպես նաև՝ ինչ փոփոխությունների է ենթարկվել մեկ տարվա ընթացքում։ 

Մենք մեկտեղել ենք 17 բանկերի վարկերի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ հաճախորդներին տրամադրած վարկերի ծավալով բանկային համակարգում առաջատարը Ամերիաբանկն է։ Բանկի վարկային պորտֆելը 2017-ի վերջի դրությամբ կազմել է ավելի քան 467 մլրդ դրամ։ 

Հաջորդում են Արդշինբանկն ու Հայբիզնեսբանկը։ Վարկերի ծավալով վերջին եռյակում են Էվոկաբանկը, «Բիբլոս» բանկն ու «Մելլաթ» բանկը։ 

Բանկերի մեծ մասն ավելացրել է վարկերի ծավալը։ Սակայն, ընդհանուր պատկերում ուշագրավ են հատկապես «Անելիք» բանկի ցուցանիշները։ 2016-ի դեկտեմբերի վերջի համեմատ 2017-ի վերջին այն նվազել է 3.4 անգամ։ Բանկի ֆինանսական հաշվետվությունից երևում է, որ նվազումը պայմանավորված է իրավաբանական անձանց և Ա/Ձ-ին տրված վարկերի նվազմամբ։ Եթե 2016-ի վերջին այս տողով բանկի տրամադրած վարկերի ծավակը կազմել է ավելի քան 190  մլրդ դրամ, ապա 2017-ի վերջին ընդամենը 38.6 մլրդ դրամ։ Չի բացառվում, որ խոսքն ընդամենը մեկ կամ երկու իրավաբանական անձի մասին է, որոնք մարել են վարկերը, արդյունքում բանկի վարկային պորտֆելը կտրուկ կրճատվել է։ Եվ եթե 2016-ի տվյալներով «Անելիք» բանկը վարկային պորտֆելով առաջին հնգյակում էր, ապա նոր տվյալներով՝ վերջին հնգյակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter