Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Հրազդանի մանկապարտեզների մեծ մասը ջեռուցվում է փայտե վառարաններով


Գրիշա Բալասանյան

Հրազդան քաղաքում մանկապարտեզները հունվար և փետրվար ամիսներին չեն գործում: Պատճառը ջեռուցման դժվարություններն են:

Հրազդան համայնքում գործում է 12 մանկապարտեզ: Բոլոր մանկապարտեզներն էլ համայնքային ենթակայության են: Մանկապարտեզներից երկուսը՝ թիվ 12 և 13-ը, ըստ քաղաքապետ Արամ Դանիելյանի, կապիտալ վերանորոգված են, 10-ը՝ մասնակի: Վերը նշված և թիվ 16 մանկապարտեզներում անցկացված են լոկալ ջեռուցման համակարգեր, մնացած 9 մանկապարտեզները ջեռուցվում են փայտե վառարաններով և էլեկտրատաքացուցիչներով:

Ձմռան ամիսներին վառարաններով ջեռուցվող մանկապարտեզները լուրջ դժվարություններ են ունենում: Ամեն ինչ կենտրոնացվում է մեկ սենյակում: Նույն տարածքում երեխաները և՛ խաղում են, և՛ սնվում, և՛ քնում: Մյուս սենյակները չեն օգտագործվում, քանի որ վառարանով կարողանում են միայն մեկ սենյակ տաքացնել: Միջանցքներում ցուրտ է, խորհրդային տարիներից մնացած փայտե պատուհաններից քամին ներս է թափանցում: Ձմռան ամիսներին ծնողներն աշխատում են երեխաներին շատ չուղարկել մանկապարտեզ, եւ ցուրտ ամիսներին երեխաների հոսքը նվազում է:

Մեկ երեխայի վարձավաճարի չափը բոլոր մանկապարտեզներում ամսական 4400 դրամ է: Սակայն, նույն վարձավճարի դիմաց անհավասար պայմաններ են ստեղծված նույն քաղաքում ապրող երեխաների համար: Ով բնակվում է բարեկարգված մանկապարտեզների հարևանությամբ, երեխաները համեմատաբար լավ պայմաններով մանկապարտեզ են հաճախում, մյուսները պարզապես հարմարվում են եղածին: Մեզ հետ զրույցում որոշ տնօրեններ անկեղծանում էին, որ իրենց մանկապարտեզներից արտահոսք կա վերանորոգված և լոկալ ջեռուցման համակարգ ունեցող մանկապարտեզներ, ինչի համար ծնողներին չեն մեղադրում:

Հրազդանի համայնքապետ Արամ Դանիելյանը «Հետքին» տեղեկացրեց, որ 10 մանկապարտեզների կապիտալ վերանորոգման նախահաշվարկներ են կատարվել: Յուրաքանչյուր մանկապարտեզի վերանորոգման համար անհրաժեշտ է մոտավորապես 50-60 մլն դրամ: Ներկայումս աշխատանքներ են տարվում մանկապարտեզների վերանորոգման նպատակով  վարկային  միջոցներ և վերանորոգման մատչելի ծրագրեր ներգրավելու ուղղությամբ: Համայնքապետարանն, ըստ Դանիելյանի, ի վիճակի չէ կատարել այդ ծախսերը:

Մանկապարտեզ հաճախող մեկ երեխայի հաշվով և շենքի պահպանման համար համայնքապետարանը ամսական հատկացնում է 20,000-22,000 դրամ, ինչը, ըստ քաղաքապետի, լուրջ ծախս է: Իսկ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը միջինում 1503 երեխա է: Երեխաները մանկապարտեզում անցկացնում են օրական 8 ժամ, տարեկան` 10 ամիս: 

Ըստ քաղաքապետարանի` կապիտալ վերանորոգված, իրականում՝ մասնակի

Հրազդանի թիվ 13 մանկապարտեզը գործում է 1980 թվականից: Ըստ քաղաքապետարանի` այն կապիտալ վերանորոգված է, երբ այցելեցինք, պարզվեց, որ մասնակի է վերանորոգված: Մանկապարտեզի տնօրեն Անահիտ Սուքիասյանն ասաց, որ վերանորոգման աշխատանքներ իրականացվել են 2016թ.: Փոխվել է տանիքը, հարդարվել են խմբասենյակները, իսկ սանհանգույցները դեռ ամբողջությամբ վերանորոգված չեն: Սալիկները թափված են, տեղ-տեղ՝ կոտրված: Տնօրենն ասում է, որ գումարի առկայության դեպքում այդ աշխատանքները կարճ ժամանակում կավարտեն: Պատերին նկատվում էին նաև լայն բացված ճաքեր, որոնք չպետք է լինեին կապիտալ վերանորոգման դեպքում:

Մանկապարտեզի գույքը հին է, սակայն կարողանում են օգտագործել: Տնօրենն ասում է, որ հարմարավետ է և չի ցանկանա նոր գույք ունենալ, քանի որ հինն ավելի որակյալ է: Հին է նաև խոհանոցի կահույքը:

Կերակուր պատրաստելու համար նախատեսված էլեկտրական ջեռուցիչներն աշխատում են արդեն տասնամյակներ:

Կապիտալ վերանորոգված մանկապարտեզը խաղահրապարակ չունի: «Առաջնահերթ երևի խաղալիքների, փափուկ գույքի կարիք ունենք: Խիստ անհրաժեշտ է նաև բակի բարեկարգումը: Բակային համալիր խաղերի համար որևէ պայման չկա: Որոշ բաներ կան, իսկ ընդհանուր առմամբ բակի կահավորանքը պակասում է»,-ասում է Անահիտ Սուքիասյանը:

Թիվ 13 մանկապարտեզը նախատեսված է մոտ 280 երեխայի համար, սակայն քաղաքապետարանի տվյալներով` հաճախում է 185 երեխա: Ըստ տնօրենի՝ պատճառն արտագաղթն է: Եթե ընտանիքներով գնում են, տանում են նաև երեխաներին: Այդ է պատճառը, որ նախկինում գործող երկու խմբերի համար նախատեսված սենյակներն օգտագործվում են այլ նպատակներով: Այժմ գործում է 9 խումբ:

Փայտե վառարանները վանում են ծնողներին 

Հրազդանի քաղաքապետարանը թիվ 15 մանկապարտեզը մեզ տրված գրավոր պատասխանում ներկայացրել է որպես մասնակի վերանորոգված: Այցելության ժամանակ պարզեցինք, որ խիստ վերապահումով այն կարելի է մասնակի վերանորոգված համարել: Այստեղ տաք ջրամատակարարման համար կաթսա է տեղադրվել, մեր այցի ժամանակ վերանորոգվում էին զուգարանները, փոխվել էին լվացարանները, մնացած ամեն ինչ հին էր և մաշված:

Այս մանկապարտեզը գործում է 1982 թվականից: Տնօրեն Անահիտ Մելքոնյանն ասում է, որ բավականին լավ մանկապարտեզ է եղել, սակայն ժամանակի ընթացքում քանդվել է, թալանվել, վիճակն է´լ ավելի է վատացել, երբ Ադրբեջանից բռնագաղթած փախստականները տարիներ առաջ բնակվել են հարևանությամբ: Տնօրենը վստահեցնում է, թե այսօրվա անմխիթար վիճակի մեղավորն իրենք չեն:

«Առաջին հերթին թող լինի ջերմություն, որովհետև այսօր մենք փայտե վառարաններով ենք ջեռուցում: Քաղաքապետարանն ապահովել է փայտով, տաք է, ցրտին երեխան չի նստում, բայց դե…Իրականում սերունդը մի քիչ թիթիզ է, տեսնում է, որ արտաքին շպարը մի քիչ սիրուն ա, լավն ա, ձգտում է դրան»,-նշում է Անահիտ Մելքոնյանը:

Թիվ 15-ը այն 9 մանկապարտեզներից մեկն է, որտեղ երեխաները կենտրոնացած են մեկ սենյակում, իսկ նրանց հարևանությամբ տեղադրված է փայտե վառարանը: Ձմռան ամիսներին մանկապարտեզում երեխաների ազատ տեղաշարժը խիստ սահմանափակ է: Միջանցքներում շատ ցուրտ է, նույնիսկ վերարկուներով հնարավոր չէ մի փոքր երկար կանգնել:

Ծնողներից մեկը, որը չցանկացավ անունը հրապարակել, նշեց, որ նախորդ տարիներին քաղաքի լոկալ ջեռուցում չունեցող մանկապարտեզների վառարանների փայտի համար երբեմն իրենք են գումար հավաքել, սակայն այս տարի վիճակը բարելավվել է:

Տնօրեն Անահիտ Մելքոնյանը նշեց, որ անցյալ տարի ծնողներից մեկը 12 կուբամետր փայտ է նվիրել մանկապարտեզին: Հարևանությամբ գործող դպրոցը փոխել է պատուհանները և հին պատուհանները տվել է մանկապարտեզին, դրանով են ջեռուցել: Վառում են նաև ծառահատումներից ու ծառերի էտից գոյացած փայտը:

«Բայց ամեն տարի անխտիր քաղաքապետը տվել է փայտի գումար: Ոչ մեկ թող չասի, թե չի տվել, ծնողի միջոցով ենք գնել»,-ասում է Ա. Մելքոնյանը:

Մանկապարտեզում գործում է 5 խումբ: Վերջին տարիներին երեխաների թիվը նվազել է: Միայն դեկտեմբեր ամսին 10 երեխա դուրս է եկել մանկապարտեզից և ծնողների հետ մեկնել արտերկիր:

«Արտագաղթ է շատ լինում, ու մանկապարտեզը տուժում է դրանից: Իրոք տուժում է: Սա այն մանկապարտեզն է եղել, որ մինչև 400 հաճախում է ունեցել, հիմա շատ քիչ՝ 110-120 երեխա»,-հավելեց տնօրենը:

Երեխաների թիվն այնքան է նվազել, որ մանկապարտեզի շենքի մի հատվածը քաղաքային իշխանությունները հատկացրել են անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:

Անահիտ Մելքոնյանն ասում է, որ շենքային պայմանների պատճառով էլ հնարավոր է երեխաների տեղաշարժ լինի: Խոստովանեց, որ վիրավորվում է, երբ ծնողները երեխային տանում են, սակայն չի հարցնում, թե ինչու են տանում: Համարում է, որ մանկավարժ է, իրեն պետք է վեհ պահի: Մյուս կողմից` հասկանում է, որ ծնողի իրավունքն է, թե երեխային որ մանկապարտեզ տանի:

Անահիտ Մելքոնյանը հույս ունի, որ մի օր իրենց մանկապարտեզն էլ կվերանորոգվի: Ասում է` քաղաքապետը խոստացել է տարեկան 1-2 մանկապարտեզ վերանորոգել: Թե երբ հերթը կհասնի թիվ 15 մանկապարտեզին՝ չգիտի:

Լուսանկարները եւ տեսանյութերը` Սարո Բաղդասարյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (1)
1. Բաբկեն20:36 - 16 մարտի, 2018
Բալասանյան ջան,ապրեք,շատ ճիշտ և որակով նյութ եք պատրաստել,ճիշտ վայրից,բայց ինձ թվում է,պետք էր այցելել դպրոցներ և այնտեղ դուք ուրիշ պատկեր կտեսնեք։Մանկապարտեզնեի ջեռուցումը ,որ փայտով է,բայց դպրոցներում խայտառակ վիճակ է,ջեռուցումը կատարվում է դիզելային վառելիքով,որը արգելված է առողջապահության նախարարի հրամանով։Մանկապարտոզներում երեխաներին նախապատրաստում են վատթարին դիմանալու համար և այդպես տարիներ շարունակ։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։