HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպան. «Եթե հորեղբայրը Շամիրամի սպանության գործով ամբաստանյալին դեպքի վայրից չտաներ, զոհերի թիվը 3-4-ով ավել կլիներ»

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի սգո սրահում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստին այսօր ոչ միայն ներկա քաղաքացիներն էին լարված, այլև դատավարության կողմերը:

Հիշեցնենք, որ  սգո սրահում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 4 անձ մահացել, իսկ 7-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել: Սպանության և այլ արարքների մեջ մեղադրվող Թելման Քալաշյանի հետ ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաև վերջինիս հորեղբայրը՝ Քյարամ Քալաշյանը, որն, ըստ մեղադրանքի, պարտակել է եղբորորդուն՝ վերջինիս սգո սրահի տարածքից մեքենայով տանելով: Այսօր  այս գործով դատական նիստն ընթացավ պարբերական միջադեպերով:

Ամբաստանյալների շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Կրոմվել Գրիգորյանը: Նախորդ դատական նիստին պաշտպանը հայտարարել էր, թե պաշտպանական կողմին գործի նյութերը չեն տրամադրվել և այդ հիմքով միջնորդել էր հետաձգել դատական նիստն ու տրամադրել նյութերը:

Դատավոր Սուրեն Մնոյանը նիստի մեկնարկին հայտնեց, որ հարցումներ է կատարել և պարզել, որ նախորդ դատական նիստի օրը ամբաստանյալներից մեկը ստացած է եղել եզրակացությունը, իսկ մյուսը հրաժարվել է ստանալ:

«Խնդրում եմ դատարանին չճշտված տվյալներ չհայտնել»,- Գրիգորյանին դիմելով՝ ասաց  Սուրեն Մնոյանը: Կրոմվել Գրիգորյանը նշեց, որ դատավորի հայտարարությունը բխում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացված տեղեկությունից, որը, սակայն, իրականությանը չի համապատասխանում:

Նշենք, որ Քյարամ Քալաշյանը նախապես եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ապա տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ: Գրիգորյանը հայտնեց, որ նախորդ դատական նիստից հետո ինքն այցելել է «Արմավիր ՔԿՀ»,  ուսումնասիրել իր պաշտպանյալի անձնական գործը և տեսել, որ դրանում, իսկապես, ասված է, թե իր պաշտպանյալը դեռևս հունվարի 18-ին, այսինքն`նախորդ դատական նիստից տևական ժամանակ առաջ, ստացել է մեղադրական եզրակացությունը:

Պաշտպանն այդ փաստաթուղթը պատճենահանել է, ապա գրավոր միջնորդություններ ներկայացրել երկու ՔԿՀ-ներ, որից հետո միայն, ըստ Կրոմվել Գրիգորյանի, իրենց տրվել է  Քյարամ Քալաշյանի մեղադրական եզրակացությունը:

«Այսինքն՝ օգտվելով առիթից, որ իմ պաշտպանյալն անգրագետ է, ունի երրորդ դասարանի կրթություն, թղթերը դրել են, և նա ստորագրել է»,- հայտարարեց Կրոմվել Գրիգորյանը և նշեց, որ այս պահին գործի նյութերին ծանոթ չէ:

Դատախազ Տիգրան Ենոքյանը նշեց, որ Գրիգորյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, քանի որ երբ Քյարամ Քալաշյանը տեղափոխվել է Արմավիր ՔԿՀ, այնտեղ ներկայացրել է մեղադրական եզրակացությունը, և դրա վերաբերյալ նրան պարզաբանումներ են տրվել:

Քյարամ Քալաշյանը կմնալ կալանքի տակ

Այսօրվա դատական նիստին փաստաբան Կրոմվել Գրիգորյանը միջնորդեց իր պաշտպանյալ Քյարամ Քալաշյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնել:

Ըստ Կրոմվել Գրիգորյանի`դեպքի օրը Քյարամ Քալաշյանը ոչ թե պարտակել, այլ փրկել է իրական վտանգի մեջ գտնվող եղբորորդուն`Թելման Քալաշյանին, քանի որ այնտեղից չտանելու դեպքում նրան կսպանեին, ինչպես նաև` զոհերի թիվն առնվազն 3-4-ով ավել կլիներ:

Պաշտպանը նշեց, որ սգո սրահում տեղի ունեցած դեպքից հետո Թելման Քալաշյանին հետապնդողները գնացել են նրան սպանելու, իսկ Թելման Քալաշյանի զենքը դեռևս լիցքավորված է եղել փամփուշտներով: Հետևաբար, ըստ Կրոմվել Գրիգորյանի, եթե հորեղբայրը չհայտնվեր և Թելման  Քալաշյանին դեպքի վայրից չտաներ, ապա վերջինս ստիպված էր լինելու ինքնապաշտպանվելու նպատակով կրակոցներ արձակել:

«Քյարամ Քալաշյանը հանցավոր արարք չի կատարել, ավելին` նրա արարքն արժանի է գովասանքի»,- հայտարարեց Կրոմվել Գրիգորյանը՝ պնդելով, որ գործում առկա չէ գոնե մեկ նյութ, որին հղում կատարելով՝ կարելի է պնդել, թե Քյարամ Քալաշյանին կալանավորելու հիմք կա:

Պաշտպանը հայտարարեց նաև, որ նախաքննության սկզբնական շրջանում, օգտվելով իր պաշտպանյալի գրագետ չլինելու հանգամանքից, քննիչն արձանագրել է, որ  առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր  է ճանաչում և համապատասխան  ստորագրություն վերցրել:

Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը դիրքորոշում հայտնելիս նախ նկատեց, որ թեև պաշտպանը հայտարարում է, որ  գործի նյութերին ծանոթ չէ՝ դրանց հղում է կատարում: Ապա դատախազը նշեց, որ  առկա է ողջամիտ ենթադրություն առ այն, որ  մնալով ազատության մեջ՝ Քյարամ Քալաշյանը կարող է թաքնվել: Դատախազն ընդգծեց, որ նախաքննության ընթացքում Քյարամ Քալաշյանն իր բնակության վայրում չի հայտնաբերվել, նշեց նաև, որ Քյարամ Քալաշյանի արարքի հանրային վտանգավորությունը բարձր է, քանի որ վերջինս ոչ թե արյունահեղությունը կանխելու, այլ եղբորորդուն պարտակելու նպատակով է նրան սգո սրահի տարածքից հեռացրել:

«Հակառակ դեպքում Քյարամ Քալաշյանը Թելման Քալաշյանին իրավապահներին կներկայացներ»,- համոզմունք հայտնեց դատախազն ու հիշեցրեց, որ դեպքից հետո շուրջ   20 օր Թելման Քալաշյանին հնարավոր չի եղել հայտնաբերել, անգամ հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ:

Այս գործով տուժողների ներկայացուցիչ Բաբկեն Մարտոյանը ևս առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ հայտնելով, որ Քալաշյանին առաջադրված մեղադրանքը բավական մեղմ է:

«Քալաշյանը մեղադրվում է ծանր հանցագոծություն պարտակելու համար, սակայն մենք այն կարծիքին ենք, որ նա կատարել է ոչ թե նախապես չխոստացած պարտակում, այլ հակառակը՝ նախապես խոստացել է պարտակել հանցագործությունը, այսինքն՝  օժանդակել է սպանությանը»,- հայտարարեց Մարտոյանը:

Վերջինս նշեց, որ սգո սրահում գտնված միակ անձը եղել է Քյարամ Քալաշյանը, որը ցանկության դեպքում որևէ կերպ կարող էր կանխել հարազատ եղբորորդու՝ Թելման Քալաշյանի գործողությունները, սակայն ոչինչ չի արել:

Անդրադառնալով քննիչի կողմից Քյարամ Քալաշյանի ներկայացրած տվյալները խեղաթյուրելուն՝ փաստաբանը նշեց, որ այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Քալաշյանի դեմ՝ սուտ մատնության հոդվածով: Նշենք, որ այս մասով գործը դեռևս նախաքննության փուլում է, քննվում է Հատուկ քննչական ծառայությունում:

Խորհրդակցական սենյակ հեռանալով՝ դատավորը որոշեց մերժել Քյարամ Քալաշյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

Վիճաբանություն՝ դատավորի և պաշտպանի միջև

Քյարամ Քալաշյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելուց հետո դատավորը ցանկանում էր անցնել դատաքննության փուլին, սակայն Կրոմվել Գրիգորյանը հայտնեց, որ ինքը դեռևս միջնորդություն ունի: Պաշտպանը նշեց, որ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախաքննության ավարտից հետո գործի նյութերն իրենց  չեն ներկայացվել, պաշտպանական կողմր դրանց չի ծանոթացել, ժամանակ է խնդրում գործի նյութերին ծանոթանալու համար: Դատավորը, սակայն, ժամանակ չտրամադրեց՝ նշելով, թե նախորդ դատական նիստից հետո արդեն իսկ բավարար ժամանակ է տրամադրվել նյութերին ծանոթանալու համար:

Կրոմվել Գրիգորյանը հակադարձեց, թե նման բան չի եղել, սակայն դատավորը որոշեց մերժել միջնորդությունը: Սուրեն Մնոյանը հերթական անգամ ցանկանում էր անցնել դատաքննության փուլին, սակայն Կրոմվել Գրիգորյանը հայտարարեց, որ կրկին միջնորդություն ունի դատարանին, այս անգամ՝  ինքնաբացարկի:

Դատավորը, սակայն, ցանկանում էր փաստաբանին տվյալ փուլում զրկել ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից: Սուրեն Մնոյանը շարունակ նշում էր, թե անցել է դատաքննության փուլին, և միայն այն բանից հետո, երբ մեղադրող դատախազը կընթերցի մեղադրանքը, պաշտպանին կտրվի դատարանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու հնարավորություն:

Գրիգորյանը, սակայն, շարունակեց պնդել, որ դատարանը դատաքննության չի անցել, որ ինքը հայտարարել է, թե Մնոյանը շտապում է անցնել դատաքննության, քանի որ դեռևս միջնորդություն ունի ներկայացնելու:

Վիճաբանության ընթացքում Սուրեն Մնոյանը լրագրողներին արգելեց տեսանկարահանում իրականացնել՝ հիշեցնելով, թե ինքը առաջին դատական նիստին արդեն իսկ հայտնել է, որ տեսանկարահանումը թույլատրում է մինչև դատաքննության փուլի մեկնարկը: Լրագրողների դիտարկմանը, թե այս պահին վիճաբանության առարկան հենց այն է՝ արդյոք դատարանն անցել է դատաքննության, թե ոչ, դատարանը պատասխանեց, որ անցել է և այդ հիմքով արգելեց նկարահանումը:

Այսպիսով, դատավոր Մնոյանն անդրդվելի մնաց,  հայտարարեց, որ գործը մտել է դատաքննության փուլ և դրանից հետո միայն Կրոմվել Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու հնարավորություն տվեց, սակայն պաշտպանը դրան պատրաստվելու համար ժամանակ խնդրեց: Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 23-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter