HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Նրանք ապրում են երգերում կամ երաժշտության մուսաները

սկիզբ

Մուսաներ. նրանք ապրել են երաժշտության մեջ՝ ստեղծելով ժողովրդական,  ջազի, ռոքնռոլյան ու բլյուզային, դասական ու ավանգարդ տարբեր մեղեդիներ, երգեր, պատմություններ:

«Ռետրո Ակումբ»-ում շարունակում ենք հիշել անուններ, ովքեր դարձել են մեզ համար անչափ սիրելի երգերի մուսաները կամ պարզապես ոգեշնչել մեզ հայտնի լեգենդար երաժիշտներին՝ ինչ որ ժամանակ, ինչ-որ տեղ ապրել, արարել ու երջանիկ դարձնել միլիոնավոր երկրպագուների….

Յոքո Օնո  (Yoko Ono)

«Ո՞վ է Ձեզ համար Յոքո Օնոն» հարցին Բիթլզի լեգենդար տաղերգուն՝ Ջոն Լենոնը բազմիցս է պատասխանել տարբեր հարցազրույցներում, տարբեր բնորոշումներով:  Դրանցից ամեն մեկը արտահայտել է ոչ միայն Լենոն- մարդու սերը դեպի այդ ճակատագրական կինը, այլև նրա երաժշտական փիլիսոփայությանը, որը նույնպես մեծ իմաստով պայմանավորվել էր Յ ոքոյի հանդեպ ունեցած զգացումների արդյունքում: Շատ երաժշտասերներ, Լենոնի ընկերներն ու, նույնիսկ, բիթլերից ոմանք, համոզված են, որ հենց այս կնոջ՝ Լենոնի կենսափիլիսոփայության վրա ունեցած մեծ ազդեցությունն էր լեգենդար քառյակի փլուզման պատճառը: Թեև երաժիշտը դա այդպես չէր համարում՝ շարունակելով մեծարել ու հանճարեղ բարձունքներում կանգնեցնել նրան և՛ իբրև կնոջ, և՛ իբրև արվեստագետի: Ճշմարիտ էին մեղադրանքները, թե ոչ, ամեն բիթլոման կամ լենոնասեր փորձում է հասկանալ յուրովի: Այնուամենայնիվ, Յոքո Օնոն Լենոնի կյանքում մի կին էր, ում հետ և ում ազդեցությամբ նա ստեղծեց նոր ու սիրելի երգեր:

«Երբ մտովի վերադառնում եմ հետ և հիշում կյանքս «Բիթլզի» կամ, օրինակ, առաջին կնոջս ու իմ փոխհարաբերությունների  հետ, մտածում եմ. « Լավ, ես ընդամենը  20-22 տարեկան էի, նա հղիացավ, և մենք ամուսնացանք,- ասել է Ջոնը հարցազրույցներում,- Բայց ամեն ինչ շատ ձանձրալի ու անհետաքրքիր էր… Բոլորովին այլ է Յոքոն. նա ինձ հասկացել է ամենասկզբից և սովորեցրել հասկանալ կնոջն իր իրական էությամբ: Նա սովորեցրեց հասկանալ, թե ինչ նշանակություն է ունենում կինը տղամարդու կյանքում, և ես գրեցի «Կինը երկրագնդի նեգրն է» երգը: Ավելի ճիշտ՝ մենք միասին գրեցինք այն, և ես սկսեցի պաշտպանել կանանց իրավունքները, հատկապես՝ լքված ու միայնության դատապարտված կանանց»: 

«Woman Is The Nigger of The World» -ից բացի՝ Ջոն Լենոնի երգացանկում այլ երգեր էլ կան, որոնք վերագրվում են Յոքո Օնոյից ոգեշնչման արդյունք՝ «Get Back» («Բիթլզ»), «Woman», ինչպես ինքն է ասել՝ նաև «Imagine»  և այլն: Լենոնն  իր կնոջը համարում էր իր մուսան, իր նեցուկը, հանճար, ում հայտնությամբ նա հասավ հոգևոր ներդաշնակության: «Հաղթանակ ներաձնական խառնաշփոթի դեմ»,«հոգիների նույնություն»- ահա Յոքո Օնոն՝ ըստ Ջոն Լենոնի: 

« Երբ ես երգում էի « ամենը, ինչ անհրաժեշտ է քեզ, կոչվում է սեր », այն ժամանակ ես իրականում երգում էի մի բանի մասին, որից այքան էլ լավ չէի հասկանում,- ասում է Լենոնը,- ես ճանաչում էի սերը մարդկանց, ծառերի և նման այլ բաների հանդեպ, բայց ոչ այն մեկի, ինչի մասին երգում էի»: Լենոնը պնդում էր և միանգամայն վստահ էր, որ այդ ամենը ընդամենը Յոքոյից առաջ էր:

Մարինա Վլադի ( Marina Vlady)

Շատերին է հայտնի Մարինա Վլադիի և Վլադիմիր Վիսոցկու սիրո պատմությունը: Գիտեն նաև, որ այն գեղեցիկ ու անկեղծ լինելուց բացի՝ լի էր դառնություններով, դժվարություններով, ի վերջո՝ նաև ողբերգական ավարտով:

Նա ֆրանսիական կինոյի և թատրոնի դերասանուհի էր և ապրում էր արվեստների քաղաքում՝ Փարիզում, իսկ Վիսոցկին խորհրդային երկրի անցանկալի տաղանդն էր, ով թեև վայելում էր մեծ սեր ու ժողովրդականություն, բայց շարունակում էր մնալ երկաթե գաղափարների ջլատող կապանքներում:

Երբ առաջին անգամ հանդիպեցին, Մարինան ամուսնալուծված էր արդեն և նախորդ երկու ամուսնություններից ժառանգել էր երեք երեխաների: Վիսոցկին կին ուներ և երկու որդի: 1967 թվականն էր, Մարինա Վլադին մի քանի օրով ժամանել էր Մոսկվա՝ մասնակցելու կինոյի միջազգային փառատոնի: Այդ օրերին նրան հրավիրեցին թատրոն՝ ներկայացումներից մեկի փորձնական բեմադրությունը  դիտելու: Նրան պատմել էին  տաղանդավոր և բացառիկ մի դերասանի մասին, ոմն Վլադիմիրի (Վիսոցկին այդ տարիներին բավականաչափ հայտնի չէր):

«Բեմում խելահեղ գոռում, ցնցվում է կիսամերկ մի տղամարդ,- գրում է Մարինա Վլադին իր «Վլադիմիր կամ ընդհատված թռիչք» գրքում,- Գոտկատեղից մինչև ուսերը նա կապկպված է շղթաներով: Սարսափելի զգացողություն է: Ինձ հրավիրել են  «Պուգաչով»-ի փորձը դիտելու՝ խոստանալով, որ ես այնտեղ տեսնելու եմ ամենազարմանալի դերակատարներից մեկին՝ ինչ-որ Վլադիմիր Վիսոցկու: Ինչպես ողջ դահլիճը, այնպես էլ ես ցնցված եմ դերասանի ուժով, խաղով, նրա անսովոր ձայնով: Նա այնպես է խաղում, որ մյուս գործող անձինք կամաց-կամաց մնում են ստվերում »:  

Այդ ներկայացումից հետո նրանք հանդիպեցին ու արդեն ծանոթացան նույն երեկոյան՝ ընթրիքի ժամանակ: Վիսոցկին խոստովանեց, որ վաղուց սիրահարված է նրան և ասաց, որ ուզում է նվագել ու երգել նրա համար՝ ռեստորանից, ընթրողներից ու ամեն տեսակ աղմուկներից հեռու:

Հետո նրանք ապրեցին սիրով ու աննկարագրելի փորձություններով լի 13 տարի՝ համատեղ, բայց միևնույն ժամանակ երկու տարբեր աշխարհագրական տարածություններում:  

Նա Վիսոցկու սերն էր, հենարանը, կինը և մուսան:

«… Հեռախոսը իմ դեմ՝ ասես սրբանկար,

Հեռախոսացանկը՝ աղոթագիրք հիմա,

Մադոննա դարձավ այն աղջիկն ինձ համար՝

Տարածությունն արագ կրճատելով մի պահ»  (թարգմանությունը՝ Լևոն Բլբուլյանի)

«Զրո յոթ», «Լիրիկական»,  «Բալլադ սիրո մասին» և այլն: Վիսոցկու՝ սիրո մասին գրված լավագույն երգերը Մարինա Վլադիինն են, նրա հանդեպ սիրուն են ձոնված:

Նրանք միասին նաև երգեր են ձայնագրել՝ համատեղ ձայնապնակ թողարկելու մտադրությամբ, «Мелодия» ստուդիայում,1974 թվականին,  նվագախմբի հետ: Այն այդպես էլ չթողարկվեց երգչի կենդանության օրոք՝ իրապես վշտացնելով նրան: Մահվանից ութ տարի անց՝ 1988թ. Մարինա Վլադիին հաջողվեց իրականացնել Վիսոցկու չիրականացված երազանքներից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter