ՈՒրբաթ, 27 ապրիլի

«Հրաշք այգի»-ի տնօրենն ու կինը ձևական պայմանագրով օգտվել են արտոնյալ լիզինգային ծրագրից



Կառավարությունը 2017 թ․ մարտին մեծ շուքով ազդարարեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագիրը: Ամիսներ անց, Վերահսկիչ պալատն արձանագրել է մի շարք թերություններ և բացթողումներ:

Նշված ծրագրի նպատակը գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգի պայմաններով, գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է: Եթե ծրագիրն իրականություն դառնա, ապա 2017թ. և առաջիկա տարիներին հնարավոր կլինի ձեռք բերել 510 տեխնիկա՝ մոտ 2 մլրդ 829 մլն դրամ ընդհանուր արժեքով: Տեխնիկայի գնի սուբսիդավորման տոկոսը կազմելու է մոտ 500 մլն դրամ:

2017թ. դեկտեմբերի 29-ի դրությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացված ամփոփ հաշվետվության համաձայն, շահառուների թիվը կազմել է 65, որից 11-ը՝ իրավաբանական, իսկ 54-ը ֆիզիկական անձ:

Վերահսկիչ պալատն ուսումնասիրել է ծրագրի խոշոր շահառուներ հանդիսացող «Ֆիառ Գրուպ» ՍՊԸ-ի՝ 198 մլն 570 հազար դրամ ընդհանուր գումարով և «Նաիրիի Բերիություն» ՍՊԸ-ի՝ 186 մլն 560 հազար դրամ գումարով տեխնիկաների ձեռքբերումը: Նշված գումարների 20%-ը վճարվել է շահառուների կողմից: Նշենք, որ «Ֆիառ Գրուպ» ՍՊԸ-ն նոր ընկերություն է, ստեղծվել է 2017թ. հունիսի 23-ին:

Ապրանքները մատակարարել է «Հրաշք այգի» ՍՊԸ-ն, իսկ որպես ֆինանսավորող կազմակերպություն հանդես է եկել «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ն: Սուբսիդավորման տոկոսադրույքը կազմել է 7%:

Գյուղատնտեսության նախարարության կողմից Վերահսկիչ պալատին ներկայացրած տեղեկատվության համաձայն, «Ֆիառ Գրուպ» ՍՊԸ-ին ծրագրում ընդգրկելու նպատակը պայմանավորված է Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում մեքենատրակտորային կայանքի ստեղծման նախաձեռնությունով: «Ֆիառ Գրուպ» ՍՊԸ-ն նորաստեղծ ընկերություն է և չունի համապատասխան ոլորտում գործունեության փորձառություն:

«Ֆիառ Գրուպ» ՍՊԸ-ն կադաստրի կողմից Վերահսկիչ պալատին 28.11.2017թ. տրված տեղեկատվության համաձայն, սեփականության իրավունքով կամ վարձակալական հիմունքներով որևէ անշարժ գույք չունի և պարզ չէ, թե որտեղ են գտնվում ձեռքբերված տեխնիկաները: Իսկ ՊԵԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, ընկերությունը գործունեություն ծավալելու վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացրել: Հարկային մարմնի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է եղել:

2017թ. օգոստոսի 25-ին Ծովակ համայնքում գյուղատնտեսության նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել կայանի բացման արարողությունը: Վերահսկիչ պալատի մասնագետները տեսահոլովակներում նկատել են, որ գյուղատնտեսական տեխնիկան շարված է Ծովակ համայնքի տարածքով անցնող Երևան-Վարդենիս մայրուղու վրա:

Նշենք, որ «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Իվանյանը հանդիսանում է «Ֆիառ Գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիր Լենա Բաղդասարյանի ամուսինը:

«Հետևաբար կարելի է ենթադրել, որ գործարքը կրել է ձևական բնույթ, ինչի արդյունքում «Հրաշք այգի» ընկերությունը, օգտվելով տոկոսադրույքի սուբսիդավորումից, ստանձնել է 151 մլն 871 հազար դրամ գումարի վարկային պարտավորությունը 2% տոկոսադրույքով: Արդյունքում, լիզինգի պայմանագրի պետության կողմից սուբսիդավորման տոկոսի ընդհանուր գումարը կազմելու է 36 մլն 796 հազար 200 դրամ»,- արձանագրել է Վերահսկիչ պալատը:

Ստուգող մարմինը նաև արձանագրել է՝ ծրագրում սահմանված չեն շահառուներին վերաբերող չափորոշիչները, գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման պայմանները, գերատեսչական, հսկողական և արյունավետության գնահատման չափանիշներն ու չափորոշիչները, ձեռք բերվելիք գյուղտեխնիկայի, ինչպես նաև տոկոսադրույքի սուբսիդավորման առավելագույն գումարի չափը:

Նշենք, որ «Հրաշք այգի» ՍՊԸ-ն հաճախ է օգտվում պետական ծրագրերից: Օրինակ՝ հողօգտագործողներին 2015թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով կառավարությունը մոտ 301 մլն դրամ էր հատկացրել «Հրաշք այգի» ՍՊԸ-ին՝ ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումները կազմակերպելու նպատակով: Մոտ 14 մլն դրամ էլ ՍՊԸ-ին տրամադրվել էր որպես դրամաշնորհ՝ Հայաստան ներմուծված ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

«Հրաշք այգի» ՍՊԸ-ին մոտ 310 մլն դրամի չափով տրամադրվել էր բյուջետային վարկ՝ մինչև 2015թ. դեկտեմբերի 20-ը, առանց գրավի և տարեկան 0,001% տոկոսադրույքով։

Գյուղատնտեսության նախարարությունը 2016թ. դեկտեմբերի 14-ին էլ «Հրաշք այգի» ՍՊԸ-ի հետ «ռոդիֆակում» տեսակի թունանյութ գնելու պայմանագիր էր կնքել, որի գինը կազմել է 107 միլիոն 900 հազար դրամ: Նշված թունաքիմիկատը նախատեսված է կրծողների դեմ պայքարելու համար:

Լուսանկարը՝ banks.am-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (17)
1. Տիգրան13:40 - 20 մարտի, 2018
Եթե այսքանից հետո պատասխանատվություն կրող չլինի, ապա ամեն բան սուտ է այս երկրում...
2. Սամվել13:05 - 21 մարտի, 2018
ՀՀ կառավարության 25 դեկտեմբերի 2014 թվականի N 1522-Ն որոշում
3. Անուշ14:53 - 22 մարտի, 2018
Ուղակի խայտառակություն: Գյուղատնտեսության նախարարությունը մարզերին տրվող աջակցությունը կրճատեց և ուղղեց այսպիսի խայտառակությունների վրա: Ճարպիկ նախարար է:
4. Марина15:23 - 22 մարտի, 2018
вакханалия в минсельхозе продолжается...... https://www.e-draft.am/projects/821/about
5. Միշա09:15 - 23 մարտի, 2018
Հրաշք այգի ՍՊԸ-ի տնօրենը հաճախակի հյուր է նախարարությունում
6. Սուրեն13:41 - 23 մարտի, 2018
Գիտեք ցավալին այս ամենում այն է, որ այդ դրամական միջոցները ձևավորվում է պետական հարկատուների միջոցների հաշվին, որոնց մաս են կազմում գյուղական համայնքներում բնակվող մարդիկ: Բայց գյուղատնտեսության նախարարության ծրագրերի շրջանակներում ծախսվող միջոցներից օգտվում են խոշոր ՍՊԸ-ներ: Կամ միտում կա ես գործում կամ նախարարության համապատասխան պաշտոնյաները իրենց տեղում չեն:
7. Գոռ16:06 - 23 մարտի, 2018
Առնվազն ծրագրի համակարգող պաշտոնյան տեղյակ է եղել, գումարը մեծ է:
8. Վարդան15:43 - 24 մարտի, 2018
Նախարարությունում բոլորնել վերից վար տեղյակ են եղել:
9. Աշոտ17:52 - 25 մարտի, 2018
Հարգելի Հետքի խմբագրություն ինչու նյութերը չեք ուղարկու ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն?
10. Անդրանիկ09:03 - 26 մարտի, 2018
Անպատժելիությունը ծնում է չարություն
11. Սուսաննա11:44 - 26 մարտի, 2018
Ուղակի խայտառակություն է: 90 ականների ոճի գործարք է սա:
12. Արտաշես14:56 - 27 մարտի, 2018
Այդ ծրագրի համակարգող փոխնախարարի վրա ...
13. Արմենակ13:41 - 28 մարտի, 2018
.https://www.youtube.com/watch?v=AD9lEU4Dd74 այսպես սկսվեց ամեն ինչ...
14. Սամվել15:16 - 28 մարտի, 2018
ՀՀ կառավարության 6 փետրվարի 2014 թվականի N 150-Ն որոշում
15. Գևոր15:34 - 29 մարտի, 2018
ՀՀ կառավարության 5 փետրվարի 2015 թվականի N 96-Ն որոշում...
16. Ռուզաննա13:07 - 30 մարտի, 2018
Այս նախարարությունում սովորություն է պետական միջոցները միշտել սեփականի հետ են խառնում http://www.aravot.am/2014/03/12/439870/
17. Նարինե17:09 - 30 մարտի, 2018
ՀՀ կառավարության 29 հունվարի 2016 թվականի N 73-Ն որոշում...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ