HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ տուժող կողմի, ապացույցները բավարար են մեղադրական դատավճռի համար

Երեք տարի առաջ Գյումրի քաղաքի երկու ընտանիքների տղամարդկանց՝ Ղազարյանների ու Ղուկասյանների միջև անձնական տարաձայնությունների շուրջ տեղի ունեցած զինված միջադեպը ողբերգական ավարտ է ունեցել. հրազենային վնասվածքից մահացել է Կնյազ Ղազարյանը, նրա եղբայր Գագիկ Ղազարյանը վիրավորվել է: Մեղադրյալն այս գործով Աշոտ Գրիգորյանն է (մայրական ազգանունով)՝ հացթուխ Գագիկ Ղուկասյանի որդին, ով տեսել է, թե ինչպես են հարվածում իր հորը և, ըստ պաշտպանական կողմի, դիմել անհրաժեշտ պաշտպանության: Սակայն նախաքննական մարմինը գործը որակել է որպես սպանություն ու սպանության փորձ: Նախաքննական մարմնի հետ համակարծիք է տուժող կողմը:

«Պաշտպանական կողմը ցանկանում է որպես անհրաժեշտ պաշտպանության ներկայացնել դիտավորությունը, բայց դա այդպես չէ: Տեղի ունեցածը սպանություն ու սպանության փորձ է»: Նման կարծիք հայտնեց Գյումրիում 3 տարի առաջ՝ մարտի 7-ին, տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստանալուց 4 օր անց հիվանդանոցում մահացած Կնյազ Ղազարյանի ու հրազենային կրակոցից վիրավորված նրա եղբոր՝ Գագիկ Ղազարյանի մոր ներկայացուցիչ Վարդան Գիլոյանը:

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի, եղբայրներ Կնյազ ու Գագիկ Ղազարյանները հրազենային վնասվածքները ստացել են հենց մեղադրյալի՝ Աշոտ Գրիգորյանի արձակած կրակոցների հետևանքով: Նման համոզմունք, ինչպես ինքը՝ Վարդան Գիլոյանն է ասում, իր մոտ ձևավորվել է գործով ձեռքբերված ապացույցների հիման վրա, նաև պարզ տրամաբանությամբ:

Հիշեցնենք, որ մենք անդրադարձել էինք Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շուրջ 2 տարի քննվող այս քրեական գործին՝ ներկայացնելով մեղադրանքի վերաբերյալ պաշտպանական կողմի հակափաստարկները: Բանն այն է, որ Գյումրիի բնակիչ 32- ամյա Աշոտ Գրիգորյանը, ըստ գործով ձեռքբերված ապացույցների, փորձել է պաշտպանել հորը, երբ գիտակցել է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում: Գործի նյութերի համաձայն, Աշոտ Գրիգորյանը, հորը տեսնելով արյան մեջ գետնին ընկած վիճակում, կարծել է, թե նա մահացել է:

«Հետևաբար նման իրավիճակում ինչպես կվարվեր ցանկացած որդի»,-հռետորական հարց էր բարձրացրել Աշոտ Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը:

Սակայն Ղազարյան եղբայրների մոր՝ Աննա Գիլոյանի ներկայացուցիչ Վարդան Գիլոյանը հակադարձում է՝ այդ պարագայում «ինչու է Կնյազ Ղազարյանը կրակոցը ստացել ծոծրակից, նշանակում է՝ նա նահանջելիս է եղել կրակոցի ժամանակ, հետևաբար ինչ անհրաժեշտ պաշտպանության մասին է խոսքը»:

Այն, որ Աշոտ Գրիգորյանի հայրը՝ գանգի բազմաբեկորային վնասվածքներով անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված Գագիկ Ղուկասյանը 1 տարի 2 ամիս տուժող չի ճանաչվել, որպեսզի անհրաժեշտ պաշտպանության վարկածը չքննվի, ըստ Վարդան Գիլոյանի անհիմն է. «Նույն հաջողությամբ Կնյազ Ղազարյանի եղբայրը՝ Գագիկը նույնպես սկզբում տուժող չի ճանաչվել»,-ասաց նա:

Մինչդեռ Գագիկ Ղազարյանը գործի հարուցումից հետո ներգրավվել է որպես մեղադրյալ: Ի դեպ, Վարդան Գիլոյանը եղել է նրա պաշտպանը: Սակայն 1 տարի 2 ամիս անց այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է: Գագիկ Ղազարյանը մեղադրյալից դարձել է տուժող: Նա, սակայն, դատարան չի ներկայացել, ինչպես այս գործով բազմաթիվ վկաներ: Վարդան Գիլոյանը նշեց, որ դեպքից, եղբորը՝ Կնյազին կորցնելուց հետո, Գագիկ Ղազարյանը մեկնել է Ռուսաստան, երկարատև բուժում է ստացել. «Հեռախոսով խոսեցի, ասեցի՝ լուրջ վկա ես, արի, պատասխանեց՝ գամ, չեմ դիմանա»: Բացի այդ, ըստ Վարդան Գիլոյանի, ենթամշակույթի կանոնների ու դրանք չխախտելու խնդիր կա, հեղինակության հարց է դատարանում ցուցմունք տալ-չտալը դիտվում:  

Նշենք, որ Գագիկ Ղազարյանի անգամ նախաքննական ցուցմունքում, որը դրված է մեղադրական եզրակացության հիմքում, վերջինը չի նշել Աշոտ Գրիգորյանի կողմից իրենց վրա կրակելու հանգամանքը:

Հարցին, որ բազմաթիվ վկաներ չեն ներկայացել դատարան, անգամ երբ կայացվել են բերման ենթարկելու մասին որոշումներ, Վարդան Գիլոյանը նկատեց՝ վախեցել են Աշոտ Գրիգորյանի մտերիմների, ընկերների կողմից հնարավոր հաշվեհարդարից:

Վարդան Գիլոյանը շեշտում է հարցի ոչ միայն իրավական, այլև հոգեբանական կողմը՝ ընդգծելով, որ որբացել են Կնյազ Ղազարյանի երեք մանկահասակ երեխաները, Գագիկ Ղազարյանը սահմանափակ աշխատունակություն ունի հրազենային վնասվաածքի պատճառով, ուստի նրա երկու երեխաները ևս զրկվել են բարեկեցիկ կյանք ունենալու հնարավորությունից:

Վարդան Գիլոյանը «Հետքի» հետ զրույցում վկայակոչեց նաև օպերատիվ-հետախուզական գործողության արդյունքները, որոնք գաղտնազերծվել են: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց, որ այդ գործողության արդյունքներով տվյալներ են ձեռք բերվել, որ Աշոտ Գրիգորյանը գաղտնալսման ժամանակ ասել է՝ «Ուզում էին, ստացան»:

Խոսելով այն մասին, որ Աշոտ Գրիգորյանի ձախ աչքի տեսողությունն առհասարակ բացակայում է՝ Վարդան Գիլոյանը նշեց. «Մեքենաները լույսերը վառված վիճակում են եղել, էնպես չի, որ մութ-մութ է եղել»:

Ըստ տուժող կողմի, ապացույցները բավարար են համակցության մեջ մեղադրական դատավճիռ կայացնելու համար: Մեր այն հարցին, թե որ ապացույցները կոնկրետ, երբ վկաների մեծ մասին այդպես էլ հնարավոր չի եղել լսել, իսկ փամփուշտներ ու հրացաններ հայտնաբերվել են նաև Ղազարյանների մտերիմների տներում, Վարդան Գիլոյանն առանձնացրեց փորձաքննությունների ու գաղտնալսման արդյունքները:

Ինչ վերաբերում է Ղազարյանների մտերիմներից երկուսի տանը հայտնաբերված փամփուշտներին ու որսորդական հրացաններին, ներկայացուցիչը տարակուսեց.  «Մտածում եք, որ մտերիմ մարդիկ կարող էին կրակել, բացի այդ, պարզվել է, որ նրանց հրացանները վերջին քանի ժամանակներում չեն կրակել»:

Ինչու եք համոզված, որ հենց Աշոտ Գրիգորյանն է մեղավոր անձը հարցին՝ Վարդան Գիլոյանը պատասխանեց՝ նախ տրամաբանությամբ, քանի որ վիճահարույց խնդիր կար հենց Աշոտ Գրիգորյանի և Ղազարյան եղբայրների միջև: «Եթե անզգուշություն լիներ, ապա չեմ կարծում, թե այդքան հավաքվածներից հենց երկու եղբայրները կստանային հրազենային վնասվածք»:

Հիշեցնենք, որ 2015 թվականի մարտի 7-ին` ժամը 23:30-ից մինչև մարտի 8-ի` ժամը 00:40-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 165 տան դիմացից տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ: Նրանց թվում է եղել նաև Գագիկ Ղուկասյանը և եղբայրներ Կնյազ ու Գագիկ Ղազարյանները: Կնյազ Ղազարյանը մի քանի օր անց՝ մարտի 11-ին, մահացել է հիվանդանոցում: 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված երկու և ավելի անձանց սպանության փորձ, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանություն, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, իրացնելը: Քննչական կոմիտեի 3 տարվա վաղեմության մամուլի հաղորդագրությունները կարդալով՝ պարզ է դառնում՝ 2015-ի մարտի 7-ին հաջորդող օրերին Գյումրիում ձերբակալվել ու այս քրեական գործում որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ 7 անձ, սակայն այսօր 7 անձանցից միայն մեկն է ամբաստանյալի աթոռին. «Բոլորին բաց թողեցին, մենակ Աշոտ Գրիգորյանին պահեցին»,-ասում է նրա պաշտպան Բալոյանը: Գործը դատարան է մտել միայն սպանության ու սպանության փորձի մեղադրանքով: Պաշտպանական կողմը գտնում է, որ Աշոտ Գրիգորյանը գործել է՝ ելնելեվ  անհրաժեշտ պաշտպանությունից՝ տեսնելով հորը արյան մեջ ընկած:

Լուսանկարում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդան Գիլոյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter