HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ախուրյանցի Տիգրանյանների ոդիսականը. բարձրացվել է 3-ամյա Ամալյայի խնամակալության հարցը

Ախուրյանի Ջրաշինարարների փողոցի վերջում, կիսախարխուլ տնակում բնակվող Ամալյա եւ Հովհաննես Տիգրանյանների անմխիթար կենցաղին «Հետք»-ն անդրադարձել էր 2017թ. սեպտեմբերին: Տիգրանյանները երկրաշարժին բնակարան եւ գույք չեն կորցրել, տնակատեր դարձել են տարիներ առաջ, թե ինչ ճանապարհով, զրույցի ժամանակ Հովհաննեսն այդպես էլ չպարզաբանեց:


Հովհաննես Տիգրանյան

Դրսում խաղացող փոքրիկի վերաբերյալ հարցերին պատասխանելիս տատիկը նշեց, որ ծնողները գարնանն են մեկնել ՌԴ` աշխատելու եւ աշնանը վերադառնալու են: Զրույցի ժամանակ Հովհաննեսն ու Ամալյան հիմնականում դժգոհեցին բնակության պայմաններից՝ հայտարարելով, որ համայնքապետարանից դրամական օգնություն չեն ստանում, թեեւ չժխտեցին, որ պարբերաբար առաջարկ եղել է` ընդգրկվել կոմունալ ծառայության աշխատանքներում համապատասխան վարձատրության դիմաց: Հովհաննես Տիգրանյանը նշեց, որ կոմունալ բաժնում աշխատած ժամանակ, ըստ կատարած աշխատանքի ծավալի, ստացել է 30, 70 եւ 80 հազար դրամ: Ստորեւ ներկայացվող տեսանյութը նկարահանվել է 2017թ.-ի սեպտեմբերին:

Գյումրիում գործող «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանը 2018թ. մարտին, նույն այս ընտանիքի հետ կապված տեսանյութ էր տարածել համացանցում՝ Ախուրյանում ապրող Տիգրանյանների կենցաղային պայմաններն անվանելով «դժոխային» եւ նշել, որ այդ պայմաններում ապրում են երեք անչափահաս երեխա: Նա նաեւ կոչ էր արել դրամահավաք սկսել՝ տուն գնելու նպատակով: «Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի ներկայացուցիչների այցից եւ երեխաների խնդիրներով զբաղվող համապատասխան մարմինների միջամտությունից հետո պարզվել էր, որ որոշ փաստեր չեն համապատասխանում իրականությանը:

Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց շահառուն Տիգրանյանների աղջիկն է՝ Նարինե Մխիթարյանը, որն ապրում է Գյումրիում: Երիտասարդ կինն անցած տարի օգոստոսին է դիմել` երեխաներին խնամքի հաստատությունում տեղավորելու խնդրանքով:


Լիլիթ Գորգինյան

«Նարինեն երկու փոքրիկների հետ ապրում է Գյումրիում՝ վարձով տնակում, սոցիալական վատ պայմաններում: Չունի հիմնական կացության վայր, այսինքն՝ որ պահին ինքը չկարողանա այդ տնակի վարձը տալ՝ երեխաների հետ հայտնվելու է փողոցում կամ, որպես վերջին տարբերակ, գնալու է Ախուրյան՝ ծնողների մոտ: Մենք բոլոր ուսումնասիրություններից ու դրական եզրակացությունից հետո, աղջկան ու տղային տեղավորել ենք թիվ 1 գիշերային խնամքի հաստատություն: Երեխաները հաճախում են հարեւանությամբ գտնվող թիվ 40 հանրակրթական դպրոց»,- պարզաբանում է Լիլիթ Գորգինյանը:

Երեխաները, մոր դիմումի համաձայն, մարտի 7-ին գնացել են տուն եւ տոներից հետո այլեւս չեն վերադարձել խնամքի հաստատություն: Տեսանյութի տարածումից հետո խնամքի կենտրոնից գնացել եւ երեխաներին վերադարձրել են հաստատություն: Լիլիթ Գորգինյանին առավել վրդովվեցրել էր երեխաների անխնամ տեսքը խոշոր պլանով ցուցադրելու փաստը՝ համարելով դա երեխաների իրավունքների կոպիտ ոտնահարում:

«Երեխաների օրինական ներկայացուցիչն այնտեղ չի եղել, չի թույլատրել նկարահանումները: Դրանք արվել են առանց որեւէ մեկի կամքը հարցնելու եւ տեղադրվել համացանցում, որը կոռեկտ չէ,- նկատում է Լիլիթ Գորգինյանը,- իհարկե, ես շատ շնորհակալ եմ, որ շնորհիվ այդ տեսանյութի նախ երեխաները հայտնաբերվեցին, սակայն հետագայի համար պետք է հաշվի առնել իմ նշած հանգամանքը»:

Ինչ վերաբերում է տատի և պապի մոտ անհայտ ժամանակով բնակվող 3-ամյա Ամալյային, պարզվել է, որ մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում տվյալներ կան երեխայի մոր՝ Մարգարիտայի վերաբերյալ:

«Նա մեզ մոտ հաշվառված է որպես Գյումրի քաղաքի Տերյան փողոցի քարաշեն տան բնակիչ՝ գրանցում ունի հայրական տանը: Մենք տեղյակ ենք եղել նաեւ Ամալյայի ծնունդից, որովհետեւ աջակցություն ենք ցուցաբերել երեք տարի առաջ: Մենք տեղեկացված չենք եղել, որ Մարգարիտան ամուսնու հետ ներկայում ՌԴ-ում է, իսկ փոքրիկին հանձնել է սկեսրոջ ու սկեսրայրի խնամքին»,- նշում է Լ. Գորգինյանը:

Մարտի 17-ին Ախուրյանի խնամակալության եւ հոգաբարձության հատուկ հանձնաժողովը նիստ էր հրավիրել՝ քննելու 62-ամյա Ամալյա Տիգրանյանի հետ բնակվող որդու՝ Գառնիկի 3-ամյա դստեր հարցը: Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պաշտոնական տվյալներով՝ Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների փողոցի 107 տնակում հաշվառված Գառնիկ Տիգրանյանը (փոքրիկ Ամալյայի հայրը) իր ընտանիքի հետ 3-րդ տարին է՝ այդ հասցեում չի ապրում:

Լիլիթ Գորգինյանի փոխանցմամբ, հանձնաժողովը որոշել է նախ երեխային ուղարկել բուժզննման՝ պարզելու առողջական վիճակը: Կանոնակարգվելու է նաեւ խնամակալության հարցը. ի վերջո, երեխան ունի նաեւ մորական տատ և պապ: Պետք է հասկանալ, թե ծնողների բացակայության պարագայում ով է ստանձնելու փոքրիկ Ամալյայի խնամքը, եւ ինչ կենցաղային պայմաններ են ապահովելու: Եթե թվարկված պայմաններն ու պահանջները չապահովվեն, ապա երեխան կտեղափոխվի պետական հոգածության տակ գտնվող հաստատություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter