Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանը վիրահատվել է. դատական նիստը հետաձգվեց
Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստն այսօր տեղի չունեցավ: Ամբաստանյալներից Արարատ Նիկողոսյանը վիրահատվել է` հեռացրել են նշիկները, և բժիշկները թույլ չեն տվել ներկայանալ դատական նիստին:
Նշենք, որ այս գործով դատարանն անցել է վկաների հարցաքննությանը. և, ըստ դատակոչի, այսօր դատարանում պետք է ցուցմունք տային, ըստ գորրծի նյութերի, դեպքի օրը ամբատանյալների հետ գտնված Մարիամ Գրիգորյանը և դեպքի վայրի տարածում գտնվող ավտոտեխսպասարկման կետի տնօրեն Հայկ Պետրոսյանը: Նշենք, որ վերջիններս գործով առանցքային վկաներ են:
Եղիշե Խաչատրյանը, հիշեցնենք, սպանվել է 2016թ. հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում է 5 անձ՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով (սպանություն մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):
Ըստ մեղադրանքի` սպանված Եղիշե Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծել, ապա դեպքի վայր են եկել Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և ինքնությունը չպարզված ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է: Դեպքի ժամանակ Եղիշե Խաչատրյանի հետ մեքենայում է եղել նաև նրա մայրը՝ Էմմա Աբրահամյանը, և միջադեպը տեղի է ունեցել մոր աչքի առաջ:
Լուսանկարում ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանը
Մեկնաբանել