Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Կարեն Կարապետյանն Արմավիրի մարզում ծանոթացել է ջայլամաբուծության, պիստակի այգիների հիմնման և գինեգործության ծրագրերին



Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին Արմավիրի մարզ այցի շրջանակում ծանոթացել է տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին: Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը: 

Մասնավորապես, կառավարության ղեկավարն այցելել է Փշատավան համայնքում հիմնված ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություն: Վարչապետին տեղեկացվել է, որ տնտեսությունում 2008 թվականից իրականացված ներդրումների արդյունքում ջայլամների թիվը հասցվել է շուրջ 500-ի: Նախորդ տարեվերջից սկսած՝ մեկնարկել է բաստուրմայի, սուջուխի և ղաուրմայի արտադրությունը: Առայժմ ողջ արտադրանքն իրացվում է միայն հայկական շուկայում, սակայն նախատեսվում են քայլեր իրականացնել նաև արտահանման ուղղությամբ: Կարեն Կարապետյանը ողջունել է Հայաստանում ջայլամաբուծության զարգացումն ու առաջարկել է փոխգործակցել «Գործարար Հայաստան» հիմնադրամի (Հայաստանի զարգացման հիմնադրամ) հետ՝ արտահանումը խթանելու նպատակով: 

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է մարզի Արտամետ համայնք, որտեղ իրանահայ ներդրողների կողմից իրականացվում է պիստակի այգիների հիմնման խոշոր ծրագիր: Կարեն Կարապետյանին տեղեկացրել են, որ 10 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով Արմավիրի մարզում հիմնվելու է 590 հեկտար պիստակի այգի՝ կաթիլային ոռոգման համակարգով: Տնկիների մշակման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: Նախատեսվում է արտադրված պիստակի ողջ ծավալն արտահանել տարբեր շուկաներ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցություն ցուցաբերել ներդրումային ծրագրի իրականացմանն ու արտահանման կազմակերպմանը:

Վարչապետը եղել է նաև Սարդարապատ համայնքում գործող Voskeni wines գինեգործական ընկերությունում, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու ծրագրերին:

Ընկերությունն արտադրությունն իրականացնում է Գերմանիայից ներկրված ժամանակակից սարքավորումներով: Խաղողի մթերման նպատակով պայմանագրեր են կնքվել ոչ միայն Արմավիրի մարզի, այլ նաև Վայոց ձորի խաղողագործների հետ:

Բացի դրանից, ընկերությունը նախատեսում է ընդլայնել խաղողի սեփական այգիները ոռոգման կաթիլային համակարգերով: Բացի գինիների տեսակների ընդլայնումից՝ ծրագրվում է ավելացնել նաև արտահանման ծավալները: Այժմ արտադրանքն իրացվում է Հայաստանում, Ռուսաստանում, Նիդեռլանդներում: Համապատասխան քայլեր են իրականացվում եվրոպական նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ