HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանում աղիքային վարակիչ հիվանդությունների 50-60%-ը սննդով է պայմանավորված

2017թ. սկզբից մինչև հուլիսն ընկած ժամանակահատվածը Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների 1079 դեպք, որից 333-ը՝ Երևանում, 746-ը՝ մարզերում։

Առողջապահության նախարարության՝ «Հետք»-ին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ 2016-2017 թթ. ընթացքում, ինչպես նաև՝ 2018թ. հունվարին արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների մոտ 50-60%-ը պայմանավորված է եղել սննդային գործոնով։

Հիվանդությունների հիմնական պատճառը՝ սննդակարգում  կենդանիներից ստացված կաթի, կաթնամթերքի օգտագործումն է, ինչպես նաև՝ հիվանդ կենդանիների հետ շփումը:

 

 

Տարեցտարի աղիքային հիվանդությունների քանակն աճում է

Ըստ «Վարակիչ հիվանդությունների, սննդային և քիմիական թունավորումների համաճարակային իրավիճակ» տեղեկագրքի՝ աղիքային հիվանդությունները Հայաստանում սրվում են տաք եղանակին՝ ջերմաստիճանի բարձրացմամբ։

Սննդով պայմանավորված ամենատարածված աղիքային հիվանդություններից են՝ սալմոնելոզը. բրուցելոզը, տուլարեմիան, շիգելոզը: Միայն 2017թ. սեպտեմբերին արձանագրվել է շիգելոզի 25 դեպք:

2016թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2017թ-ին գրանցվել է աղիքային հիվանդությունների աճ:

Օրինակ, 2016թ. հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 104, 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 143 աղիքային հիվանդության դեպք:

2017թ. աղիքային հիվանդությունների ամենաշատ դեպքերը գրանցվել են ՝ Սյունիքի, Կոտայքի և Արմավիրի մարզում, ամենաքիչը՝ Տավուշում և Շիրակում:

Առողջապահության նախարարությունը «Հետք»-ին հայտնել է, որ աղիքային հիվանդությունների յուրաքանչյուր դեպք ենթարկվում է համաճարակաբանական հետազոտության: Դրանց արդյունքում ԱՆ-ն պարզել է, որ աղիքային հիվանդության հիմնական պատճառը սննդակարգում ՝ կենդանիներից ստացված կաթի, կաթնամթերքի օգտագործումն է, ինչպես նաև՝ հիվանդ կենդանիների հետ շփումը:

2016-2018թթ. հունվարն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ողջ տարածքում աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից մահվան դեպքեր չեն գրանցվել:

 

Բրուցելոզի դեպքերի աճ

«Բրուցելոզվարակիչ հիվանդություն, մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից։ Բնորոշ են երկարատև ընթացքը, նյարդայինսիրտանոթային, ինչպես նաև ոսկրահոդային համակարգերի ախտահարումները»։

2017թ. մասնավորապես, շատացել են բրուցելոզով պայմանավորված աղիքային հիվանդությունների դեպքերը: Օրինակ, միայն 2017թ. սեպտեմբեր ամսին գրանցվել է բրուցելոզի 22 դեպք: Թեև օգոստոս ամսվա համեմատ դրանք նվազել են, բայց 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը մնացել է անփոփոխ:

Աղիքային հիվանդության 3 բռնկում մեկ ամսում

2017թ. սեպտեմբեր ամսին Հայաստանում գրանցվել է աղիքային վարակիչ հիվանդությունների 3 բռնկում՝ Սյունիքի, Արագածոտնի և Լոռու մարզերում:

Մասնավորապես՝  Գորիսի թիվ 3 դպրոցում սննդից սեպտեմբերի 14-23 ընկած ժամանակահատվածում գրանցվել է շիգելոզի  (դիզենտերիա կամ արյունային լուծ)  բռնկում, որից հիվանդացել է 48 երեխա, նրանցից 37-ը հոսպիտալացվել է:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ պատճառը դպրոցում տրվող սննդի երկրորդային աղտոտումն է եղել:

Արագածոտնի Սասունիկ համայնքում աղտոտված խմելու ջրից 2017թ. սեպտեմբերի 12-23 ընկած ժամանակահատվածում աղիքային հիվանդություններով վարակվել է 12 բնակիչ: Նրանք բոլորը հոսպիտալացվել են Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց և Աշտարակի բժշկական կենտրոն:

Դարձյալ աղտոտված խմելու ջրից Լոռու Մեծավան համայնքում 2017թ. սեպտեմբերի 19-30 ընկած ժամանակահատվածում գրանցվել է աղիքային վարակիչ հիվանդության 37 դեպք: Հիվանդներից 14-ը հոսպիտալացվել են:

Լաբորատոր հետազոտությամբ խմելու ջրի մեջ մանրէաբանական ցուցանիշների շեղում է հայտնաբերվել:

74 երեխա ուսումնական հաստատության սննդից է աղիքային հիվանդություն ձեռք բերել

2016-2018թթ. հունվար ամսվա ընթացքում Հայաստանում դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում (ՆՈՒՀ) գրանցվել է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակների 3 դեպք, որից տուժել է 74 երեխա:

Դրանք են՝

  • 2016թ. Հրազդանի թիվ 4 մանկապարտեզում ՝ 18 հիվանդ
  • 2017թ. Գորիսի թիվ 3 դպրոց (48 հիվանդ) և Լոռու մարզի Ճոճկան համայնքի ՆՈՒՀ՝ 8 հիվանդ:

2018թ.-ի հունվար ամսին դեպքեր չեն եղել:

Ուսումնական հաստատություններում աղիքային հիվանդությունների մեծ մասը սննդի երկրորդային աղտոտումից է եղել:

2013-2017թթ. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արձանագրել է 179 խախտման դեպք, որոնցից միայն 3-ն են եղել Երևանում («Երևանի թիվ 53 մանկապարտեզ»-ում, «Մանկիկ նախակրթարան»-ում  և «Ժպիտ նախակրթարան»-ում), մնացած 176-ը՝ մարզերում:

Ամենաշատ խախտումները եղել են Արարատի մարզում՝ 33 դեպք, հաջորդն Արմավիրն է՝ 31 դեպք: Մարզերում ամենաքիչ խախտումը Վայոց Ձորում է, ընդամենը՝ 8 դեպք:

 Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ վտանգավոր սննդի երկարատև կիրառումը. պարզաբանել է Հայաստանի գլխավոր վարակաբանը

«Հետք»-ը մշտապես անդրադառնում է սննդամթերքի անվտանգության ոլորտին` մասնավորապես սննդի որակին։ Վերջին 4 ամսում մենք հայտնաբերել էինք շուկայում վաճառվող և սալմոնելա, հակաբիոտիկներ պարունակող ներկրված և տեղական հավի միս, աղիքային ցուպիկով, ոսկեգույն ստաֆիլակոկով, բուսական յուղով և հակաբիոտիկով կաթնամթերք (թթվասեր, կաթ):

Մահվանից օրեր առաջ Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը «Հետք»-ին պարզաբանեց, թե սննդամթերքի մեջ եղած հիգիենիկ ցուցանիշներին չհամապատասխանող միկրոօրգանիզմներ, ինչպես նաև՝ հակաբիոտիկներ պարունակող սննդամթերքի երկարատև կիրառումն ինչ հետևանքներ կարող է ունենալ։

«Սալմոնելայով և աղիքային ցուպիկների խմբի մանրէներով աղտոտված սննդամթերքը օգտագործելու դեպքում մարդկանց մոտ կարող է դառնալ վարակի աղբյուր և առաջացնել հիվանդություն:

Սննդամթերքը, որը պարունակում է հակաբիոտիկների մնացորդային քանակ, երկարաժամկետ օգտագործման դեպքում կարող է բացասական աղդեցություն ունենալ առողջության վրա, ինչպես նաև կարող է առաջացնել ալերգիկ և անաֆիլակտիկ ռեակցիաներ, ընկճել աղիների նորմալ միկրոֆլորան՝ առաջացնելով միկրոֆլորայի խանգարումներ, նաև սնկային հիվանդություններ: Կարող է նպաստել նաև հակաբիոտիկների նկատմամբ կայունությանը և մանրէների դիմացկուն ձևերի զարգացմանը»։

Առողջապահության նախարարությունն իր հերթին «Հետք»-ին հայտնել է, որ մշտապես իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ՝ աղիքային հիվանդությունների տարածման դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter