HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դոն Պիպոյի դեմ նախապատրաստվող սպանության գործով մեղադրյալների կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Քրեական աշխարհում որպես «Դոն Պիպո» հայտնի Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստվող սպանության գործի շրջանակներում ԱԱԾ քննիչը հերթական անգամ դիմել է դատարան՝ մեղադրյալների կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ: Այս մասին հայտնում են իրավապահ համակարգի մեր աղբյուրները: Այս պահի դրությամբ մեղադրյալներից առնվազն երկուսի կալանքն արդեն երկարացվել է:

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստվող սպանության գործով անցնում են 4 անձինք՝ Վազգեն Ղազախեցյանը, Արտակ Այվազանը, Արկադի Քոչինյանը և Զոհրաբ Ղումաշյանը: Առաջին երեքը գործի շրջանակներում 2017 թվականի մայիսի 24-ին Էջմիածին քաղաքի բնակարաններից մեկում ձերբակալված անձինք  են, իսկ Զոհրաբ Ղումաշյանը մեղադրվում է նախապատրաստվող սպանության օժանդակության մեջ: Վերջինիս հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրավվել էր որպես մեղադրյալ, խափանման միջոցն ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը, ապա  2017-ի մայիսի 27-ին նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Մայիսի 31-ին Ղումաշյանը հայտնաբերվել էր: Վերջինիս կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը դեռևս տեղի չի ունեցել:

Նշենք, որ սա վերջին անգամն է, որ նախաքննական մարմինը կարող էր դիմել դատարան՝ սպանության նախապատրաստման գործով անցնող մեղադրյալների կալանքը նախաքննության ընթացքում երկարացնելու միջնորդությամբ, քանի որ մայիսին կլրանա օրենքով սահմանված կարգով նախաքննության ընթացքում մեղադրյալներին կալանքի տակ պահելու առավելագույն՝ մեկ տարի ժամկետը:

Դեռևս նախորդ տարվա վերջին քննարկումներ կային, որ նախապատրաստվող սպանության մասով գործի նախաքննությունը շուտով կավարտվի, և գործը դատարան կուղարկվի, իսկ մեղադրյալներից երեքին առևանգելու մասով քննությունը կշարունակվի, սակայն, առ այսօր, փաստորեն, նախապատրաստվող սպանության գործով նախաքննությունը շարունակվում է, որից կարելի է եզրակացնել, որ քննություն իրականացնող մարմինը գործը դատարան ուղարկելուց առաջ դեռևս որոշակի մտահոգություններ ունի մեղադրանքի առումով:

Գործը դատարան չուղարկելու պատճառներից մեկը կարող է լինել նաև մեղադրանքը լրացնելու հնարավոր վարկածը: Իրավապահ համակարգի մեր նույն աղբյուրների փոխանցմամբ՝ քննություն իրականացնող մարմինն ամբաստանյալներին որոշակի հարցադրումներ է արել նաև երկրորդ անձի սպանությունը նախապատրաստելու վերաբերյալ:  Խոսքը, մասնավորապես «Վստրեչի ապեր» անվամբ հայտնի Արամ Վարդանյանի մասին է:

Նշենք, որ գործով այս պահին տուժողի կարգավիճակ ունի Արթուր Ասատրյանը, վերջինս մեկ անգամից ավելի է հարցաքննվել:

Նախաքննության ընթացքում, բացի սպանության նախապատրաստման շրջանակներում կալանավորված անձանցից ,2 կալանավորված անձ կա նաև մեղադրյալներին ապօրինի զենք-զինամթերք իրացնելու փաստով կատարվող քննության շրջանակներում:

Գործում առկա են դատաբժշկական փորձաքննության պատասխաններ, որոնց համաձայն՝  կալանավորված երեք անձինք,  որոնք ձերբակալվել են Էջմիածին քաղաքում, թեթև մարմնական վնասվածքներ են ունեցել:

Նշենք, որ ավելի վաղ այս գործով պաշտպաններից ոմանք բարձրաձայնել էին  այն մասին, որ մինչև ձերբակալվելն իրենց պաշտպանյալներին դիմակավորված անձինք երեք օր ծեծի են ենթարկել՝ փորձելով նրանցից  որոշակի տեղեկություններ ստանալ: Թե ինչպես են երեք օր շարունակ ծեծի ենթարկված անձանց մարմնական վնասվածքները թեթև, պարզ չէ:

Մեր նույն աղբյուրների փոխանցմամբ՝ գործի շրջանակներում ամբաստանյալներից մեկը բարձրաձայնել է այն մասին, որ իրենց առևանգելուց հետո հոգեմետ դեղեր և ինչ-որ ծխախոտ են տվել, որից իրենց ինքնազգցողությունը վատացել է, ապա այդ ամենի ազդեցության տակ էլ բերել են Էջմիածնի այն բնակարան, որտեղ նրանց ձերբակալել են:

Նշենք, որ եթե մեղադրյալների հայտարարությունները համապատախանում են իրականությանը, ապա հարց է առաջանում, թե արդյոք կարելի՞ է նման վիճակում ձերբակալվելուց անմիջապես հետո նրանց տված ցուցմունքներն արժանահավատ համարել:

Մեղադրյալները, մեր տեղեկություններով, խոսել են նաև այն մասին, որ  իրենց սպառնացել են, թե ընտանիքի անդամներին ևս կբերեն և փակի տակ կպահեն: Նշենք նաև, որ նրանց առևանգելու մասով  քննության շրջանակներում որևէ էական տեղաշարժ չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter