HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Դասադուլ հայտարարած գյումրեցի ուսանողները պահանջում են բուհ վերադարձնել աշխատանքից ազատված դասախոսներին

Շիրակի պետական համալսարանի ուսանողները բաց նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին՝ բողոքելով ռեկտոր Սահակ Մինասյանի՝ մարտի 15-ին ընդունած անհիմն որոշման դեմ: Նամակում նշված է, որ ռեկտորը կամայական կերպով(Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 122-րդ հոդվածի 2-րդ կետերով) աշխատանքից ազատել է բուհի լավագույն դասախոսներից Հովհաննես Խորիկյանին եւ Գագիկ Համբարյանին: «Տարիներ շարունակ իրենց տված գիտելիքներով եւ մանկավարժին ու ՀՀ քաղաքացուն բնորոշ վեհ կեցվածքով վայելել են ուսանողների սերն ու հարգանքը: Մենք բազմիցս դիմել ենք ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին, բայց մեր բողոքներն ամեն անգամ անպատասխան են մնացել:

Հերթական անգամ հայտարարում ենք դասադուլ եւ պահանջում բեկանել ռեկտորի՝ մարտի 15-ի որոշումը եւ անհապաղ աշխատանքի վերադարձնել Հ. Խորիկյանին ու Գ. Համբարյանին: Ապահովել մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի եւ հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, այն կազմակերպել լրագրողների, բողոքին մասնակցող ուսանողների հատուկ խմբի եւ աշխատանքից ազատված դասախոսների ներկայությամբ: Ապահովել բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունը եւ համալսարանի պաշտոնական կայքում զետեղել բուհի 2016թ.-ի փոփոխված եւ 2017թ.-ի նախահաշիվները եւ նույն թվականների ֆինանսական հաշվետվությունները, 2018թ.-ի բյուջեի նախահաշիվը »,-նշված է բաց նամակում, որը ստորագրել է 70 ուսանող:

Այսօր առավոտյան կազմակերպած դասադուլից հետո, որին մասնակցել են հիմնականում պատմության ֆակուլտետի ուսանողները, ՇՊՀ ուսխորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը մամլո ասուլիս էր հրավիրել Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնում: Ասուլիսին ներկա էին ուսխորհրդի անդամներ ու բուհի ուսանողներ: Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ ազատ կարծիք հայտնող ուսանողների նկատմամբ բուհում որոշակի դիրքորոշում է ձեւավորվել՝ կոնկրետ չեն սպառնում, սակայն հորդորում են չեզոք մնալ:

«Զանգեր են ստանում մեր ծնողները, զրույցի հրավերներ, էն դպրոցների տնօրեններին են խառնել, որոնց աշակերտները ներկայում բուհի ուսանող են, որ իրենք ինչ-որ կերպ ազդեն: «Ֆեյսբուք»-ում կատարած իմ գրառումից հետո, երեկոյան զանգահարել է մեր բարեկամներից մեկն ու ասել, որ պարոն Մինասյանի կինը խնդրում է զանգահարել իրենց տուն, կամ իմ հայրը առավոտյան աշխատանքի գնալուց ներկայանա իրենց տուն,-պատմեց Արմեն Մելքոնյանը,-մենք շատ հեռու ազգակցական կապ ունենք ռեկտորի հետ, փոքր քաղաք է, ինքներդ էլ եք հասկանում, ու նման զանգերն երեւի սպասելի էին, պարզապես մի բան հաշվի չէին առել, որ իմ ծնողները հարգում են իմ սկզբունքներն ու դիրքորոշումների հետ էլ հաշվի են նստում»:

Ուսանողները նշեցին, որ բուհում այլակարծությունը չի ընդունվում, եթե իրենց հետ չես, ուրեմն թշնամի ես: Ռեկտոր Սահակ Մինասյանը հանձնարարարել է ֆակուլտետների դեկաններին բուհում պարբերաբար ծնողական ժողովներ կազմակերպել: Ասուլիսի կազմակերպիչների հանոզմամբ, մարպետարանի կրթության վարչության բաժնի նախկին պետը, որ ներկայում ղեկավարում է Շիրակի պետական համալսարանը, բուհը խառնել է դպրոցի հետ: Բանախոսները հավատացած են, որ աշխատանքից ազատել են բուհի լավագույն դասախոսներին: Ըստ ուսանողների, շատ դեպքերում դիմորդը այս կամ այն ֆակուլտետն ընտրում է՝ հաշվի առնելով դասավանդող դասախոսների կրթական մակարդակը, քանի որ ցանկանում է ստանալ որակյալ կրթություն:

Վաղը եւս դասադուլը կշարունակվի: Պատմության ֆակուլտետի ուսանողներին կմիանան նաեւ այլ ֆակուլտետների ուսանողներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter