HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է 2017թ. կոմիտեի իրականացրած աշխատանքների և 2018թ. ծրագրերի մասին

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը զեկուցել է քաղաքաշինության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքների, նախորդ հանդիպմանը նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի, 2018 թվականին կոմիտեի նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին:

Ինչպես տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը, Նարեկ Սարգսյանը ներկայացրել է քաղաքաշինության բնագավառում օրենսդրության կատարելագործման, ճարտարապետական գործունեության կանոնակարգման, տարածական պլանավորման և նորմատիվ փաստաթղթերի մշակման ու արդիականացման, շենք-շինությունների սեյսմիկ ռիսկի նվազեցման և սեյսմակայունության բարձրացման ռազմավարության, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույցների խնդրի կանոնակարգման ուղղությամբ արված աշխատանքները, կոմիտեի կողմից համակարգվող կառուցապատման ներդրումային ծրագրերը, պետբյուջեի միջոցներով իրականացված շինարարական ծրագրերը և հաշվետու ժամանակահատվածում կոմիտեի գործառույթների շրջանակներում իրականացված այլ աշխատանքներ:

Նարեկ Սարգսյանը զեկուցել է, որ ի կատարումն նախագահի հետ նախորդ աշխատանքային հանդիպման ընթացքում տրված հանձնարարականի՝ քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների տրամադրման գործընթացը կանոնակարգելու և դյուրացնելու նպատակով մշակվել է գործող ընթացակարգի փոփոխության առաջարկ, որը նախատեսում է գործառույթների զգալի մասն իրականացնել էլեկտրոնային առցանց եղանակով՝ www.e-permits.am միասնական համակարգի միջոցով: 

Կոմիտեի հիմնական գործառույթ հանդիսացող տարածական պլանավորման ուղղությամբ ներկայացվել է, որ 2017-2021թթ. հանրապետության բոլոր համայնքները գլխավոր հատակագծերով ապահովելու նպատակով իրականացվում է միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման ծրագիրը: Որպես օրինակ ներկայացվել են 2017 թվականին կոմիտեի պատվիրատվությամբ մշակված Տավուշի մարզի 55 համայնքների տարածքները ներառող թվով 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը: Կոմիտեի նախագահի հավաստմամբ՝ 2018 թվականին նախատեսվում է իրականացնել նմանօրինակ համալիր ծրագիր Սյունիքի և Արարատի մարզերում՝ ընդհանուր առմամբ 233 բնակավայրերի համար:

«Սևան» ազգային պարկի տարածքի զարգացմանն ուղղված միջոցառումների համատեքստում Նարեկ Սարգսյանը մանրամասնել է մշակված առաջարկությունները, ըստ այդմ, նախատեսվում է Լճաշեն-Սևան հատվածում կառուցել ծովափնյա հետիոտն ճանապարհ՝ հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացումը խրախուսելու նպատակով իրականացնելով տարածքի մանրամասն գոտևորում՝ առանձնացնելով լողափի, հանգստի և սպասարկման այլ օբյեկտների համար գրավիչ տարածքներ: Նախագծային առաջարկությունները, ըստ կոմիտեի նախագահի, մշակման ընթացքում են: 

Զեկուցվել է, որ 2017թ. ընթացքում շարունակվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը:

Հանրապետության նախագահի հանձնարարականների կատարման շրջանակում Նարեկ Սարգսյանը ներկայացրել է քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից 2017թ. իրականացված կառուցապատման ներդրումային ծրագրերը, ինչպես նաև՝ Երևանում և մարզերում 2018թ. իրականացվելիք խոշոր ներդրումային ծրագրերը: 

Զեկույցի համաձայն՝ կոմիտեի համակարգմամբ պետական և մասնավոր վարկային միջոցների հաշվին իրականացվել են թվով 54 կառուցապատման ներդրումային ծրագրեր, որոնցից 19-ը՝ պետական, 35-ը` մասնավոր: Ներդրումային ծրագրերով նախատեսված կառույցների շինաշխատանքները, Նարեկ Սարգսյանի հավաստմամբ, գտնվում են ավարտական փուլում:

2018 թվականին կոմիտեի համակարգմամբ նախատեսվում է շարունակել և ավարտին հասցնել թվով 7 ներդրումային ծրագիր, ինչպես նաև՝ համակարգել ավելի քան 24 կառուցապատման նոր ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը: 

ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կոմիտեի պատվիրատվությամբ նախատեսվել և իրականացվել են՝ կրթական, մարզական, մշակութային, առողջապահական, բնակարանաշինության և վարչական 32 օբյեկտների շինաշխատանքներ, այդ թվում՝ 2017 թվականի ընթացքում ամբողջապես ավարտվել և շահագործման են հանձնվել՝ Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնը, Գեղարքունիքի մարզի Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը: Ավարտական փուլում են գտնվում Երևանի «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի և Երևանի պետական կամերային թատրոնի շինարարական աշխատանքները, Լոռու մարզի Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցին կից օժանդակ մասնաշենքի կառուցման աշխատանքները, թվով 24 նախադպրոցական և դպրոցական, մարզական, մշակութային ու վարչական հաստատությունների նախագծահետազոտական աշխատանքները: 

Կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում իրականացվող կառուցապատման ներդրումային ծրագրերը. Ջերմուկում՝ քաղաքի զարգացման ծրագրի շրջանակում թերմալ ջրերի փակ և բացօթյա լողավազանով հյուրանոցային համալիրի կառուցումը, բնակելի թաղամասերի և քաղաքի բարեկարգմանն ուղղված մի շարք ներդրումային ծրագրեր, Վանաձորում` լեռնադահուկային կենտրոնի և հանգստի գոտու կառուցման ծրագիրը, Ծաղկաձորի զարգացման և բարեկարգման ծրագրի շրջանակում քաղաքի տրանսպորտային և ինժեներական ենթակառույցների համակարգի վերականգնման և կառուցման, շենքերի ճակատային հատվածների բարելավման, գիշերային լուսավորության համակարգի տեղադրման ծրագրերը և այլն:

Հանրապետության նախագահի կողմից քաղաքաշինության պետական կոմիտեին տրվել են մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ շարունակել հետևողական աշխատանքը կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը դյուրինացնելու և գործարարությամբ զբաղվելու (Doing Business) ցուցիչով արձանագրվող համեմատական առավելություններ ամրագրելու ուղղությամբ: Հանձնարարվել է նաև քննարկել մարզային քաղաքների և առանձին գյուղական համայնքների զարգացման առաջիկա խոշորածավալ ծրագրերը՝ սահմանվող առաջնահերթությունները դիտարկելով կայուն զբոսաշրջային արդյունքի ապահովման և դրա հետ շաղկապված՝ նպաստավոր քաղաքաշինական միջավայրի ձևավորման ու անհրաժեշտ կարգավորումների սահմանման տեսանկյունից, մշտական ուշադրության ներքո պահել քաղաքաշինական հատուկ կարգավորման բնակավայրերում իրականացվող քաղաքային զարգացման ծրագրերը, այդ թվում՝ Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում, Դիլիջանում և Ծաղկաձորում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter