Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ն․ Փաշինյան․ «Այս ստահոդ պետությունը զինվորի մայկա-տրուսիկի հոգսը թողել է զինվորի ծնողի վրա»



Խորհրդարանում քննարկվում է Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածության հարցը, առաջադրված է ՍԴ նորընտիր անդամ Հրայր Թովմասյանը։ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ Tert.am-ին տված հարցազրույցին.

«Սերժ Սարգսյանն ըստ էության հայտարարեց, որ ի հեճուկս 2014 թվականի ապրիլի 19-ին իր ստանձնած պարտավորության, նա պատրաստվում է վերցնել վարչապետի պաշտոնը։ Կարծում եմ՝ այսպիսով Սերժ Սարգսյանը հայտարարում է Հայաստանում այլ հայեցակարգի պետություն ստեղծելու մասին, և այն պետք է անվանել ստահոդ պետություն»,- հայտարարեց Փաշինյանը, ապա ներկայացրեց մանրամասներ, թե ինչ կապ ունի ստահոդ պետության հետ Հրայր Թովմասյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ կապն անմիջական է, որովհետև տևական ժամանակ հայտարարվում էր, որ Հայաստանն անցում է կատարելու կառավարման խորհրդարանական համակարգին:

«Բայց հիմնականում Հրայր Թովմասյանի ձեռամբ գրված ԱԺ կանոնակարգ-օրենքով խորհրդարանական քննարկումները վեր են ածվում շուտասելուկի, երբ մի ժամանոց ռեժիմով են քննարկվում հարցերը, և ըստ էության պատգամավորները շանս չեն ստանում իրենց կողմից քվեարկվող նախագծերը կարդալ»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը։

Պատգամավորը հիշեցրեց նաև, որ Հրայր Թովմասյանը ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՍԴ-ի մասին օրենքում է փոփոխություն կատարել:

«Վերջին ակորդը ՍԴ մասին օրենքն էր, և դրա գլուխգործոցներից մեկն այն էր, երբ վարչապետի սպասվող ընտրությունները մայիսի երկուսից տեղափոխվեցին ապրիլի 17-ին, սակայն կա ավելի մեծ գլուխգործոց։ Չնայած Սահմանադրությամբ նախատեսված է,  որ հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքները կարող են բողոքարկվել ՍԴ-ում, բայց պարզվում է, որ որևէ մեկը չի կարող բողոքարկել ՍԴ-ում, որովհետև Հրայր Թովմասյանի և նրա հանձնաժողովի ձեռքով գրած օրենքի ուժով ՍԴ-ում բողոքարկելու դրույթն ուժի մեջ է մտնում նորընտիր նախագահի՝ պաշտոնը ստանձնելու օրը, երբ ՍԴ-ում բողոքարկման ժամկետը սպառված կլինի»,- ասաց պատգամավորը։

Պատգամավորի համոզմամբ՝ ստահոդ պետություն է, քանի որ առավոտից երեկո այս պետությունը զինվորի հասցեին կենացներ է հնչեցնում, սակայն նույն զինվորին նույնիսկ հիգիենիկ պարագաներով չի ապահովում:

«Առավոտից իրիկուն այս պետությունը հոտնկայս խմում է զինվորի կենացը, բայց նույն պետությունը նույն զինվորի ժողովրդական լեզվով ասած մայկա-տրուսիկի հոգսը թողել է զինվորի ծնողի վրա, և եթե զինվորի ծնողը հնարավորություն չունի իր զինվորին մայկա-տրուսիկ ուղարկել, ուրեմն այս ստահոդ պետության զինվորը կմնա առանց մայկա-տրուսիկի։ Ամենևին էլ հեռու չէ այն ժամանակը, երբ շուտով ծնողների վրա կդրվեն կալաշնիկով ավտոմատների, տանկերի շղթաները և նույնիսկ իսկանդերի վառելանյութն ապահովելու գործը»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութով։

Տեսանյութը՝ Parliament.am կայքի ուղիղ հեռարձակումից։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ