HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում է նախագահականը։

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանը նրան մաղթել է հաջողություն և հույս հայտնել, որ իր ակտիվ գործունեությամբ Ու Յուն Գընը նոր լիցք կհաղորդի հայ-կորեական հարաբերություններին: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի պետական բոլոր մարմինները պատրաստ են աջակցելու նորանշանակ դեսպանին իր շնորհակալ գործում:

Հանդիպման սկզբում Ս․ Սարգսյանը նաև շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Փհենչհանում 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի հաջող անցկացման կապակցությամբ՝ ուրախալի համարելով, որ դրանք նպաստել են Կորեական թերակղզում այդ խաղերի ոգուն բնորոշ համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, ինչը, Սարգսայնի համոզմամբ, կարևոր է ոչ միայն Կորեայի, այլև ամբողջ աշխարհի համար:

Ընդգծելով, որ անցած տարի Հայաստանն ու Հարավային Կորեան նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները դեռևս լիարժեքորեն չեն արտացոլում երկու երկրների միջև առկա համագործակցության մեծ ներուժը: 

Միջպետական երկխոսությունը և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի ակտիվ փոխայցելությունները, միջխորհրդարանական կապերի սերտացումը, միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ քայլերը:

Կորեայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Սարգսյանին ընդունելության ու շնորհավորական խոսքերի համար և փոխանցել իր երկրի նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ու Յուն Գընը վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու հայ-կորեական հարաբերությունների ամրապնդմանը, երկու ժողովուրդների փոխճանաչելիության մեծացմանը, գործարար համայնքների, օրենսդիր մարմինների միջև ակտիվ շփումների հաստատմանը, տնտեսական, հումանիտար և այլ բնագավառներում համագործակցության խորացմանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նաև Կորեայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից ազատելու որոշման համար՝ նշելով, որ դա ևս զգալիորեն կխթանի երկկողմ կապերի աշխուժացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter