HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպան․ «Մարտի 20-ը պիտի նշվի որպես արդարադատության մահվան օր»

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարին՝ 10 տարի 5 ամսվա պատիժ, իրավապահների հետ համագործակցողին՝ 2 տարվա

«Բրավո՛, կեցցե՛, շուտով նմանատիպ դատավճիռներ Ձեզ համար կարտասանվեն»,-10 տարի 5 ամսվա իր դատավճիռը նստած ու ժպիտով լսելով՝ ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

Սեֆիլյանից բացի, դատավճիռը նստած լսեցին «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Գևորգ Սաֆարյանը՝ 5 տարի 5 ամիս, ակտիվ քաղաքացի, երեք անչափահաս տղաների հայր Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 5 ամիս, Արցախյան պատերազմի մասնակիցներ Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, դուդուկի ուսուցիչ Գալուստ Գրիգորյանը՝ 3-ական տարվա ազատազրկում:

Դատավճիռը հոտնկայս լսեց միայն Հովհաննես Պետրոսյանը, ում հանդեպ թե՛ մեղադրողները, թե՛ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ամենաբարեհաճ էին: Հովհաննես Պետրոսյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: Հաշվի առնելով այն, որ ազատազրկման ժամկետները հաշվարկվում են արգելանքի տակ վերցնելուց՝  տվյալ դեպքում՝ 2016-ի մայիսից, ապա Պետրոսյանը 2 ամիս անց՝ մայիսի 20-ին, կվերադառնա ազատություն: Ըստ մեղադրողի՝ Հովհաննես Պետրոսյանը համագործակցել է իրավապահների հետ, աջակցել գործի բացահայտմանը, ինչը դիտարկվել է որպես մեղմացուցիչ հանգամանք: Իսկ ըստ Սեֆիլյանի պաշտպանների, Պետրոսյանի գործողությունների ու ցուցմունքների հետևանքով է ամբողջացել այս քրեական գործը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի համար դատախազը միջնորդել էր ամենախիստ պատիժը՝ 11 տարի, իսկ ամենամեղմը՝ 2 տարի Հովհաննես Պետրոսյանի համար:

Ներսես Պողոսյանը չկարողացավ մինչև վերջ լսել պատժի ժամկետները, նա Հովհաննես Պետրոսյանի հասցեին ուղղված արտահայտություններ հնչեցրեց. Պողոսյանին ոստիկանները դուրս հանեցին դահլիճից: Վատացավ Պողոսյանի կնոջ ու քրոջ ինքնազգացողությունը, նրանց համար շտապօգնություն հրավիրվեց:

Դատախազներ Պետրոս Պետրոսյանն ու Հակոբ Ենոքյանը դատավճռի ընթերցումից հետո արագ նստեցին իրենց շքեղ մեքենաներն ու հեռացան քաղաքացիների անեծքների տակ:

«Սա դատավարություն չէր, այլ՝ բացահայտ քաղաքական պատվեր ու հաշվեհարդար: Մարտի 20-ը պիտի նշվի որպես արդարադատության մահվան օր, այդ օրը պետք է իջեցնեն դատարանների դրոշները և դրանց փոխարեն սև ժապավեն կապեն: Այս օրը կմնա պատմության մեջ, բայց կգա ժամանակը, երբ քաղաքական իշխանությունը պատասխան կտա դրա համար»,- դատավճիռը լսելուց հետո լրագրողներին ասաց Ժիրայր Սեֆիլյանի ու Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավճռի հրապարակմանը դեռ երեսուն րոպե կար, սակայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ կուտակված էին ոստիկանական մեքենաներ և ուժեր: Ինչպես այս գործով բոլոր նիստերին, այնպես էլ այսօր շենքի դիմային հատվածը շրջափակված էր երկաթե ուղեփակոցներով:

Վերջին երկու նիստերին մասնակցել ցանկացող քաղաքացիներն ապակեպատ դահլիճ մտնելու համար ստիպված էին անցնել ոչ թե մեկ, այլ երկու «անցագրային կետով», մեկը՝ դրսում՝ երկաթե ուղեփակոցների մոտ, մյուսը՝ դատարանի շենք մտնելիս:

Ուղեփակոցները այսօր շրջանցել հաջողվեց միայն գործով դատախազներին՝ Պ. Պետրոսյանին ու Հ. Ենոքյանին: Նրանց առաջ ոստիկանները պարզապես բացեցին ուղեփակոցը: Մեր հարցին, թե ինչու խտրականություն դրսևորվեց, իրենց առջև բացվեց ուղեփակոցը, դատախազ Ենոքյանը նշեց. «Պիտի ժամանակին ներկա լինեն»: Այս դեպքում ժամանակին տեղում լինելու խնդիր չունեն դատախազները, քանի որ նիստ չէր, այլ դատավճռի հրապարակում: Նշենք, որ դատավարության մյուս կողմի՝ փաստաբանների առաջ ուղեփակոցը չէր բացվում:  

Դատախազների համար՝ մուտքի արտոնյալ պայմաններ

Թեպետ դատավճիռները հրապարակվում են դռնբաց դատական նիստում, հրապարակային, այդուհանդերձ որոշ քաղաքացիներ այդպես էլ չկարողացան ներս մտնել նիստերի դահլիճ: Քաղաքացիները հենց երկաթե ուղեփակոցների մոտ հանդիպում էին դիմադրության, կարգադրիչները պահանջում էին քաղաքացիների անձնագրերը, անձանց տվյալները համեմատում իրենց ցուցակների հետ: Նրանք պատճառաբանում էին, որ կան անձինք, ում նկատմամբ դատավորը սանկցիա է կիրառել՝ հեռացնելով դատական նիստերից: Սակայն սանկցիան կիրառել էր մինչև դատաքննության ավարտը: Իսկ դատաքննությունը ավարտվել է դեռևս օրեր առաջ, դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ:

Գեղամ Ադյանը

Գեղամ Ադյանը նշեց, որ իր ազգանունը թեպետ կարգադրիչների ցուցակում սխալ է նշված, այդուհանդերձ իրեն թույլ չեն տալիս ներս մտնել՝ պատճառաբանելով կիրառված սանկցիայով: Նա պատմեց, որ իր տվյալները կարգադրիչները ֆիքսել են դեռևս ամռանը: Անգամ ոստիկաններ են եկել իրենց տուն ու ասել, որ դատերին չմասնակցի, «թե չէ վատ կլինի»: Երիտասարդը չի հնազանդվել, եկել է նիստերի, որոնցից մեկի ժամանակ կիրառվել է սանկցիա՝ դատական նիստերից հեռացում մինչև դատաքննության ավարտը: «Պարզ ա, չեն ուզում շատ մարդ լինի ներսում դատավճռի հրապարակմանը, էդ պատճառով էլ չեն թողնում»,- ասաց Գեղամ Ադյանը: Պետրոս Մակեյանն էլ կոչ արեց քաղաքացիներին չտալ անձնագրերը:

«Հետքը» բազմիցս է ֆիքսել, թե ինչպես էին ամիսներ շարունակ կարգադրիչների կողմից ամեն նիստի հավաքագրվում այս գործով նիստերին մասնակցող քաղաքացիների անձնական տվյալները, որոնք շատ անգամ ծառայում էին որպես հիմք՝ ակտիվ քաղաքացիների հանդեպ նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիաների համար: Թեև դատաքննությունն ավարտվել է, ու այսօր դատավճռի հրապարակումն էր, այնուամենայնիվ կարգադրիչները շարունակում էին հավաքել «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով եկած քաղաքացիների անձնական տվյալները: Ի դեպ, ոչ միայն անձնագրային տվյալներն էին հավաքվում, այլև գրառում, թե ով՝ ում բարեկամն է: Նշենք, որ չկա նման օրենք, որը թույլ կտա դռնբաց դատական նիստերին մասնակցել ցանկացող անձի տվյալները հավաքագրել:  

Հավելենք, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Ժիրայր Սեֆիլյանին մեղավոր ճանաչեց քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Ի սկզբանե, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ սա դատավարություն չէ, այլ թատերական բեմադրություն: Մյուսները մեղավոր ճանաչվեցին կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ, իսկ Գևորգ Սաֆարյանը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության: Ըստ պաշտպանական կողմի դիրքորոշման, ներկայացված որևէ մեղադրանք չապացուցվեց դատարանում, փոխարենը քրեական հոդվածների տակ իրականացվեց քաղաքական գործչի հետապնդում:

Մեկնաբանություններ (6)

Hovik
To Zartir Lao you got everything right, my friend.
Nazaret
He got what he deserved, so did Hatpanyan, and all others who fought, who told you to go there in the first place. Let this be a lesson for future freedom fighters, you either die in battlefield, or you wined up in jail like people before you.
Վարազ Սյունի (Հոլանդիա)
Արի տուն:Փողերդ տուր մեզ: Բայց հանկարծ մտքովդ չանցնի քաղաքականությամբ զբաղվես,թե չէ Սեֆիլյանի օրը կգցենք: Կամ էլ ապահով հեռվից փող տուր մեր հիմնադրամներին: Պարտիա,օլիգարխիա,պուտինիզմ:
Վարազ Սյունի
Կգբ-ն Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեցին 10.5 տարվա ազատազրկման: Հայը «դաշնակից» ռուսի վասալը պիտի մնա հավերժ. սա է իրենց նպատակը:Հայաստանի իրավապահ մարմինները թքել-կպցնելու մեծ վարպետներ են:Պերմյակովի գործի ժամանակ ծակները մտած մկնիկներ էին դարձել: Բարեբախտաբար հայը նաև ԱՍԱԼԱ դառնալ գիտի:Բարեբախտաբար հայկական բանակի 18-20 տարեկան զինվորը սահման ու արժանապատվություն պահել գիտի:
Հայկ
։միթե միայն այսքանը բավարար չէ ոտքի կանգնելու և բոլոր հարցերը լուծելու համար։
Հասմիկ Ա.Ա.
Խայտառակություն: Եվ այս կատարածուներն իրենց դատախազ-դատավորի տեղ են դրե՞լ: Սրանք էլ են մարսելո՞ւ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter