HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուրականի աստղադիտարան. Հայաստանի գիտական հպարտությունը

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող ինստիտուտներից արդեն անդրադարձել ենք ԳԱԱ բնական, ինչպես նաեւ քիմիական եւ Երկրի մասին գիտությունների բաժանմունքներին: Հերթականը ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքն է, որը ներառում է 5 հիմնարկ՝ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտը, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը եւ «ICRANet» միջազգային կազմակերպության հայաստանյան կենտրոնը:

Այս հոդվածը Բյուրականի աստղադիտարանի մասին է: Քանի որ վերջինիս ստեղծման, զարգացման ու ներկայի պատմությունը շատ հետաքրքիր է՝ հարուստ տարբեր դրվագներով, եւ անմիջական կապ ունի հայ խոշորագույն գիտնականներից մեկի (եթե ոչ ամենախոշորի)՝ Վիկտոր Համբարձումյանի հետ, որոշել ենք աստղադիտարանին անդրադառնալ երկու մասով:

Վիկտոր Համբարձումյանի «հոգեզավակը»

2017-ից աստղադիտարանը ղեկավարող ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արեգ Միքայելյանն ասում է, որ երբ 1943-ին հիմնադրվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան, 35-ամյա Վիկտոր Համբարձումյանը Լենինգրադից հրավիրվեց Երեւան՝ աշխատելու ակադեմիայի փոխնախագահ:

«Հիմա դժվարանում եմ հետին թվով կարդալ նրա մտքերը, բայց կարծում եմ, որ Համբարձումյանի առաջին մտքերի մեջ կար աստղադիտարան հիմնադրել, ինչը տեղի ունեցավ շատ շուտով: Ընդամենը երկու տարի անց՝ 1945-ի վերջում, ակադեմիան որոշում կայացրեց Հայաստանում աստղադիտարան հիմնադրել: Մեր հիմնադրման սկիզբը համարվում է 1946-ը: Այդ ժամանակվանից եկել են տեղանքը հետազոտել, շինարարական աշխատանքներ սկսել, փոքրիկ դիտակներ են բերել փորձարկել,- պատմում է Ա. Միքայելյանն ու հավելում, որ մարդիկ միշտ հարց են տալիս, թե ինչպես էր պատերազմից ընդամենը 1 տարի անց՝ քայքայված տնտեսության պայմաններում, երկիրը մտածում գիտության մասին:- Ղեկավարությունը երեւի հասկանում էր, որ երկիրը կարելի է ոտքի կանգնեցնել գիտության զարգացմամբ: Հայաստանն ընդհանրապես ուղեղների երկիր է, եւ բնական գիտությունների ուղղություններով (մասնավորապես` հենց աստղաֆիզիկայի) կտրուկ առաջընթաց սկսվեց»:

Ընդամենը 39 տարեկանում Վիկտոր Համբարձումյանը 1947-ին ակադեմիայի նախագահի պաշտոնում փոխարինեց Հովսեփ Օրբելուն: Արեգ Միքայելյանը շեշտում է, որ այդ տարիքում Համբարձումյանն արդեն համաշխարհային հռչակ ուներ: «1930-ական թթ. առնվազն 10 ակնառու նվաճում կարելի է նշել, որ նա արեց երիտասարդ տարիքում,- պատմում է աստղադիտարանի տնօրենը,- այդ աշխատանքները հիմնականում տեսական աստղաֆիզիկայի վերաբերյալ էին, կային նաեւ տեսական ֆիզիկայի ու մաթեմատիկայի գործեր»:

Ըստ Միքայելյանի՝ Վիկտոր Համբարձումյանի հեղինակությունն այնքան բարձր էր, որ ցանկացած խոսքն անցնում էր. պետք էր աստղադիտարան հիմնադրել՝ անում էին, պետք էր գումար տրամադրել՝ անում էին: Հիմնադրի հեղինակությունն ու դերը նպաստել են Հայաստանում աստղագիտության լուրջ հիմքեր դնելուն, ու պատահական չէ, որ Բյուրականի աստղադիտարանն այսօր խոշոր հիմնարկ է իր ենթակառուցվածքներով: Դրա զբաղեցրած տարածքը մոտ 56 հեկտար է, ունի շուրջ 70 շենք-շինություն:

* Քարտեզի վրա նշված են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտները: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել տվյալ ինստիտուտի անունն ու դրան վերաբերող «Հետքի» հոդվածի կարճ հղումը: 

Ինչո՞ւ հենց Բյուրականում

Արեգ Միքայելյանն աստղադիտարանի տեղանքի մասին խոսելիս նշում է, որ աստղագիտության մեջ գոյություն ունի աստղակլիմա հասկացություն: «Աստղագետների համար շատ կարեւոր է վիճակագրությունը, թե տարվա մեջ քանի անամպ գիշեր, պարզ երկինք կա,- ասում է գիտնականը,- շատ կարեւոր է, որ գիշերը մաքուր լինի, քամիների ազդեցությունն էլ շատ է խանգարում դիտումներին, մթնոլորտի թափանցիկությունն է կարեւոր, ինչքան դեպի վեր ենք գնում, այնքան ավելի թափանցիկ է դառնում, բայց, իհարկե, անոմալիաներ էլ կան, այնպես չէ, որ լեռան վրա ցանկացած կետում հարմար պայմաններ են»:

Մեր զրուցակիցն ասում է, որ տեղանք ընտրելուց առաջ արշավախմբեր են ուղարկվում, որոնք հետազոտում են պայմանները: Այս ամենը մեծ ֆինանսներ է պահանջում: Ժամանակին նույնը Հայաստանում արել են առկա հնարավորությունների չափով:

Աստղադիտարանի գլխավոր մուտքը՝ «Աստղային դարպասները»

Այդուհանդերձ, Բյուրականի աստղադիտարանն առաջինը չէր մեր երկրում: 1933-ին հիմնադրվել էր ԵՊՀ-ին պատկանող Երեւանի աստղադիտարանը, որտեղ աշխատում էին հայտնի աստղագետներ Բենիամին Մարգարյանն ու Հայկ Բադալյանը: Սակայն Ա. Միքայելյանը նշում է, որ քաղաքային պայմաններում դիտումները լավ որակ չեն կարող ունենալ, քանի որ լուսավորությունն ու մթնոլորտի աղտոտվածությունը բացասական դեր են խաղում: Այդ իսկ պատճառով աստղադիտարանները, որպես կանոն, կառուցվում են խոշոր քաղաքներից հեռու, բայց միաժամանակ անհրաժեշտ է ապահովել գիտնականների կենսապայմանները: Աստղադիտարանը, բնականաբար, կարող էր լինել Արագածի գագաթին, սակայն այդ դեպքում անհրաժեշտ էր ճանապարհ կառուցել, իսկ Բյուրական գյուղն այդ առումով հարմար էր. եւ՛ բարձր դիրքում էր, եւ՛ ճանապարհ կար, եւ՛ հնարավոր էր օգտվել գյուղի «բարիքներից»:     

«Աստղադիտարանը Հայաստանի այցեքարտն է»

Արդեն 1947-ին Բյուրականում Վ. Համբարձումյանը խոշոր հայտնագործություն արեց՝ հայտնաբերեց աստղասփյուռները: Շատ չանցած՝ 1948-1949 թթ., Բենիամին Մարգարյանը ապացուցեց դրանց ընդարձակումը:

Գլխավոր մասնաշենքը

Աստղադիտարանի գլխավոր-վարչական մասնաշենքը դեռ կառուցման փուլում էր, երբ 1951-ին այդտեղ կազմակերպվել է միջազգային գիտաժողով: Այնինչ աստղադիտարանի պաշտոնական բացումը կատարվել է 1956-ին:

Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը

Աստղադիտարանի համալիրի առաջին կառույցներից էին Վ. Համբարձումյանի առանձնատունը, որն այսօր նրա տուն-թանգարանն է, ինչպես նաեւ գլխավոր մասնաշենքի դիմաց գտնվող երկու փոքր դիտակները: Համալիրի ճարտարապետը Սամվել Սաֆարյանն է: Ա. Միքայելյանը նկատում է, որ ժամանակին հայ ճարտարապետության երկու խոշոր ուղղություն կար՝ Թամանյանի եւ Սաֆարյանի: «Բնական է, որ Բյուրականի աստղադիտարանի նշանակությունն այնքան մեծ էր, որ այլ կերպ չէր կարող լինել՝ պետք է ամենահայտնի ճարտարապետը նախագծեր,- ասում է Միքայելյանը,- եթե պատմության կտրվածքով նայենք, ոչ մի տնօրեն երեւի չի կարող ինձ հետ վիճել, որ աստղադիտարանը երկրի, ժողովրդի համար եղել է ամենակարեւորը (նկատի ունի ԳԱԱ համակարգի կազմակերպությունները- հեղ.) իր ներդրումով, նվաճումներով, նշանակությամբ: Այն այսօր էլ Հայաստանի այցեքարտն է»:

Այսօր, ըստ տնօրենի, աստղադիտարանի շնորհիվ Բյուրական գյուղը հայտնի է ամբողջ աշխարհում: Ասում է, որ չնայած Բյուրականը քաղաք էլ չէ, բայց դրա անունը մտնում է աշխարհի 10 խոշորագույն քաղաքների ցանկում, որտեղ առավել հաճախ անցկացվում են միջազգային աստղագիտական գիտաժողովներ: Այդ քաղաքներից են Փարիզը, Պրահան, Պեկինը, Ռիո դե Ժանեյրոն, Հռոմը…

2013-ին ՀՀ կառավարությունը Բյուրականի աստղադիտարանը ճանաչել է ազգային արժեք, ինչպիսին են նաեւ Մատենադարանն ու Ցեղասպանության թանգարանը: 

Համբարձումյանի ֆենոմենը

Վիկտոր Համբարձումյանը աստղադիտարանի տնօրենն էր 1946-1988 թթ., միաժամանակ՝ 1947-1993 թթ., ղեկավարել է Հայաստանի գիտությունների ակադեմիան: Մեծ գիտնականը մահացավ 1996-ին, դրանից երկու տարի առաջ նրան շնորհվել էր նորանկախ Հայաստանի բարձրագույն՝ հերոսի կոչումը: Կաթողիկոս Վազգեն Ա-ից հետո Համբարձումյանը երկրորդն էր, ով արժանացավ այդ կոչմանը: Պատահական չէ նաեւ, որ 1998-ից Բյուրականի աստղադիտարանը կրում է նրա անունը:

Ակադեմիայում այս սեղանի մոտ նստում էր նախագահ Վ. Համբարձումյանը

«Նա իր ձեռքում պաշտոններ պահելու կոմպլեքս երբեք չի ունեցել: Բնականաբար, երկրում ամենահեղինակավոր գիտնականն էր, պաշտոն կունենար, թե ոչ, կարեւոր չէր: Հիմա էլ կարող եմ ասել, որ հայ ժողովրդի պատմության մեջ ամենախոշոր գիտնականն է եղել,- ասում է Արեգ Միքայելյանը,- նա 20-րդ դարի աշխարհի խոշորագույն գիտնականներից մեկն էր: Գիտական միությունների միջազգային խորհրդի (ICSU) նախագահ է ընտրվել երկու ժամկետ անընդմեջ, ինչը բացառություն էր, որովհետեւ ամեն ժամկետից հետո նախագահը փոխվում էր: 1961-1964 թթ. եղել է Միջազգային աստղագիտական միության (IAU) նախագահը, մի խոսքով՝ աշխարհում ինչքան բարձր գիտական պաշտոններ կան, զբաղեցրել է: Խորհրդային Միությունից ոչ մի գիտնական այդպիսի պատվի չի արժանացել: Քանի որ արտասահմանում շատերը ԽՍՀՄ-ը Ռուսաստան էին կոչում, Համբարձումյանին էլ համարում էին Ռուսաստանից, ասում էին՝ ռուս գիտնական Վիկտոր Համբարձումյանը, բայց նա ուղղում էր, ասում էր՝ ես հայ եմ»:

Աստղադիտարանի այսօրվա տնօրենը հիմնադրի հետ ծանոթ է եղել 12 տարի՝ սկսած 1984-ից: Ասում է, որ թեեւ Համբարձումյանը ծննդով թիֆլիսեցի էր, հետո ապրել ու սովորել էր Լենինգրադում, չնայած որոշակի առոգանությամբ, բայց անթերի, անսխալ հայերեն էր խոսում, քանի որ հայրն էլ՝ Համազասպ Համբարձումյանը, հայտնի գիտնական էր, ու նրանց ընտանիքում հայերենի հարցը խիստ էր դրված:

Վ. Համբարձումյանի աշխատասենյակը

«Նույնիսկ ռուս գիտնականներից որ գալիս էին այստեղ՝ ատենախոսություն պաշտպանելու, Համբարձումյանը պահանջում էր հայերենի քննություն հանձնել, եւ նրանք՝ ստիպված, տանջվելով, կոտրտված, փորձում էին հանձնել,- ժպիտով հիշում է Ա. Միքայելյանը:- ԽՍՀՄ-ում պաշտոնական փաստաթղթային լեզուն ռուսերենն էր, ակադեմիայում նիստերն էլ ռուսերեն էին անցնում: Այսպիսի դեպք է հայտնի. երբ 1947-ին նախագահ դարձավ եւ սկսեց նիստերը նախագահել, ռուսերենով հերթական նիստն էր ընթանում, մեկ էլ գիտնականներից մեկը ձեռք է բարձրացնում, ասում է՝ կարելի՞ է ես հայերեն խոսեմ: Համբարձումյանն էր պատմել, ասում է՝ իմ գիտակցության մեջ, կարծես, հեղաշրջում տեղի ունեցավ. ո՞նց թե, Հայաստանում մեկը հարցնում է՝ կարելի՞ է հայերեն խոսել: Ասում է՝ ես այդ օրվանից կարգ սահմանեցի, որ ակադեմիայում նիստերը պիտի հայերեն լինեն: Նույնիսկ ակադեմիկոսներից շատերը հայերեն կարգին չգիտեին էլ: Հիմա էլ եթե ավագ սերնդի մեջ նայեք՝ 75-ից բարձր, կտեսնեք, որ շատերը ռուսախոս են: Խորհրդային տարիներին, աբսուրդ է, բայց ինչ-որ տեղ պատվաբեր էր, որ երեխաները ռուսական դպրոց էին գնում»:

Այս աշխատասեղանի մոտ նստելու մենաշնորհը կմնա ականավոր գիտնականին 

Արեգ Միքայելյանն ասում է, որ Համբարձումյանի զբաղվածությունն այնքան մեծ էր, իսկ հանդիպել ցանկացողներն էլ՝ այնքան շատ, որ հանդիպելու համար հերթագրվում էին: Եվ հանդիպել ստացվում էր, իսկ հետաքրքիր աշխատանք ու թեմա ունեցողները կարող էին դրանք միշտ քննարկել մեծ գիտնականի հետ:

Տուն-թանգարանը՝ պուրակի մեջ

«Զարմանալի է, բայց նա ամեն ինչ հասցնում էր, ես այդպիսի մարդ չեմ տեսել,- պատմում է մեր զրուցակիցը,- ասում են, եւ ես էլ իմ տեսածով կարող եմ հաստատել, որ նա աստղադիտարանից դուրս եկած բոլոր հոդվածները պարտադիր կարդում էր, ուղղում, ապա թույլ տալիս տանել տպագրության: Այսինքն՝ կարեւորը որակն էր, քանի որ իր ստեղծած աստղադիտարանն էր, ու բոլորն էլ,  կարելի է ասել, նրա զավակներն էին: Մենք այդպիսի հումոր էլ ունեինք, ասում էինք՝ Համբարձումյանի երեխաներն են, էս մյուս սերունդը՝ թոռներն են, էն մյուս սերունդը՝ ծոռներն են: Ընդհուպ մինչեւ ծոռները գիտնականների տարբեր սերունդներ գնացին: Ես թոռների՞ց, թե՞ ծոռներից եմ. մի քիչ դժվարանում եմ ասել, երեւի միջանկյալ դիրք եմ գրավում»:

Աստղադիտարանի ծաղկուն տարիները

Արեգ Միքայելյանը աստղադիտարանի լավագույն տարիները համարում է 1950-ականներից մինչեւ 1970-ականների սկզբները: Ըստ նրա՝ մարդիկ չեն խոստովանի, բայց խորհրդային երկրի գիտությունն ու մյուս ոլորտները սկսեցին անկումը հենց 70-ականներից: Այս առումով տնօրենն առանձնացնում է տեխնիկական հագեցվածությունը գիտության մեջ 1970-ականներին, առաջին թվային սարքերի մուտքը, այնինչ դրանք շատ ավելի ուշ հասան մեզ: Օրինակ՝ առաջին թվային դիտումները Հայաստանում արվել են 1996-ին միայն, իսկ 1991-1996 թթ., Միքայելյանի ասելով, Բյուրականում դիտում ընդհանրապես չի կատարվել:   

Այդուհանդերձ, Վիկտոր Համբարձումյանի օրոք նա շեշտում է գաղափարական հիմքը. ոչ միայն հիմնադրի գաղափարների վրա է աստղադիտարանը ոտքի կանգնել ու համաշխարհային հռչակ ձեռք բերել, այլեւ այն բոլոր աշխատանքները, որոնք արվել են նրա հանձնարարություններով, նրա նախաձեռնած ուղղություններով, բերել են հաջողությունների: «Տեսել եմ, թե Համբարձումյանն ինչպես էր ասում երիտասարդ աշխատողներին, որ գնան զբաղվեն այսինչ թեմայով, եւ նրանք գիտեին, որ հաջողություն են ունենալու,- ասում է ներկա ղեկավարը,- ինքը կարողանում էր կողմնորոշվել, որ այստեղ այս բացը կա գիտության մեջ, եթե մարդը զբաղվի, միանգամից հայտնագործություն կլինի: Եվ համարյա աստղադիտարանի բոլոր գիտաշխատողներին ապահովում էր թեմաներով: Այդպիսի գիտական առաջնորդ ցանկացած գիտական հիմնարկ կերազի ունենալ»:

Ինչպես Հիտլերի նվերը Մուսոլինիին հայտնվեց Հայաստանում

Աստղադիտարանի ծաղկման շրջանում՝ 1960-ին, Բյուրականում տեղադրվել է Շմիդտի համակարգի 1 մետր տրամագծով դիտակը: Սա պատմական սարք է. բանն այն է, որ այն Հիտլերի նվերն էր Մուսոլինիին՝ Իտալիայում աստղադիտարան հիմնելու նպատակով: Դիկտատորների ծրագրերը, սակայն, չիրականացան:

Գրեթե լեգենդար աստղադիտակը

Ա. Միքայելյանը պատմում է, որ Հիտլերը դեռ 1930-ականներից աստղադիտակների պատրաստման ձեռնարկ էր սկսել, ինչով զբաղվում էր Ենա քաղաքում գտնվող «Carl Zeiss» հայտնի գործարանը: Բայց պատերազմը խառնեց նրա պլանները: Հաղթանակից հետո այս դիտակը, որն անավարտ էր մնացել, բազմաթիվ այլ գույքի հետ որպես ռազմավար Լենինգրադ տեղափոխվեց: Մեր զրուցակիցն ասում է, որ իրականում Համբարձումյանը դիտակը տեսել էր դեռ Ենայում, ու արդեն Լենինգրադում այն ընտրելը պատահական չէր: Լենինգրադում ամբողջական տեսքի բերվելուց հետո դիտակը տեղափոխվել է Հայաստան:  

Սա Բյուրականի աստղադիտարանի առաջին խոշոր, միջազգային չափանիշներին համապատասխանող դիտակն էր, որը նաեւ Շմիդտի համակարգի խոշորագույն դիտակներից է աշխարհում: Նշված համակարգի դիտակները լայնանկյուն են, այսինքն՝ երկնքի վրա դիտում են մեծ մակերես: Արեգ Միքայելյանն ասում է, որ փոքր տրամագծով ոսպնյակ ունեցող դիտակները, որպես կանոն, լայնանկյուն են՝ դիտում են մեծ դաշտեր, բայց, բնականաբար, շատ չեն մոտեցնում, եւ հակառակը՝ մեծ ոսպնյակներով դիտակները նախատեսված են ավելի փոքր դաշտերն ավելի խորությամբ ուսումնասիրելու համար:

Մարգարյանի աշխատանքը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի արժեք

Շմիդտի դիտակների վրա հազվագյուտ կորեկցիոն ոսպնյակների օգտագործումը, ինչպես պատմում է աստղադիտարանի տնօրենը, թույլ է տալիս ավելի խոշոր դաշտեր նկարել, ինչը բերում է սպեկտրալ շրջահայության: Շրջահայությունը (обзор, survey) որոնողական լայնածավալ աշխատանքն է, որի ժամանակ ամբողջ երկնքում որոնվում են որոշակի հետաքրքրության տիեզերական մարմիններ, իսկ այնուհետ արդեն խոշոր դիտակներով ուսումնասիրում ընտրված օբյեկտը՝ աստղը, գալակտիկան եւ այլն: Սակայն ընտրություն կատարելն ամենեւին հեշտ չէ: «Ամբողջ մարդկությունը եթե վերածեինք աստղագետների եւ բոլոր երկրների պետական բյուջեներն ուղղեինք աստղագիտությանը, միեւնույնն է՝ չէր հերիքի տիեզերքն ուսումնասիրելու համար, պետք է ընտրել լուծումներ, ընտրել, թե ինչը դիտել»,- բացատրում է Միքայելյանը:

Այդուհանդերձ, Բենիամին Մարգարյանն այնպիսի գիտական հոտառություն ուներ, որ յուրաքանչյուր ֆոտոգրաֆիկ թիթեղի վրա առկա 15-20 հազար սպեկտրներից ընտրում էր 3-4-ը, առավելագույնը՝ 5 հատը: 1965-ին նա Բյուրականի 1-մետրանոց դիտակով կատարել է աստղային երկնքի առաջին սպեկտրալ շրջահայությունը: Արդյունքում հայտնաբերել է հատուկ դասի թույլ գալակտիկաներ, որոնք ստացել են նրա անունը՝ Մարգարյանի գալակտիկաներ:

Բազմաթիվ ֆոտոգրաֆիկ թիթեղներից մեկը՝ սպեկտրներով 

Աստղադիտարանի տնօրենն ասում է, որ եթե ՅՈւՆԵՍԿՕ-ի նյութական, ոչ նյութական ու փաստագրական արժեքների 3 ցանկերում Հայաստանից ընդհանուր 9 արժեք կա, դրանցից մեկը հենց Մարգարյանի շրջահայությունն է (ներառված է «Աշխարհի հիշողություն» փաստագրական գրանցամատյանում, մինչ այդ գրանցվել էին նաեւ Մատենադարանի ձեռագրերը, իսկ հետագայում՝ Արամ Խաչատրյանի նոտաները): Ա. Միքայելյանն ասում է, որ ընդգրկելու գործընթացը տեւել է 3 տարի ու հաջողությամբ ավարտվել 2011-ին:    

«Այն, ինչ արեց Մարգարյանը, աշխարհում առաջին դեպքն էր, եւ մինչեւ հիմա չկա նման բան: Փորձել են կրկնել, բայց ավելի փոքր արդյունք է եղել, հայ գիտնականի արդյունքն ամենամեծն էր»,- շեշտում է Արեգ Միքայելյանը:

Շարունակելի

Գլխավոր լուսանկարում՝ աստղադիտարանի 2,6-մետրանոց դիտակի գմբեթը
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

Ռուբեն
Ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս-աստղագետ, գրող-էսսեիստ Գրիգոր Գուրզադյանն իր «Մի կում ջուր» ժողովածույում ներառել է «Մարգարյանի գալակտիկաները» վերնագրով էսսեն, որտեղ հանգամանալից նկարագրում է Բյուրականի աստղադիտարանում անքուն գիշերներ անցկացրած` աստղագետ Բենյամին Մարգարյանի անհատականությունը, բնատուր օժտվածությունը, նրա նվիրումը իր աշխատանքին, Շմիդտի աստղադիտակով աշխատելու նրա վարպետությունը, Տիեզերքի շջահայության նրա կատարած բծախնդիր աշխատանքը, նրա կողմից հայտնաբերված գալակտկաների համաշխարհային նշանակությունը` որպես աստղագիտության նոր, կարևոր ու շարունակական ուղղություն: Առաջարկում եմ կարդալ Գրիգոր Գուրզադյանի տիեզերքին վերաբերվող զարմանահրաշ էսսեները, այդ թվում նաև` «Մարգարյանի գալակտիկաները» վերնագրով էսսեն: Ընդհանրապես, Գրիգոր Գուրզադյանի էսսեներում նույնիսկ ոչ մասնագետի համար շատ հասկանալի ու պատկերավոր է նկարագրվում տիեզերքը, աստղերը, մոլորակներն ու նրանց բնական արբանյակները, ինչպես նաև` դրանց հետազոտությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter