Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Facebook-ը հայտնվել է սկանդալի կենտրոնում․ միասնական դատական հայց՝ ընկերության դեմ



Cambridge Analytica ընկերության շուրջ ծագած սկանդալի առնչությամբ մի քանի ներդրողներ դատական հայց են ներկայացրել Facebook-ի դեմ։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանի տվյալներին։

Միասնական հայցը ներկայացվել է Ֆան Յուան անունով ներդրողի և մի քանի այլ անձանց անունից, ովքեր ֆինանսական կորուստներ են ունեցել Facebook-ում միջոցներ ներդնելուց հետո։ Սկանդալի պատճառով վերջին երկու օրերին ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 7%-ով։

Հայցվորները մեղադրում են սոցցանցին այն բանում, որ ընկերությունը «խախտել է անձնական տվյալների պաշտպանության սեփական կանոնները՝ թույլ տալով երրորդ կողմին հասանելիություն ստանալ միլիոնավոր օգտատերերի տվյալներին՝ առանց վերջիններիս համաձայնության», ինչպես նաև «գիտակցաբար արել է կեղծ և մոլորեցնող հայտարարություններ»։

Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ Cambridge Analytica ընկերությունը հավաքել է Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատիրոջ տվյալներ, որպեսզի նրանց քաղաքական նախասիրությունների վերլուծություն կատարի։ Cambridge Analytica-ի մշակած ալգորիթմը թույլ էր տալիս քաղաքական գովազդներ ուղարկել օգտատերերին՝ ընտրություններում նրանց ձայների վրա ազդեցություն ունենալու մտադրությամբ։

Facebook-ը պարզաբանել էր, որ Cambridge Analytica-ին օգտատերերի անձնական տվյալները 2015թ․ փոխանցել է Քեմբրիջի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ալեքսանդր Կոգանը՝ իր իսկ կողմից ստեղծված ծրագրի միջոցով։ Այդ նույն տարում Facebook-ը արգելափակել է ծրագիրը և պահանջել է ջնջել տվյալները, սակայն մի քանի օր առաջ սոցցանցին հայտնի դարձավ, որ տեղեկությունները ամբողջությամբ չեն հեռացվել։ Այդ ամենի հետ կապված Facebook-ը արգելափակել է Cambridge Analytica-ի էջը։

Լուսանկարը՝ James Martin/CNET


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ