HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նախարար․ «Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը կշահագործվի այնքան ժամանակ, որքան ռեսուրս կա»

Խորհրդարանում քննարկվում է «Ելք» խմբակցության՝ Կառավարությանն ուղղված հարցապնդումը, որը վերաբերում է էներգետիկ ոլորտին։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ասաց, որ խմբակցության հարցապնդման մասին իրենք ներկայացրել են տեղեկատվություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների վերջին տասը տարիների գործունեության վերաբերյալ:

«Մասնավորապես, ներկայացվել է «Գազպրոմ Արմենիայի» մասով ընկերության կողմից գնված բնական գազի ծավալները, ընկերություն մուտք գործած բնական գազի ծավալները, բնական գազի անխուսափելի կորուստների մասին տեղեկատվություն, ներկայացվել են նաև Իրանից բնական գազի ներկրման ծավալները, աշխատողների միջին քանակը, միջին աշխատավարձի ցուցանիշը, պարգևավճարների ֆոնդը, շահույթը և այլ ցուցանիշներ»,- ասաց նախարարը։

Մանուկյանի խոսքով՝ գրեթե նույնանման ցուցանիշներ ներկայացված են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեության մասին։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ իրենց նպատակը չի եղել թվաբանությունը, այլ «էներգետիկ համակարգի ախտորոշումը»:

«Որովհետև ընդամենը երկու-երեք տարի առաջ ահազանգ էր հնչեցվում, որ մեր էներգետիկ համակարգը կոլապսի եզրին է, դրանից հետո կայացվեցին որոշումներ, ապա հայտարարվեց, որ դրանք ժամանակավոր են, բայց մենք տեսնում ենք, որ դրանք դառնում են մշտական։ Ես կուզենայի, որ Դուք՝ որպես մեր էներգետիկ համակարգի քաղաքական պատասխանատու, էներգետիկ համակարգի ընդհանուր գնահատականը տայիք»,- ասաց Փաշինյանը։

Նախարարն արձագանքեց, որ էներգետիկ համակարգի բնորոշումը երկու նախադասությամբ ներկայացնելը դժվար է, բայց կփորձի գոնե առաջիկա տարիների մասով տեսլականն ասել։

«Արտադրության մասով դուք գիտեք՝ այսօր ներքին սպառման կառուցվածքում մոտավորապես երեք արտադրական հզորությունները հավասարաչափ բաշխված են՝ միջուկային էներգիայի մասնաբաժինը՝ 33%, ունենք սեփական վերականգնվող աղբյուրներից՝ այս պահին միայն ջրային աղբյուրներից վերականգվող մասնաբաժինը՝ 33% և գազային մասնաբաժինը՝ ևս 33%։ Մենք իրականացնում ենք ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագիր, որով միջուկային էներգիայի արտադրությունը կավելանա ևս 10%-ով, և 2021-22 թվականներին այն կլինի 42-43%»,- ասաց նախարարը։

Փաշինյանն արձագանքեց, որ Հայաստանի կառավարությունը տեղի-անտեղի հպարտանում է, որ Հայաստանն ամենագազաֆիկացված երկրներից է, սակայն պատգամավորը, հղում կատարելով Առողջապահության նախարարության մեկ այլ զեկույցի, ասաց, որ գյուղաբնակ բնակչության մոտ 72%-ը վառելափայտով է ջեռուցվում։ Նախարարն արձագանքեց, որ դրանք տարբեր ցուցանիշներ են՝ վստահեցնելով, որ երկրի 98%-ը գազաֆիկացված է, սակայն ինչ վերաբերում է տնային տնտեսություններին, ապա վերջիններս իրենք են ընտրում՝ ինչպես ջեռուցել բնակարանը։

Փաշինյանը հիշեցրեց նաև Սերժ Սարգսյանի՝ դեռևս 2008 թվականին հնչեցրած այն խոստումը, որ առաջիկա ամիսներին սկսվելու է նոր ատոմակայանի կառուցումը՝ հետաքրքրվելով, թե որ փուլում է այն։

«Նոր ատոմակայանի հետ կապված մեկ անգամ ևս շեշտեմ բազմաթիվ [անգամներ] հայտարարված այն փաստարկը, որ ատոմակայանն ի զորու է շարունակել իր աշխատանքը, որոշակի արդիականացման աշխատանքներ կատարելուց հետո, որոշակի ախտորոշիչ աշխատանքներից հետո մասնագետները կարող են որոշել՝ որքան ժամանակ կարող է շահագործվել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը»,- արձագանքեց Աշոտ Մանուկյանը։

Նախարարի խոսքով՝ պետք է քննարկել նաև նոր ատոմակայանի կառուցման նպատակահարմարությունն այն դեպքում, երբ կարելի է գործող էներգաբլոկը անխափան շահագործել։

«Միջուկային տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում. եթե հինգ տարի առաջ երկու տարբեր տեխնոլոգիաների միջև այլընտրանք ունեինք, ապա այսօր առնվազն հինգ այլընտրանք ունենք, որոնցից ամեն հաջորդն ավելի հուսալի, մատչելի ու անվտանգ է, ուստի Կառավարության որոշումը՝ շահագործել երկրորդ էներգաբլոկը, շատ թափանցիկ է՝ անվտանգ շահագործել այնքան ժամանակ, որքան ռեսուրս կա»,- ասաց Մանուկյանը։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ իրենք հարցապնդմամբ խնդրել են հստակեցնել, թե որքան են վերոնշյալ երկու ընկերություններում ամենաբարձր ու ամենացածր աշխատավարձերը, սակայն նախարարության կողմից ներկայացվել է միայն միջին աշխատավարձը, իսկ ամենաբարձր ու ամենացածր աշխատավարձերը չեն տրամադրվել՝ ասելով, որ դրանք անձնական տվյալ են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter