HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ո՞վ, եթե ոչ մենք, ոչ դուք». մասնակցային կառավարման հաջողված առաջին նախադեպը` Վանաձորում

Գայանե Սարգսյան

Վանաձորում 5 երիտասարդ միավորվել ու հանդես են եկել քաղաքացիական նախաձեռնությամբ. քաղաքի տարբեր թաղամասերում տեղադրված տնակներում ապրող 900 ընտանիքների բնակապահովման խնդիրը բարձրաձայնելու ու հարցը համայնքի ավագանու օրակարգ մտցնելու համար երիտասարդները կազմակերպել են ստորագրահավաք:

Վանաձոր համայնքի ավագանու 2016թ.-ի մարտի 15-ի թիվ 20 որոշմամբ հաստատված «Վանաձոր համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգի» համաձայն՝ համայնքում հաշվառված, 16 տարին լրացած բնակիչները կարող են հանդես գալ ավագանու նիստի օրակարգում հարցեր ընդգրկելու նախաձեռնությամբ: Սրա համար կարևոր նախապայմաններից են առնվազն 5 բնակիչներից կազմված նախաձեռնող խմբի ստեղծումն ու համայնքում հաշվառված, 16 տարին լրացած անձանց ընդհանուր թվի 1%-ից ոչ պակաս ստորագրությունների ապահովումը:

«Ո՞վ, եթե ոչ մենք, ոչ դուք» նախաձեռնող խմբի անդամները շրջել են Վանաձորի տարբեր թաղամասերում տեղակայված թվով 5՝ Ուկրշին, Բուլղարական, Նաիրի, Բելառուսական, Սանկտ Պետերբուրգի տնակային ավաններում:

Տնակային ավաններում ապրող ընտանիքների շրջանում խումբը նախ իրականացրել է հարցում՝ հասկանալու համար, թե ինչպես են պատկերացնում իրենց բնակապահովման խնդրի լուծումը հենց իրենք՝ բնակիչները:

Նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Քոթանջյանի խոսքով՝ տնակային ավանների բնակիչների գերակշիռ մասը նշել է, որ ցանկանում է տուն կառուցել իր տնակի տեղում, եթե համայնքը շուրջ 30 տարի օգտագործվող հողատարածքները տրամադրի իրենց:

Ստորագրահավաքին մասնացել է 955 քաղաքացի, որը կազմում է Վանաձորի չափահաս բնակչության մոտ 2%-ը:

Վանաձորում բնակիչների մասնակցային կառավարման առաջին փորձը Գևորգ Քոթանջյանը հաջողված է համարում:

«Վանաձորում բնակչության թիվը 82.500 է, չափահաս բնակչության թիվը՝ մոտ 50.000: Այս դեպքում չափահաս բնակչության մեկ տոկոսի ապահովման համար մեզ անհրաժեշտ էր ունենալ ընդամենը 500 ստորագրություն, բայց մենք ունենք ավելին: Ու մեզ համար շատ կարևոր է այն հանգամանքը, որ ստորագրահավաքին միացել են ոչ միայն տնակներում բնակվողները, ովքեր անմիջական շահ ունեն, այլև բազմաթիվ ակտիվ քաղաքացիներ, որոնց հետ խնդիրն ուղղակիորեն չի առնչվում»,- նշում է Գևորգը, հույս հայտնելով, որ այն կարող է դառնալ լավ նախադեպ՝ այլ կարևոր խնդիրներ վերհանելու ու ավագանու նիստին ներկայացնելու համար:

Ի մի բերելով բնակիչների տեսակետները՝ նախաձեռնող խումբը ստորագրահավաքի արդյունքում դրանք ընդհանրացրել է մի քանի կետով: Ավագանու նիստի օրակարգում ընդգրկելու համար Վանաձորի քաղաքապետարան ներկայացված որոշման նախագծով նախաձեռնող խումբն առաջարկում է տնակներում բնակվողներին նվիրաբերել իրենց կողմից 2-3 տասնամյակ շարունակ զբաղեցված տարածքները կամ նրանց, ինչպես նաև քաղաքի հանրակացարաններում բնակվող ընտանիքներին հատկացնել համայնքային սեփականություն հանդիսացող չբնակեցված բնակարանները:

Ծրագրի իրականացման ողջ ընթացքում խմբին իրավական խորհրդատվությամբ աջակցել է Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, աշխատանքային տարածքի ապահովման հարցում՝ Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնը:

Նախաձեռնող խումբն այսօր ստացել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պատասխանն այն մասին, որ հարցը կընդգրկվի ավագանու առաջիկա նիստի օրակարգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter