HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիս Ավետիսյան. «Մենք չենք տեսել ազատությունը, ուղղակի գրքերում ենք կարդացել»

«Հետքը» զրուցել է օրեր առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից պայմանական վաղաժամկետ ազատմամբ տուն վերադարձած «Արժեքների հեղափոխության» կամ «Նոյեմբերի 5-ի» գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Ավետիս Ավետիսյանի հետ: Որդուն ծննդատնից տուն բերելուց հետո Ավետիսը նրան տեսել էր ընդամենը 2 օր: Այժմ երեխան 4 տարեկան 4 ամսական է: Ավետիսը պատրաստվում է աշխատանք գտնել ընտանիքի կենսական խնդիրները հոգալու համար, բայց առավել կարևորում է, ինչպես ինքն է ասում, պայքարը հանուն Հայաստանի ապագաղութացման:

- Նախ՝ բարի գալուստ Ավետի՛ս: Ազատության մեջ որո՞նք են լինելու քո առաջնահերթ անելիքները:

- Շնորհակալ եմ... բացի նրանից, որ պիտի աշխատեմ, ընտանիքս պահեմ, երկիրը պիտի ազատագրենք ռուսական գաղութատիրությունից: Մաքսային ֆինանսիստ եմ, բայց իմ մասնագիտությամբ չեմ աշխատել, չեմ էլ կարծում, թե կաշխատեմ, քանի էս ռեժիմն ա: Իսկ երբ ունենանք ազատագրված երկիր, կգնամ Հայաստանի հեռավոր գյուղերից մեկը, կզբաղվեմ գյուղատնտեսությամբ, մեղվաբուծությամբ:

Եթե մտել ես էդ պայքարի մեջ, պիտի մինչև վերջ գնաս, չպիտի վախ լինի՝ վա՛յ, կդատապարտվեմ, պետք ա պատրաստ լինես ամեն ինչի: Կամ պիտի չպայքարես: Ելքը, իմ կարծիքով, ավելի լայն, ավելի մեծ զանգվածով պայքարելու մեջ ա: Կարող ա՝ 100 օրից բան փոխվի, հնարավոր ա՝ 100 տարի հետո:

Մարդիկ ազատության պահանջ ունեն: Բայց մենք չենք տեսել ազատությունը, ուղղակի գրքերում ենք կարդացել: Ազատությունն էն ա, երբ քաղաքացին կարողանում ա իր կամքով իշխանություն ընտրել, հետո պահանջատեր լինել:

Դե յուրե գրված ա, որ մենք անկախ պետություն ենք, բայց դե ֆակտո սա անկախություն չէ: Մենք ընդամենը գաղութ ենք՝ Հայաստանն առանց հայերի կարգախոսով: Գաղութատերերն էսօր ամեն ինչ անում են, որ ժողովուրդը լքի Հայաստանը, ու տնտեսապես թույլ լինի մեր երկիրը: Բայց սկուտեղի վրա որևէ մեկը չի բերելու մատուցի մեր անկախությունը, հայրենիքի ազատագրության հարց կա, ժողովրդի ազատագրման հարց:

- Դեռևս 2 տարի առաջ՝ 2016-ին, կարող էիք պայմանական վաղաժամկետ ազատվել, բայց 4 տարի 4 ամիս մնացիք ՔԿՀ-ում:

- Այո՛, 2016 թ-ի մայիսի 5-ից կարող էի տանը լինել: Բայց էդ ժամանակ գաղութի ադմինիստրացիան մերժում էր երկրորդ օղակին ներկայացնել իմ պայամանականի հարցը, կտրում էր: Հետո օրենքը փոխվեց, ես դիմեցի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, բայց 2017-ի օգոստոսի 17-ին դատարանը մերժեց, պատճառաբանեց՝ դատական ծախս կա: Բայց 2015-ին արդեն էդ գումարը վճարված էր:

Ասեմ, որ էս անգամ էլ դատախազը շատ դեմ էր իմ ազատմանը, անընդհատ առարկում էր, բայց դատավոր Վարդան Ստեփանյանը որոշեց ինձ պայմանական վաղաժամկետ ազատել, ասեց՝ բաց ենք թողնում, խիստ հսկողություն կսահմանենք: Կարծում եմ՝ դատախազը կբողոքարկի:

- Ինչո՞վ էր դատախազը պատճառաբանում իր առարկությունը:

- Կոնկրետ հիմք չէր նշվում: Տույժ ընդհանրապես չեմ ունեցել 4 տարի 4 ամսվա ընթացքում, բայց խրախուսանք էլ չեմ ունեցել: Ընդհակառակը՝ վերջերս կազմակերպել էի, մոտ 400 գիրք բերեցին «Սևան» գաղութ, կարծում եմ՝ պիտի խրախուսանք տային, բայց չտվեցին:

- Լավ բան կա՞ բանտում:

- Մենակ էն, որ ազատությունից զրկված ես, հնարավոր դրականն էլ զրոյացվում ա... «Նուբարաշենում» եղել եմ 2013-ի նոյեմբերից՝ 1 տարի 7 ամիս: Բերդում վիճակը ծանր էր, 18-19 մարդ էր լինում մեր խցում, քնելը հերթով էր, մենակ հացից էինք օգտվում, սնունդը հարազատները հերթով բերում էին: 2015-ի մայիսի 29-ին ինձ տարան «Սևան» գաղութ: Տեղի վարչակազմից՝ պետի ու աշխատակիցների վերաբերմունքից ես գոհ եմ: Բաց վիճակ էր, կիսաբաց ռեժիմն էր, ինչքան ուզես, կարող ես զբոսնել: Սպորտզալ կար գաղութում, գիրք էի կարդում, մեր հանրակացարանի դիմաց տարածք կար, մշակում էինք: Տեսակցությունը 2 ամիսը մեկ անգամ՝ երկարատև էր, ամիսը մեկ՝ կարճատև: Աշխատանքն էր շատ սահմանափակ ուղղակի, մենակ ճաշարանում կար գործ, էն էլ դա ամեն մեկը չի կարող անել:

- Կայի՞ն գաղութում, բանտում այնպիսի մարդիկ, ովքեր պիտի այնտեղ չլինեին՝ ըստ Ձեզ:

- Իհարկե, կային, շատ: Օրինակ՝ երկու հավի համար 2 տարով դատված մարդ կար, նրան դատել պետք չէր, կարելի էր ուղարկել սահման` ծառայելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter