Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

«Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի որդու գործով տուժողին, հնարավոր է, հեռակապի միջոցով հարցաքննեն



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվեց «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի կրտսեր որդու՝ Սերժ Վարդանյանի մասնակցությամբ դատական նիստը, որը սկսվել է դեռևս 2014 թվականին:

Խոսքը, հիշեցնենք, 2014-ին տեղի ունեցած խուլիգանության գործի մասին է, որով անցնում են Սերժ Վարդանյանն ու վերջինիս ընկեր Ռոբերտ Հայրապետյանը:

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանն ու Ռոբերտ Հայրապետյանը «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարյան փողոցով երթևեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում` գործով տուժող Շանթ Մագարյանի նկատմամբ բռնություն գործադրելով:

Գործի շրջանակներում նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն այս պահին Վարդանյանը գտնվում է կալանքի տակ, քանի որ 2017-ին խուլիգանության և կողոպուտի վերաբերյալ հարուցված մեկ այլ քրեական գործի շրջանակներում ևս ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ այս անգամ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Այսօրվա դատական նիստին խուլիգանության վերաբերյալ գործի շրջանակներում պարզաբանումներ տվեց փորձագետ, Երևանի դատաբժշկական գիտագործական կենտրոնի բարդ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը: Փորձագետը Սերժ Վարդանյանի և Ռոբերտ Հայրապետյանի մասնակցությամբ գործի շրջանակներում փորձագիտական եզրակացություն էր տվել, և կողմերի մեջ եզրակացության վերաբերյալ որոշակի հարցեր էին առաջացել:

Մասնավորապես՝ այս գործով տուժողը՝ Շանթ Մագարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ մեքենայի մեջ գտնվող անձինք իրեն մոտ 40 մետր քարշ են տվել փողոցով՝ մեքենայի ընթացքի ժամանակ: Շանթ Մագարյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, և նրա մարմնի վրա հայտնաբերվել է միայն մեկ վնասվածք` աջ նախաբազկի շրջանում` արյունազեղման տեսքով, ուստի պաշտպանները ցանկանում էին, որպեսզի փորձագետը պարզաբաներ, թե արդյոք հնարավոր էր տուժողին քարշ տալու արդյունքում նրա մարմնի վրա միայն մեկ վնասվածք հայտնաբերվեր, ինչպես նաև՝ արդյոք կարող էր համեմատաբար թեթև քաշ ունեցող Ռոբերտ Հայրապետյանը մեքենայի ընթացքի ժամանակ քարշ տալ 80-100 կգ քաշով Մագարյանին:

Փորձագետն այսօր դատարանում պարզաբանեց՝ վնասվածքը կարող էր առաջանալ որևէ բութ առարկայի ներգործության հետևանքով: Ինչ վերաբերում է տուժողին քարշ տալուն, ապա փորձագետն այս առնչությամբ նշեց, որ չմարզված մարդը մի ձեռքով չէր կարող պահել 80-100 կգ քաշով անձին և մեքենայի ընթացքի ժամանակ քարշ տալ նրան:

Շանթ Մագարյանն այս պահին Հայաստանում չի գտնվում: Վերջինս գործի դատաքննության ընթացքում մեկ անգամ եկել է Հայաստան, բայց, տեղյակ լինելով դատարանում քննվող գործի շրջանակներում ցուցմունք տալու իր պարտավորության մասին՝ չի ներկայացել:

Այս պահին Մագարյանը բնակվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում: Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը միջնորդեց, որպեսզի դատարանը սահմանված կարգով դիմի ՀՀ գլխավոր դատախազություն՝ կապված տուժողի՝ դատարան ներկայանալու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ԻԻՀ-ից հեռակապի միջոցով նրան հարցաքննելու հարցի հետ: Ըստ դատախազի՝ դատավորի համապատախան գրության առկայության դեպքում Դատախազությունը կարող է դիմել ԻԻՀ-ի դատական մարմիններին: Դատարանը դատախազի միջնորդությունը բավարարեց, և դատական նիստը հետաձգեց:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ