HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դպրոցի տնօրեն ընտրված Ստեփան Ստեփանյանի կարծիքով ԿԳՆ-ն փորձում է այդ պաշտոնում նշանակել իր ցանկալի թեկնածուին

Վայոց ձորի Վերնաշեն համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն ընտրված Ստեփան Ստեփանյանը կարծում է, որ կրթության և գիտության նախարարությունը փորձում է տնօրենի պաշտոնի համար նոր ընտրություն անցկացնել և իր ցանկալի թեկնածուին տնօրեն նշանակել։

Դպրոցի տնօրենի ընտրությունը կայացել է մարտի 12-ին, քանի որ դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանի 65 տարին լրացել էր, և մարզպետը նրան թույլատրել էր պաշտոնավարել մինչ հունվարի 8-ը։

Տնօրենի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ նույն դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Ստեփան Ստեփանյանը և Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարանի տնօրեն Վահան Աբրահամյանը:

Ընտրության արդյունքում հաղթող է ճանաչվել Ստեփան Ստեփանյանը: Նրա օգտին քվեարկել է դպրոցի կառավարման խորհրդի 5 անդամ, իսկ Վահան Աբրահամյանը հավաքել է 3 ձայն:

Ընտրությունից հետո Վահան Աբրահամյանը բողոք է ներկայացրել կրթության և գիտության նախարարություն՝ հայտնելով, որ դպրոցի կառավարման խորհրդի ութերորդ անդամը՝ Արեքնազ Մկրտչյանը, սխալ է ընտրվել, նրա ընտրության արձանագրություններում կան անճշտություններ, նշված չէ, թե Մկրտչյանի օգտին քանի հոգի է քվեարկել, բացի այդ՝ խորհրդի անդամ Արեքնազ Մկրտչյանը դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանի հարսն է:

Ստեփան Ստեփանյանն ասում է՝ այսօր դպրոցում տեղի ունեցած հանդիպմանը կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ Արսեն Բաղդասարյանը և Անահիտ Մուրադյանը իրեն առաջարկել են հրաժարվել ընտրության արդյունքներից, որպեսզի դպրոցի տնօրենի նոր ընտրություն և մրցույթ նշանակվի։

«Ամեն ձև՝ նախարարությունից, վերևից ճնշում են, որ այս մարդուն դարձնեն տնօրեն»,-«Հետք»-ի հետ զրույցում նշեց Ստեփան Ստեփանյանը:  

Ստեփանյանն ասում է՝ Վահան Աբրահամյանը ևս խոստովանել է, որ կրթության և գիտության նախարարությունը «իրեն թիկունք է», նախարարությունում Արշակյան ազգանունով մտերիմ ունի, ով իրեն հովանավորում է:

Մինչ այս ընտրությունը՝ հունվարի 8-ին, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի որոշմամբ Վահան Աբրահամյանը նշանակվել էր դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Ստեփանյանի փոխանցմամբ՝ համայնքը ըմբոստացել է, դպրոցի աշակերտները երկու օր դասի չեն հաճախել, քանի որ մարզպետը, առանց համայնքի կարծիքը հարցնելու, այդ պաշտոնում նշանակել է ոչ համայնքի ներկայացուցչի:

«Անձամբ ես դիմել եմ մարզպետին, խնդրել եմ՝ ինձ նշանակի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն մերժել է, ասել է՝ մենք պայմանավորվածություն ունենք, պետք է նշանակենք կոնկրետ անձի: Կոնկրետ անձն էլ նախկին վարժարանի տնօրեն է եղել: Վարժարանը լուծարվել է, այն միացվել է ավագ դպրոցին, ինքն էլ չի ցանկացել ավագ դպրոցում աշխատել, խնդրել է, առաջարկել է, չգիտեմ՝ ինչ է արել, որ իրեն տեղափոխեն Վերնաշենի դպրոց»,- նշեց Ստեփանյանը:  

Ստեփան Ստեփանյանը 1989 թվականից աշխատում է Վերնաշենի դպրոցում՝ որպես աշխարհագրության ուսուցիչ, ապա՝ փոխտնօրեն, որից հետո դպրոցի աշակերտների թվի պակասի պատճառով փոխտնօրենի հաստիքը կրճատվել է, և Ստեփանյանը վերադարձել է աշխարհագրության ուսուցչի աշխատանքին:

Նախկինում Արեքնազ Մկրտչյանի փոխարեն կառավարման խորհրդի անդամ է եղել Ստեփան Ստեփանյանը, սակայն երբ տեղեկացել է, որ դպրոցի տնօրենի մրցույթ է լինելու, դեկտեմբերի 15-ին դիմում է ներկայացրել դպրոցի կառավարման խորհուրդ՝ դրա կազմից դուրս գալու և տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով:  

Դեկտեմբերի 23-ին Ստեփանյանն ազատվել է դպրոցի կառավարման խորհրդի անդամի պաշտոնից, և նրան փոխարինել է դպրոցի տնօրենի հարսը՝ Մկրտչյան Արեքնազը: Խորհրդի անդամի թեկնածու է եղել նաև Մկրտչյան Իրինան, սակայն վերջինս հավաքել է 4 ձայն, իսկ Արեքնազը՝ 14 ձայն: Սակայն արձանագրությունը թերի է կազմվել, չի նշվել, թե յուրաքանչյուր թեկնածուի օգտին քանի հոգի է քվեարկել, որի պատճառով էլ առաջացել է այս խնդիրը:

«Հստակ չի նշվել ձայների քանակը, բայց եղել է պարզ մեծամասնություն՝ Արեքնազ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել, դարձել է խորհրդի անդամ: Արձանագրությունը ներկայացրել ենք մարզպետարան, մարզպետարանի ներկայացուցիչները դժկամությամբ, չէին ուզում հաստատել խորհրդի կազմը, որովհետև նշանակված պաշտոնակատարի կողմնակիցներն էին»,- ասում է Ստեփան Ստեփանյանը:

Հունվարի 12-ին Ստեփանյանը, դպրոցի կառավարման խորհրդի անդամներն ու ուսուցիչները հանդիպել են մարզպետի հետ՝ դպրոցի կառավարման խորհրդի նոր կազմը հաստատելու համար: Նրա փոխանցմամբ՝ մարզպետի ներկայությամբ քննարկվել է նաև այն հարցը, որ կառավարման խորհրդի նոր անդամն արդեն դպրոցի նախկին տնօրենի հարսն է, սակայն Ստեփանյանի խոսքով՝ մարզպետն ասել է՝ լավ, հաստատեք կազմը, էդպես էլ թող գնա: Այդ օրը մարզպետը ութ անդամներով կառավարման խորհրդի նոր կազմը հաստատել է:

Ստեփան Ստեփանյանը կարծում է, որ այս բողոքարկումով փորձում են չեղյալ համարել ութերորդ անդամի ընտրությունը, դպրոցի տնօրենի նոր մրցույթ հայտարարել, որպեսզի Վահան Աբրահամյանն ընտրվի դպրոցի տնօրենի պաշտոնում:

«Նոր մրցույթի համար ունեն լծակներ, որոնք կարող են օգտագործել և իրենց օգտին տեղափոխել»,- կարծում է նա:

Ստեփան Ստեփանյանի հաղորդմամբ՝ մրցույթի օրը ԿԳՆ-ի լիազոր ներկայացուցիչը եկել է դպրոց, արձանագրել, որ մրցույթը բնականոն կերպով է անցնում, խախտումներ տեղի չեն ունեցում և տվել է դրական եզրակացություն:

«Հետք»-ի հետ զրույցում Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և uպորտի վարչության առաջատար մասնագետ Ավագ Գաբրիելյանը նշեց, որ նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրում է առկա փաստաթղթերը: Մասնագետի փոխանցմամբ՝ Վահան Աբրահամյանը փաստեր է ներկայացրել ԿԳՆ նախարարին, որի հիման վրա էլ ստեղծվել է հանձնաժողովը: Բողոքարկման փաստերը վերաբերել են դպրոցի տնօրենի և խորհրդի անդամի ընտրություններին: Մասնագետի փոխանցմամբ՝ փաստաթղթերի ուսումնասիրությունն այսօր երեկոյան կավարտվի, և արդյունքները կներկայացվեն նախարար Լևոն Մկրտչյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter