HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Տրանզիտ եւ արտասահմանյան համարանիշերով ավտոմեքենաների արկածները Հայաստանում

Ճանապարհային ոստիկանության տվյալների բազայում, ինչպես նաեւ երթեւեկության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների պրակտիկայում ֆանտաստիկ փաստեր կան այն մասին, թե ինչ էր կատարվում Հայաստանի ճանապարհներին մինչեւ արտասահմանյան եւ տրանզիտ պետհամարանիշերով ավտոմեքենաների նկատմամբ վարչական վարույթ կիրառելը:

Ավելի ճիշտ կլինի ասել՝ դրա վերաբերյալ հստակ պատկերացում կազմվեց արդեն այն ժամանակ, երբ վարչական վարույթ սկսվեց կիրառվել:

1,5 միլիոնի խախտում՝ մեկ օրում

Արդեն հունվարի 1-ից հետո, երբ արտասահմանյան եւ տրանզիտ պետհամարանիշերով ավտոմեքենաները սկսեցին տուգանվել, գրանցվել են դեպքեր, երբ արագության գերազանցումը եղել է 80 կմ/ժ-ից ավելի: Համապատասխան տուգանքը՝ 500 հազար դրամ: Կամ՝ երբ վարորդներից մեկը, վարելով տրանզիտ համարներով ավտոմեքենա, ընդամենը մեկ օրվա ընթացքում կատարել է 1,5 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ խախտումներ: Իսկ ընդամենը մի քանի օրվա ընթացքում նրա կատարած խախտումների ընդհանուր տուգանքը կազմել է 3,5 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող եւ արագաչափ սարքերով արձանագրված խախտումների հիման վրա վարչական վարույթ հարուցելու պահանջ առաջին հերթին դրվել էր քաղաքացիական հասարակության կողմից: Վարորդների իրավունքներով զբաղվող կազմակերպությունները, ակտիվ վարորդները կոնկրետ օրինակներով, դեպքերով ցույց էին տալիս դրա անհրաժեշտությունը: Ճանապարհային ոստիկանության կողմից այդ պահանջին ընթացք տալու արդյունքում, 2018 թվականի առաջին օրերին, երբ վարորդներից շատերը տեղյակ չէին փոփոխությունից, արձանագրվել են շատ խոշոր խախտումներ:

Օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաների նկատմամբ, մարտի 6-ի դրությամբ, կայացվել է 20 հազար 74 ակտ, որը կազմում է ընդհանուր տուգանքների մոտ 5 տոկոսը: 20074-ից 8820-ը Հայաստանում գրանցված ավտոմեքենաներ են, իսկ 11254-ը՝ օտարերկրացիներ, որոնք Հայաստանի քաղաքացիություն չունեն: Տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 108 միլիոն դրամ:

ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իրավախախտումների որոշումները օտարերկրյա քաղաքացիություն ունեցող վարորդներին ներկայացվում են սահմանային անցակետերից ելք իրականացնելու ժամանակ, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ փոստային ծանուցմամբ կամ ավտոմեքենայի վերահաշվառման ժամանակ:

Արմեն Խաչատրյանը

«Մինչեւ այս փոփոխությունը, օրվա ընթացքում արտասահմանյան եւ տրանզիտ պետհամարանիշերով ավտոմեքենաների նկատմամբ օրական կազմվում էր միջինը 2500 ակտ՝ միայն արագաչափ սարքով: Իսկ տեսախցիկներով չէին արձանագրում, քանի որ վարչարարություն չէր իրականացվում: Չնայած արագաչափերով արձանագրված խախտումները նույնպես վերջնական հաշվով ակտ չէին դառնում, բայց հնարավոր էր լինում հասկանալ, թե ինչ է կատարվում ճանապարհներին: 

Վարչարարությունը սկսելուց հետո, այսօր արդեն արագաչափ սարքերով եւ տեսախցիկներով կազմվում է միջինը 500 իրավախախտում: Սա արդեն մեծ դրական արդյունք է, քանի որ մեր նպատակը իրավախախտումները, հետեւաբար նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելն է»,- ասում է ՃՈ պետի տեղակալը:

Նրա խոսքով՝ այս ընթացքում արձանագրվել է մի քանի 500 հազար դրամանոց խախտում: Կան դեպքեր, երբ նույն անձը Բագրատաշենի սահմանակետից մինչեւ Երեւան տեղադրված բոլոր արագաչափերի մոտով անցել է արագության գերազանցումով: Նրանցից ոմանք ներկայացել են Ճանապարհային ոստիկանություն՝ պատճառաբանել, որ վարչարարությունից տեղյակ չեն եղել: ՃՈ-ն հրաժարվել է չեղարկել ակտերը:

Այստեղ կարող եք դիտել տեսանյութ, թե ինչպես է ռուսական համարանիշերով ավտոմեքենայի վարորդը խախտում երթեւեկության կանոնները, արգելված վայրում վազանց կատարում՝ արդյունքում վթարի ենթարկվելով:

«Տեսեք վարորդների հոգեբանությունը. եթե տեղյակ չեն, որ իրենց նկատմամբ տույժ է կիրառվելու, պարտադիր գերազանցում են արագությունը: Անգամ շատ մեծ ցանկություն ունենալու դեպքում՝ մենք այդ ակտերը բեկանելու իրավական հիմք չունենք»,- ասում է Խաչատրյանը:

Իրավիճակից հիմնականում դժգոհ են խոշոր ավտոներկրողները, քանի որ ներկրված ավտոմեքենաները մեծ չափի տուգանքներ են կուտակել: Ներկրողները բանակցել են ոստիկանության հետ, փորձել հասնել բեկանման: ՃՈ պետի տեղակալը նշեց, որ առավելագույնը, ինչ կարող էին առաջարկել ներկրողներին, տույժի մարման ժամանակացույց սահմանելն է:

Փակ պետհամարանիշերը՝ փորձանք ու փրկություն

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքացիական դաշտում դրական է գնահատվում արտասահմանյան եւ տրանզիտ պետհամարանիշերով ավտոմեքենաների նկատմամբ վարչարարություն կիրառելը: Սակայն, Ղահրամանյանի խոսքով, նրանք նույնպես սկսել են կիրառել տեղական համարանիշերով ավտոմեքենաների վարորդների կողմից մասսայաբար կիրառվող «հնարքը»՝ համարանիշը ծածկում են լաթի կտորով, լազերային սկավառակով, թղթով, ինչով ասես, եւ վարում են՝ ինչպես կամենում են:

Սերգեյ Ղահրամանյանը

«Ոստիկանությունը կարողացավ կարճաժամկետ խնդիր լուծել, բայց երբ բոլորը տեղեկացան, որ խախտումների համար արդեն տուգանվում են, սկսել են պետհամարանիշերը ծածկել: Եթե ոստիկանությունը սա չկանգնեցնի, Հայաստանի ճանապարհներին, հատկապես Երեւանի փողոցներում, վտանգավոր երթեւեկությունը շարունակվելու է»,- ասում է Սերգեյ Ղահրամանյանը:

Արմեն Խաչատրյանը, խոսելով այս խնդրի մասին, ասում է. «Այս արատավոր պրակտիկան սկսեց կիրառվել տեսախցիկների եւ արագաչափ սարքերի գործարկումից հետո: Մինչ այդ, նման խախտումներ շատ քիչ են նկատվել: Ինքնին համարանիշը փակելը կամ անընթեռնելի դարձնելը վարչական իրավախախտում է, եւ դա հայտնաբերելու դեպքում կիրառվում է տույժ: Բանն այն է, որ եթե խախտումները արձանագրվում են սարքերով, եւ ոչ՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից, դժվար է կազմել վարչական արձանագրություն: Տուգանքի չափը 10 հազար դրամ է: Ուղղակի խախտումներն այնքան շատ են լինում, որ ոչ բոլորն է հնարավոր լինում արձանագրել: Պետք է նույնականացում արվի: Փորձում ենք տրանսպորտային միջոցի վրա առկա լրացուցիչ հատկանիշներով հայտնաբերենք խախտում իրականացնողին, նույնականացնենք»:

ՃՈ պետի տեղակալը նկատել է, թե ինչպես են վարորդները իրավախախտումը «հարմարեցնում» եղանակային պայմաններին: Աշնանը պետհամարանիշը չոր տերեւով են փակում, ձմռանը՝ ձյունով: Պետհամարանիշերը փակել «սիրում են» հատկապես տաքսու վարորդները, որոնք մայրաքաղաքում օրվա մեջ մի քանի ժամ, մինչեւ 200 կիլոմետր վարում են, շատ տուգանվում:

«Հետք»-ի հետ զրույցում նրանք չէին թաքցնում, որ գիտակցաբար օրենք են խախտում: Հիմնական պատճառաբանությունը հետեւյալն է. «Հո մեր աշխատածը պետությանը չե՞նք տալու»: Պետհամարանիշերը փակած ավտոմեքենաների մեծ խմբեր կան Աբովյան փողոցում, Երիտասարդական մետրոյի շրջակայքում: Խախտումները հիմանականում կատարվում են տաքսիստների կողմից:

ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ առաջիկայում ոստիկանությունը լայնամասշտաբ միջոցառումներ է ձեռնարկելու այս ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter