HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Երթևեկության կանոնների խախտում՝ ՊՆ մեքենայով. ոստիկանությունը դժվարանում է ասել՝ արդյոք այն արձանագրվել է

«Հետք»-ի ընթերցողը շաբաթներ առաջ նամակ էր գրել խմբագրությանը՝ կցելով պաշտպանության նախարարության համարանիշով ավտոմեքենայի լուսանկար՝ երթևեկության կանոնների խախտման պահին: Մեքենան, ինչպես գրել է ընթերցողը, փակել էր Սարյան փողոցի հետիոտնային անցումներից մեկը, մինչ պաշտոնյան կանգնած էր մեքենայի մոտ և զրուցում էր ինչ-որ մեկի հետ:

Պարզելու համար, թե արդյոք նշված խախտումը արձանագրվել է ոստիկանության կողմից, «Հետք»-ը հարցում էր ուղարկել ոստիկանությանը: Վերջինս հստակ չի պատասխանել՝ արդյոք խախտումն արձանագրվել է, իսկ վարորդը՝ տուգանվել: Փոխարենը, ոստիկանության պատասխանում մեջբերումներ են արված համապատասխան  օրենքներից:

Պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության ու փրկարարական ծառայության հանրապետական գործադիր մարմինների ծառայողները, զինծառայողներն ու զորահավաքի կանչված զինապարտները, ըստ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանքի չեն ենթարկվում (ընդգծումը՝ հեղինակի), եթե իրավախախտումը կատարվել է ծառայողական տրանսպորտային միջոցներով: Փոխարենը, նշված անձինք վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական պատասխանատվություն, երբ այդ խախտման արձանագրությունը ուղարկվում է համապատասխան կառույցին, այս դեպքում՝ պաշտպանության նախարարությանը:

Այսպիսով, պարզ է, որ մեքենայի վարորդը տուգանքի չի ենթարկվել, իսկ կարգապահական պատասխանատվության հարցը պետք է որոշի ՊՆ-ը, եթե խախտումն ընդհանրապես արձանագրվել է:

«Հետք»-ին ուղարկված լուսանկարի հեղինակը նշում է, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մեքենայի վարորդին հրահանգել են շարժվել և հետիոտներին թույլ տալ օգտվել անցումից, բայց վարորդը չի ենթարկվել:

Պարզաբանելով խախտումն արձանագրելու հարցը՝ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն ասում է, որ այն վայրերում, որտեղ տեսանկարահանում է իրականացվում, ճանապարհապարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները արձանագրություն չեն կազմում: ՃՈ մասնագետները լուսանկարից չեն կարողանում եզրակացնել, թե որ խաչմերուկն է պատկերված, որպեսզի իմանան՝ արդյոք այն տեսանկարվում է:

Ամեն դեպքում, նույնիսկ եթե տարածքում տեսախցիկներ կան, նշված դեպքը գտնելը, Արմեն Խաչատրյանի խոսքով, շատ դժվար կլինի, քանի որ ծառայողական մեքենաներով կատարված խախտումները ոստիկանությունում չեն հաշվառվում, այլ ուղարկվում են համապատասխան կառույցին, այս դեպքում՝ ՊՆ ռազմական ոստիկանությանը:

Լուսանկարում պատկերվածն ըստ երևույթին Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենա է: Յոթ ուղևորների համար նախատեսված այս մեքենայի գինը, համաձայն ինտերնետում եղած տեղեկությունների, 40-60 հազար դոլար է: Արտադրվում է 2004 թվականից: Toyota-ի երևանյան սրահում այս մոդելի մեքենաների գինը սկսվել է 33 հազար դոլարից:

Toyota Fortuner մեքենան / www.toyotabharat.com/showroom/fortuner/

Պաշտպանության նախարարությունը «Հետք»-ին պատասխանել է, որ մեքենան ՊՆ-ի միջոցներով չի գնվել: Թե ում է սպասարկում այն, նախարարությունը համարում է գաղտնիք, սակայն հայտնում է, որ ՊՆ0652Մ զինհամարանիշով մեքենան ամրացված է «Երևանում տեղակայված N զորամասերին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի գործունեության շրջանակում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter