ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Թե ինչպես են Դաշտաքարի «պարոն բանջարն» ու սիբեխը հասնում Երևանի «Սասունցի Դավիթ» կայարան


Ուրցաձորից Դաշտաքար տանող ճանապարհի եզրին ծաղկավոր զգեստով կինը, պարբերաբար կռանալ-բարձրանալով, արագ քայլերով շարժվում է:

Նրա գործողությունները պարզ են դառնում ինձ համար, երբ մոտենում եմ. կռանալիս կինը դանակը խրում է հողի մեջ ու բանջարն արմատահան անում:

-Ի՞նչ եք հավաքում,- հարցնում եմ:

-Պարոն բանջար (Խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ուտելի բանջար-Ք.Ա.) ու սիբեխ,- ասում է նա:

Դաշտաքարցի Ալվարդ Բարսեղյանն է: 66 տարեկան է, բայց փոքր-ինչ կռացած ուսերը, դեմքի կնճիռների խորը ակոսներն ավելի մեծ տարիք են հաղորդում նրան:

Երկրից գոհ է Ալվարդը, չի տրտնջում, չնայած երեք տղաներն էլ խոպան են գնում ապրուստը վաստակելու համար: Ինքն էլ սեզոնին բանջար է հավաքում, որ Երևանում վաճառի:

«Հիմա ամենքն իրան է քաշում, այ բալա ջան, հիմա ի՞նչ իմանանք՝ ով ինչ է, կարևորը ես լավ եմ»,- ասում է նա:

Արարատի մարզի Դաշտաքար գյուղը Երևանից 56 կմ է հեռու, 3,5 կմ էլ՝ Վեդի քաղաքից: Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, մասնավորապես՝ բուսաբուծությունը: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, որոշ չափով` նաև հացահատիկ:

-Մեր գյուղը փոքր գյուղ է, սաղն էլ հավաքում են բանջար,- ասում է տատը:

-Սիբե՞խն է օգտակար, թե՞ պարոն բանջարը,- հարցնում եմ:

-Ես էդի չգիտեմ, սաղն էլ օգտակար են, բայց էդի էկել է մեր պապերից, տանում ուտում են, գիտեմ, որ ուտելիք է՝ սպիտակ բանջար, բոխի…,- շարունակում է նա:

-Էս փողոցի վրայի՞ց եք քաղում, մենք էլ Երևանում գիտենք՝ մաքուր-զուլալ սարերից քաղած բանջար ենք ուտում,- հակադարձում եմ Ալվարդին:

-Քուր, ստեղրանք լավն են, ստեղրանք մաքուր են, ի՞նչ է էղել էս տեղին, որ կեղտոտ լինի,- արդարանում է տիկին Ալվարդը:

Եթե տեղանքը բարեբեր է լինում, Ալվարդն օրական 20 կգ հավաքում է: Կիլոգրամը 600-700 դրամով Երևանի Սասունցի Դավիթ կայարանում իրացնում է:

Ուսապարկ դարձրած պոլիէթիլենային պարկն ուսից, մյուսն էլ՝ կողքից է կախել: Բայց այսօր պարկի հատակն է լցրել միայն՝ ժամը 12-ից մինչեւ 17-ը հավաքելով:  

Ալվարդը բերրի հողերն էլ գիտի՝ Ուրցաձորից վերև են այդ տարածքները: «Սաղ տեղն էլ բանջար է, Աստծո ստեղծած բանջարն է, Աստված ձրի տվել է, գնացեք հավաքեք,- ասում է նա: -Մեր գյուղից Ուրցաձոր 7 կմ է, գյուղին չեմ հասել, բայց էդտեղից հավաքում եմ: Գարունը բացվում է, ելնում ենք դաշտ՝ մի քիչ բանջար հավաքում, բերում ենք՝ ուտելու համար, ծախելու համար: Ա´յ, Զատկի ժամանակ կհավաքեմ, լավ ծախվում է»:

Սիբեխ ու «պարոն բանջար» հավաքելը Ալվարդի միակ զբաղմունքը չէ: Քաղհանի, բերքահավաքի, դաշտային այլ աշխատանքների ևս մասնակցում է: Պարապ մնալ չի սիրում:

Ընթացքում զանգում են Ալվարդի բջջային հեռախոսին: «Էսի տղերքն են բերել»,- չարչարվում է՝ միացնելու ստեղնի վրա մատը մի քանի անգամ սեղմելով: Հեռախոսազանգին դժվարությամբ, բայց կարողանում է պատասխանել:  

«Հըն, գալիս եմ, գալիս եմ: Ժիրոն զանգեց, որ հետևիցս գար, բայց ես հավաքելով եմ գալիս»,-հեռախոսազրույցն ավարտում է Ալվարդը:

Նրան առաջարկում ենք տուն հասցնել՝ գյուղը Երևանի ճանապարհին է: Հրաժարվում է: Ասում է՝ ուզում է դեռ մի քիչ էլ հավաքել: «Էսքան շուտ գնամ տուն, ի՞նչ անեմ»,- արդարանում է նա:

-Սպասե, մե քիչ լցնեմ տար հետդ,- հրաժեշտին ասում է Ալվարդը:- Բայց տելեվիզրի մեջ մի քից, թոռներս տենան, ասեն՝ տատին բոմժ է դարձել,- ամաչում է Ալվարդ տատը:

-Բանջար հավաքելը բոմժությո՞ւն է:  

-Է~, ամոթ է, այ բալամ:

-Ասում եք՝ սաղ գյուղը հավաքում է: Ամոթ բաներով եք, փաստորեն, զբաղվում գյուղացիներով:

 Ծիծաղում է:


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (1)
1. Մինաս17:26 - 25 մարտի, 2018
Լավ հոդված է հարգելի Քրիստինե! Իսկ ինչպես ավարտվեց Արմանիսի հանքի հետ կապված լսումը, որը պիտի լիներ Մարտի 19-ին: Որեւէ տեղեկություն ունեք այդ մասին?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։